ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստան - Իսրայել. համատեղ ծրագրեր և մտավախություններ

kremlin.ru

Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, որն այս անգամ խորհրդանշական էր: Նեթանյահուի այցը նվիրված էր Ռուսաստանի և Իսրայելի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակին: Հանդիպումից հետո կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման մակարդակից՝ շեշտը դնելով երկու երկրների միջև պատմամշակութային կապերի և դրանց հետագա զարգացման վրա:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Ռուսաստանն ու Իսրայելը մի շարք համաձայնագրեր են ստորագրել սոցիալական ապահովության, մաքսային կարգավորման և էներեգտիկ համագործակցության ոլորտներում, հայտնում է TASS գործակալությունը: Նեթանյահուն ռուսական ընկերություններին հրավիրել է մասնակցել Իսրայելում էներգետիկ ծրագրերին՝ նշելով, որ դրա ճանապարհին բոլոր օրենսդրական սահմանափակումները վերացվել են:

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Իսրայելի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու հաստատման հարցի շուրջ բանակցությունները կսկսվեն այս տարի, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Ինչ վերաբերում է միջազգային և տարածաշրջանային խնդիրներին, ապա դրանց թվում առանցքային նշանակություն ունեն ահաբեկչության դեմ պայքարը (Սիրիայում տիրող իրավիճակը) և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Երկու հարցերում էլ Ռուսաստանի զգալի ներգրավվածությունը լրացուցիչ կարևորություն է հաղորդում կողմերի դիրքորոշումների համաձայնեցմանը:

Ռուսաստանը մտադիր է ամրապնդել Իսրայելի հետ փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ այս հարցում «Իսրայելը Ռուսաստանի միանշանակ դաշնակիցն է»: Նշենք, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում, և հատկապես ճգնաժամում Ռուսաստանի ուղղակի ներգրավվածությունից հետո Ռուսաստանն ու Իսրայելն ամեն կերպ փորձում են խուսափել հնարավոր բախումներից:

Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան նպաստելու է հակամարտության կարգավորմանը: Նշենք, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի հետ «մերձավորարևելյան քառյակի» անդամ է: Հունիսի 3-ին Փարիզում Ֆրանսիայի նախաձեռնությամբ միջազգային համաժողով կայացավ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը վերսկսելու համար: Հատուկ ուշադրություն հատկացվեց այս գործընթացում «մերձավորարևելյան քառյակի» առանձնահատուկ դերակատարությանը: Մինչև այս տարվա ավարտը նախատեսվում է ևս մեկ նման համաժողով հրավիրել: Իսրայելը դեմ  է բանակցությունների նման բազմակող ձևաչափին՝ նախապատվությունը տալով ուղղակի բանակցություններին: Հետևաբար, այս տեսանկյունից ևս ռուսական կողմի հետ բանակցություններն առանցքային նշանակություն ունեն Իսրայելի համար:

Չի բացառվում նաև, որ բանակցությունների ընթացքում քննարկված լինեն նաև երկու երկրների հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Իսրայելում մտավախություն ունեն, որ Անկարան Թել Ավիվի հետ հարաբերությունները կարգավորում է ռուս-թուրքական լարվածության պատճառով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: