ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը կրկին ընդլայնում է իր լիազորությունները

trend.az

Այսօր՝ հուլիսի 25-ին, Ադրբեջանի Սահմանադրական դատարանը լիագումար նիստի ժամանակ հաստատել է երկրի Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվում է հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի հիման վրա: Մասնավորապես, առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների ու առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով: Ընդ որում, առաջարկվող փոփոխություններով, մինչև նոր նախագահի ընտրությունները, նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը նախատեսվում է վարչապետից փոխանցել առաջին փոխնախագահին:

Բացի այդ, առաջարկվում է փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»: Բացի այդ, նախատեսվում է ուղղումներ անել 101-րդ հոդվածում, որի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կհասցվի 7 տարվա, ինչպես նաև Ադրբեջանի նախագահն իրավունք կստանա հայտարարելու նախագահական արտահերթ ընտրություններ:

Օրենսդրական ուղղումներն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի:

Նախատեսվում է, որ այս փոփոխությունների շուրջ հանրաքվեն տեղի կունենա ընթացիկ տարում: Բաքվի պնդմամբ՝ այդ փոփոխությունները կծառայեն երկրում պետական և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը: Սակայն, ադրբեջանական ընդդիմության, ինչպես նաև փորձագիտական շրջանակների պնդումների համաձայն` առաջարկվող փոփոխությունները կոչված են երկրում նախագահի ռեժիմի և ավտորիտարիզմի ամրապնդմանը և կհանգեցնեն մարդու իրավունքների լուրջ խախտումների: Այսպես, Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող խորհուրդը հուլիսի 19-ին կայացած իր արտակարգ նիստի ժամանակ խոր մտահոգություն է հայտնել իր լիազորությունները ընդլայնելուն ուղղված նախագահի այս նախաձեռնության կապակցությամբ և ընդգծել են, որ այդ փոփոխություններն իրականում էլ ավելի են թուլացնում երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը:

«Արդեն երկար տարիներ իշխանությունները պարբերաբար փոփոխություններ են մտցնում Սահմանադրությունում, ինչը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ էլ ավելի խստացնել հասարակության նկատմամբ հսկողությունը, թույլ չտալ երկրի ժողովրդավար կառավարումը», - ասվում է հիմնական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության հայտարարությունում (նշենք, որ Ադրբեջանում սամանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջին հանրաքվեն կայացել է 2009 թվականին. այն ժամանակ քվեարկության էր դրվել միևնույն անձի ավելի քան երկու անգամ նախագահ ընտրվելու հարցը): Փորձագետ Ֆուադ Ագաևի կարիծքով՝ առաջարկվող փոփոխություններտ բացասական ազդեցություն կունենան երկրում մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, ինչպես նաև իշխանության տարանջատման վրա և կնպաստեն ժողովրդի իշխանության սահմանափակմանը;

Միևնույն ժամանակ նշվում է, որ լիազորությունների վերաբաշխումը հօգուտ նախագահական ռեժիմի ներիշխանական տարաձայնություններ կառաջացնի, քանի որ Ալիևն այդ փոփոխությունների շնորհիվ ոչ միայն ամրապնդում է իր իշխանությունը երկրում, այլ նաև իր թիմի ներսում. ի տարբերություն վարչապետի, ում թեկնածությունը հաստատում է խորհրդարանը, առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ նախագահը՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու այդ թեկնածությունը:

Այս տեսանկյունից հետաքրքիր է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման ժամկետը. Ալիևի հրամանագրից ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի  համար շատ հարցերում ուղեցույց հանդիսացող Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչն էլ ենթադրվում է Ալիևի մոտ սեփական իշխանությունն այդ թվում նաև մերձավոր շրջապատում ամրապնդելու անհրաժեշտություն է առաջացրել:

Ինչ վերաբերում է արտաքին ուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշմանն այս հարցի շուրջ, ապա հարկ է նշել, որ վերջիններիս ավելի շատ հետաքրքրում է ոչ թե Ադրբեջանի ժողովրդավարական ուղով զարգանալը, այլ երկրում կայունության պահպանումը, քանի որ էներգետիկ ծրագրերի իրականացման դեպքում Ադրբեջանը վերջիններիս համար ռազմավարական նշանակություն է ձեռք բերում;

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: