ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի այցը Չինաստան. ինչպիսի՞ն են ակնկալիքները

orientalreview.org

Հունիսի 25-ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան: Այցի կարևորությունը երևում է նրանում, որ դրա նախապատրաստական աշխատանքները գնում են արդեն կես տարի. տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ:

Այցի հիմնական թեման նավթն է:

Վերջին շրջանում ՉԺՀ արտահանվող ռուսական նավթի չափը կեսով ավելացել է, և Ռուսաստանը դարձել է Չինաստան՝ նավթի խոշորագույն մատակարարը: Պեկինը զգալիորեն կրճատել է Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը և մտադիր է գնել «Ռոսնեֆտ» ռուսական պետական կորպորացիայի բաժնետոմսերի 19,5%-ը: Ի դեպ, չինական մամուլում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ նավթի առևտրում Ռուսաստանն անցնելու է յուանի օգտագործմանը:

Նավթից բացի, կարևոր բանակցություններ են սպասվում ռուսական զենքի գնման թեմայով. Չինաստանը ցանկանում է ձեռք բերել С-400 հակաօդային պաշտպանության ժամանակակից կայանքներ և Су-35 կործանիչներ:

Լուրջ բանակցություններ են ընթանալու ռուսական «Մեծ Եվրասիա» և չինական «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությունների համադրման թեմայով, ինչի վերաբերյալ նախնական բանակցություններ արդեն նախատեսված են հունիսի 23-24-ին Ուզբեկստանում կայանալիք Համագործակցության շանհայյան կազմակերպության գագաթաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Մեծ Եվրասիա» նախագիծը Եվրասիական տնտեսական միության ընդլայնված տարբերակն է՝ ներառելով ասիական երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանին: Իսկ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի»-ն ենթադրում է լայնածավալ ենթակառուցվածքային շինարարություն Չինաստան-Եվրոպա, Չինաստան-Արաբական երկրներ ցամաքային միջանցքի ստեղծման շրջանակներում, որի համաձայն նախատեսվում է տարածաշրջանի երկրների խորն ինտեգրում չինական տնտեսության հետ:

Երկու երկրների ղեկավարների միջև քննարկվելու են նաև Մոսկվա-Պեկին արագընթաց երթուղու մեգանախագիծը, Հյուսիսային ծովային ճանապարհի համատեղ օգտագործումը, «Բելկոմուր» երկաթուղու կառուցումը և այլն:

Երկու կողմերը պետք է աշխատեն նաև ապրանքաշրջանառությունը մեծացնելու վրա: Բանն այն է, որ, չնայած ռուս-չինական առևտրի ֆիզիկական ծավալների աճին, ռուբլու արժեզրկումը հանգեցրել է Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության կրճատմանն ավելի քան 1/3-ով՝ 100մլրդ դոլարից այն 2015թ. հասել է 64 միլիարդի:

Մինչև հիմա Ռուսաստանն ու Չինաստանը միմյանց աջակցել են միջազգային տարբեր կառույցներում, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, մասնավորապես՝ Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հարավչինական ծովում Չինաստանի գործողություններին: ՌԴ-ն նաև չինական Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի խոշորագույն բաժնետերերից մեկն է հանդիսանում, ԲՌԻԿՍ-ի զարգացման բանկի անդամ է:

Այս ամենը ցույց է տալիս, թե վերջին տասնամյակում ինչպես են սերտացել չին-ռուսական հարաբերությունները: Շատերն այն դիտարկում են որպես «հաշվենկատ ամուսնություն», սակայն Պեկինի և Մոսկվայի գնահատականով, իրենց հարաբերությունները գտնվում են պատմական գագաթնակետի վրա:

Երկու երկրները լուծել են պատմականորեն վիճարկելի հարցերի մեծ մասը, մասնավորապես, սահմանների նշագծումը, ինչպես նաև նախաձեռնել և հաջողությամբ ստեղծել են առաջին բազմակողմ տարածաշրջանային կառույցը՝ Համագործակցության շանհայյան կազմակերպությունը (ՀՇԿ): 2011թ. Չինաստանը դարձավ Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերը: Միայն 2014թ. Ռուսաստանում չինական ներդրումներն աճել են 80%-ով: Եթե 1990-ականների սկզբին երկկողմ առևտրի ծավալը մոտ 5 մլրդ դոլար էր, ապա 2014-ին՝ 100մլրդ: Նույն տարի նրանք մի կարևոր պայմանագիր ստորագրեցին գազատարի շինյարարության մասին, որի համաձայն 2018-ից Չինաստան կուղարկվի տարեկան 38մլրդ խոր.մ ռուսական բնական գազ:

Չինաստանը դարձել է ռուսական սպառազինության խոշորագույն ներկրողներից մեկը: Վերջին 10 տարիների ընթացքում երկկողմ հիմունքներով կամ ՀՇԿ հովանու ներքո անցկացվել են ահաբեկչության դեմ պայքարի սցենարով ավելի քան 12 համատեղ զորավարժություն: Տնտեսական և ռազմական կապերի ամրապնդման հետ մեկտեղ ակտիվանում են նաև քաղաքական կապերը: 2013թ. ի վեր Սի Ծինփինը և Պուտինը հանդիպել են 13 անգամ:

Ռուսաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր ռազմավարական տեսլական, որն ուղղված է միաբևեռ գլոբալ հասարակարգի դեմ: Նրանք գտնում են, որ ԱՄՆ-ը հարաբերական անկում է ապրում, իսկ աշխարհն արդեն բազմաբևեռ է դարձել:

Չինական մշակույթը հեգեմոնություն չի ընդունում: Նա, ով համաշխարհային կառավարման ոլորտում հավակնում է մոնոպոլիայի, իրականում իր համար նման հնարավորությունը վերացնում է: Որ անկյունից էլ նայենք, Պեկինի արտաքին քաղաքականությունը երեք հարյուր տարում առաջին անգամ կարող է դառնալ արևմտյան մոդելներին նշանակալից այլընտրանք: Ինչ էլ նա լինի՝ «փափուկ պանդա արջուկ», թե «կրակ արտանետող վիշապ», միևնույնն է, տնտեսական-քաղաքական ուժի արագ աճը ցույց է տալիս, որ մի երկիր, որն Արևմուտքին չի պատկանում, կարող է լինել ավելի ունակ, հզոր և միջազգային ասպարեզում գործելու պատրաստ:

Չինացիները չեն համարում, թե իրենց ուժեղացումն Արևմուտքին մարտահրավեր է նետում: Երկիրն ուղղակի ազգային վերածնման պատմական գործընթաց է ապրում: Իսկ դա նշանակում է, ինչպես գրել է Հենրի Քիսինջերն իր վերջերս հրատարակված գրքում,  «չինական ԴՆԹ-ն վերականգնում է իր դիրքերը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: