ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս է Չինաստանը պայքարում ահաբեկիչների դեմ

20րդ դարի վերջին փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ մոլորակում, որն արտահայտվել է ահաբեկչության սպառնալիքի ուժեղացմամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը դնելով միջազգային քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունների շարքում:

Չինաստանը շատ լավ ծանոթ է ահաբեկչության հետ, քանի որ նրա արևմտյան Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում (որտեղ բնակվում է ՉԺՀ մուսուլմանական բնակչության ավելի քան կեսը) գործում են այնպիսի ահաբեկչական խմբեր, ինչպիսիք են «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը», «Արևելյան Թուրքեստանի իսլամական ազատագրական կազմակերպությունը» և «Արևելյան Թուրքեստանի տեղեկատվական կենտրոնը», որոնք Չինաստանի տարածքում և մի շարք այլ երկրներում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել, Աֆղանստանում կռվել «Թալիբանի» հետ միասին: Բացի այդ, նրանք նաև հակաչինական քարոզչություն են կատարում արտասահմանում: Չինաստանը կարողացել է հասնել նրան, որ ԱՄՆ-ը «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը ներառել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Երկար տարիներ պայքարելով ույղուրական ահաբեկչության դեմ՝ Չինաստանը բավականին փորձ է կուտակել և դրա դեմ պայքարում է բոլոր ուղղություններով: Պեկինում, Շանհայում, Գուանճոուում և Թյանծինում կազմակերպվել են ահաբեկչության դեմ պայքարի բաժիններ, իսկ Շանհայի ռազմական ոստիկանությունում՝ հակաահաբեկչական ստորաբաժանում իր ուղղաթիռներով և ժամանակակից կապի միջոցներով: Ույղուր ահաբեկիչների դեմ պայքարում օգտագործվում է նաև հետևյալ մարտավարությունը. թույլ չտալ, որ տարբեր ցաքուցրիվ խմբեր միավորվեն, ընդլայնվեն:

Չինակամ իշխանություները նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ են կատարել:  2001-ին Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ են արվել, որոնք վերաբերվում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցող անձանց: Օրինակ, սիբիրախտի պալարների օգտագործմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար նախատեսված է մահապատիժ: Նրան, ով ահաբեկչական խմբավորման անդամներին կառաջարկի օգտագործել իր բանկային հաշիվը կամ կաջակցի նրանց արտասահման գումար փոխանցելու հարցում, սպասում է 5-10 տարվա ազատազրկում: Իսկ ով նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կամ նրանց մասին սուտ տեղեկություն տրամադրում, նրան հասնում է 5 տարվա ազատազրկում, դրամական տուգանք կամ ունեցվածքի բռնագրավում:

Չին իշխանությունները ահաբեկիչների դեմ բավականին հաճախ են օգտագործում մահապատիժը, ինչի պատճառով դատապարտվում են միջազգային հանրության կողմից: Ի պատասխան դրան հայտնվում է, որ ներկա  պահին Չինաստանը պատրաստ չէ հրաժարվել մահապատժից, քանի որ այն անհրաժեշտ է հանցավորությունը կանխելու և երկրում հասարակական կարգն ամրապնդելու համար:

2015թ. վերջին Չինաստանում ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք, որը զգալիորեն ուժեղացնում է համացանցը վերահսկելու՝ պետական մարմինների լիազորությունները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սուր քննադատության է ենթարկել այս օրենքը, ասելով, որ այն ստիպում է օտարերկրյա ընկերություններին գաղտնի տեղեկություններ փոխանցել ՉԺՀ կառավարությանը, ինչպես նաև մեխանիզմներ է ստեղծում, որոնք թույլ են տալիս լրտեսել և հետևել համացանցի բոլոր օգտատերերին:

Ըստ այս օրենքի առանձին դրույթների, որոնք առնչվում են համացանցում անվտանգությանը, հեռախոսային և համացանցային կապի պրովայդերները պետք է չին իշխանություններին փոխանցեն տեղեկատվության գաղտնագրման կոդերը, ինչպես նաև օգտատերերի գաղտնաբառերը: Բացի այդ, հեռահաղորդակցման ընկերությունները պետք է տեղադրեն սերվերները և օգտատերերի անձնական տվյալներով այլ սարքավորումները միայն Չինաստանի տարածքում:

Ահաբեկչության դեմ պայքարի օրենքի համաձայն, չի թույլատրվում նույնիսկ «կրոնական ծայրահեղականության հետ կապված» լոգոներով և խորհրդանշաններով հագուստ կրել:

Փաստորեն նոր քրեական օրենսդրությունը խստացնում է ահաբեկչության նկատմամբ մոտեցումը և հիմնական ուշադրությունը փոխանցում է ահաբեկչական գործողությունների կանխարգելման, այլ ոչ թե արդեն կատարված հանցագործությունների մեղավորներին պատժելու վրա:

Իսկ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Չինաստանը կողքից դիտողի դիրք չի գրավում: Այն Համագործակցության շանհայյան կազմակերպության անդամ է, որի առաջնահերթ խնդիրներից է պայքարն ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ:

Չինաստանն ակտիվորեն սեփական տեսակետն է արտահայտում յուրաքանչյուր ահաբեկչական գործողության նկատմամբ, հայտարարելով, որ չինական կառավարությունը հանդես է գալիս ահաբեկչության ցանկացած ձևի դեմ և մտադիր է ամրապնդել համագործակցությունը միջազգային հանրության հետ՝ ահաբեկչությանը հարված հասցնելու համար: Պեկինը ահաբեկչության զոհ դարձած երկրին ցավակցություն է հայտնում, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերում:

Ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՉԺՀ քաղաքացիների կարծիքին, ապա այն, երկրի առանձնահատկությունից ելնելով, չի տարբերվում պետության պաշտոնական կարծիքից: Չինացիները հավանություն են տալիս այս հարցի առնչությամբ երկրի ղեկավարների ցանկացած քայլին:  Իր հերթին, ՉԺՀ կառավարությունն էլ բնակչությանը ներգրավում է ահաբեկչության դեմ պայքարում: Օրինակ, 2008թ. Պեկինյան օլիմպիադայի ժամանակ բնակչությանը խրախուսելու համակարգ ներմուծվեց՝ ահաբեկչական գործողությունների մասին ցանկացած տեղեկատվություն տրամադրելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: