ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան միաժամանակ հայացքն ուղղում է դեպի Ռուսաստան, Իսրայել և Եգիպտոս. ինչո՞ւ

Թուրքիան կտրուկ փոխում է իր արտաքին քաղաքականության վեկտորը՝ գրեթե միաժամանակ հարաբերությունների կարգավորման գործընթաց ձեռնարկելով երեք պետությունների՝ Ռուսաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ: Ընդ որում, երեքն էլ առանցքային նշանակություն ունեն Թուրքիայի համար:

Շուրջ 6 տարվա արտաքուստ լարված հարաբերություններից հետո հունիսի 28-ին Թուրքիան և Իսրայելը համաձայնագիր ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին: Նույն օրը Թուրքիայի նորանշանակ վարչապետը հայտարարեց Եգիպտոսի հետ 2013 թվականից վատթարացած հարաբերությունները կարգավորելու Անկարայի պատրաստակամության մասին: Վերջապես, 2015 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ հունիսի 29-ին կայացավ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որն, ըստ էության, դարձավ կողմերի միջև հարաբերությունների կարգավորման մեկնարկ:

Ինչո՞վ է պայմանավորված Անկարայի քաղաքական կուրսի փոփոխութունը: Ինչո՞ւ հենց հիմա:

Այս օրերին ամենաշրջանառվող տեսակետներից է այն, որ Իսրայելի, Եգիպտոսի, ապա նաև Ռուսաստանի հետ առաջացած լարվածությունը կապված էր Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ մինչ այդ նաև արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և նրա մշակած արտաքին քաղաքական հայեցակարգի հետ: Մի շարք վերլուծաբանների կարծիքով Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավորը հենց Դավութօղլուն է, և ցանկանալով փոխել իրավիճակը՝ Թուրքիայի նախագահը հրաժարվում է նրա կուրսից: Այս տեսակետի կողմնակիցները որպես ասվածի ամենավառ ապացույց բերում են ընդամենը վերջերս տեղի ունեցած Դավութօղլուի հրաժարականը՝ որպես Էրդողանի և նրա միջև առկա տարաձայնությունների նշան:

Իհարկե, թուրքական ներկայիս ղեկավարությանը ձեռնտու է, որ երկրի արտաքին քաղաքական ձախողումներն ասոցացվեն հենց Դավութօղլուի անձի հետ, բայց հասկանալի է, որ Թուրքիայում, որտեղ վերջին տարիներին ողջ իշխանությունը կենտրոնացել էր Էրդողանի ձեռքում (չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է), քաղաքական կուրսի փոփոխությունը չի կարելի պայմանավորել Դավութօղլուի անձով: Ըստ էության, թուրքական իշխանությունները հմտորեն օգտագործում են Դավութօղլուի գործոնն արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից խուսափելու համար: Իրականում Ռուսաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից հստակ հաշվարկված քայլ է: 

Ինչո՞վ է պայմանավորված ժամանակային ընտրությունը: Այս հարցում Անկարայի որոշման վրա, հավանաբար, մի քանի գործոններ են ազդել:

Առաջինը, Թուրքիա-Արևմուտք դժվարին հարաբերություններն են: Անկարան  ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ունի էական տարաձայնություններ, որոնք դրսևորվում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական հարցերում: Արևմուտքի և տարածաշրջանային գրեթե բոլոր երկրների հետ հարաբերություններում առաջացած դժվարությունները և/կամ քաղաքական որոշակի մեկուսացումը Թուրքիային ստիպում են հայացքն ուղղել դեպի Արևելք:

Ընդ որում, այստեղ էական նշանակություն ունի նաև տնտեսական գործոնը: 2013 թվականին Ռուսաստանը երկրորդն էր Թուրքիայի արտաքին խոշորագույն առևտրական գործընկերների շարքում: Ռուս-թուրքական լարվածությունը զգալի հարված հասցրեց երկու երկրների տնտեսական հարաբերություններին, ինչն ամենավառ կերպով դրսևորվեց Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի վրա:

Նույն տրամաբանությամբ թուրք-իսրայելական հաշտության հիմքում ընկած են նաև տնտեսական գործոնները (չնայած այն հանգամանքին, որ թուրք-իսրայելական ճգնաժամի տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կրկնապատկվել է՝ 2,6 միլիարդից հասնելով  5,4 միլիարդի): Ստորագրված փոստաթուղթը նոր հնարավորություններ է ստեղծում, մասնավորապես, իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար, ինչը զգալի եկամուտներ է բերելու երկու կողմերին էլ:

Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա Թուրքիայի համար Եգիպտոսը խոշորագույն շուկա է իր 90 միլիոն բնակչությամբ: Բացի այդ, Եգիպտոսը նաև Թուրքիայի դարպասն է դեպի Աֆրիկա (աֆրիկյան ուղղությանը վերջին շրջանում թուրքական ղեկավարության առանցքային ուղղություններից է), իսկ թուրք-եգիպտական ճգնաժամի արդյունքում լուրջ դժվարություններ են առաջացել Եգիպտոսի տարածքով թուրքական ապրանքներն աֆրիկյան պետություններ հասցնելու հարցում: Ի վերջո, Թուրքիան չի կարող հաշվի չնստել արաբական աշխարհի առաջատարի հետ, որը չնայած վերջին տարիների վայրիվերումներին՝ շարունակում է որպես այդպիսին ներկայանալ և ընկալվել: Այսինքն, թուրքական արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը  Թուրքիայի արձագանքն է ոչ միայն քաղաքական մեկուսացմանը, այլ նաև տնտեսական կորուստներին: 

Երկրորդ, չի բացառվում, որ քաղականության փոփոխությունը ոչ միայն ձախողումների հետևանք է, այլ նաև ծրագրված որոշակի գործողությունների համար հիմքի նախապատրաստում: Հնարավոր է, որ Անկարան մի շարք գործողություններ է ծրագրել, որոնց իրականացման հարցում նրան պետք է գալու այս 3 երկրների աջակցությունը: Նման հնարավոր գործողություն կարող է լինել, օրինակ, Սիրիայի հյուսիսից որոշակի հատվածի բռնակցումը Թուրքիային (այս հարցն արդեն երկար ժամանակ գտնվում է թուրքական ղեկավարության օրակարգում), որի համար, ինչպես Էրդողանը վերջերս հայտարարեց, «Թուրքիան դեռ ցանկալի աջակցություն չի ստացել իր դաշնակիցներից և մասնավորապես՝ նրանցից, ովքեր զորքեր ունեն տարածաշրջանում»: Այս տեսանկյունից Սիրիայում ռազմական լուրջ կոնտինգենտ ունեցող Ռուսաստանի հետ դիրքորոշումների համաձայնեցումն ավելի քան անհրաժեշտ է դառնում:  Հնարավոր գործողությունների ուղղվածությունը հասկանալու համար կարելի է նայել նաև Անկարայի քաղաքականությանը երկրի ներսում(ավտորիտար իշխանության ամրապնդում, պատերազմ քրդերի դեմ և այլն), և այդ հարցերում առավել կոշտ քայլերի պարագայում արտաքին աջակցություն կամ չեզոքություն ապահովելու անհրաժեշտությանը: Այս տեսանկյունից պատահական չէ, որ լարվածության անգամ ամենասուր պահերին էլ Թուրքիան խուսափել է մինչև վերջ գնալուց՝ պատուհան թողնելով երկխոսության համար:

Երրորդ, հնարավոր է, որ այս կերպ Թուրքիան փորձում է կանխել իր դեմ ուղղված հնարավոր ավելի վտանգավոր քայլերը: Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ Ռուսաստանի գործողությունները սահմանափակվելու էին միայն պատժամիջոցներով, կամ որ Եգիպտոսը, աստիճանաբար ուշքի գալով «արաբական գարնան» հետևանքներից, ավելի ակտիվ քայլեր չէր ձեռնարկելու իսլամական, առավել ևս արաբական աշխարհում Թուրքիայի՝ սեփական դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքականության դեմ:

Թուրքիան, ըստ էության, անցնում է արտաքին քաղաքական նոր փուլի, որը գերազանցապես հիմնված է լինելու realpolitik-ի, այլ ոչ թե գաղափարական սկզբունքների վրա:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար ռուս-թուրքական հարաբերությունների կարևորությունը՝ հաջորդ նյութում անդրադարձ կկատարվի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վերականգնմանը, Հայաստանի համար դրանից բխող մարտահրավերներին և հնարավորություններին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: