ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքական գծի մեջ էական փոփոխություններ չեն լինի

Վերջին շրջանում բավականին մեծ լարվածություն է նկատվում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, որի առավել վառ դրսևորումներից դարձավ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին Բաքու խորհրդակցությունների կանչելը: Նման քայլի համար առիթ հանդիսացավ The Washington Post պարբերականում հրապարակված Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչի և Մաքքեյնի անվան մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերի հոդվածը: Նյութի հեղինակները կոչ էին անում ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ այնտեղ մարդու իրավունքների խախտումների հետ կապված, ինչը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների համար լինելով բավականին ցավոտ թեմա, բուռն արձագանք առաջացրեց:

Պետք է այնուամենայնիվ նշել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների նման լարվածության համար կային մի շարք «նախադրյալներ»:

Առաջին՝ Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններին ընդառաջ կրկին մեծ թափ են ստացել բռնաճնշումներն ու հիմնականում այն ակտիվիստների, լրագրողների ձերբակալությունները, ովքեր կոչ էին անում Ադրբեջանի հասարակությանը դեմ քվեարկել փոփոխություններին: Բռնաճնշումների նման մեծ ալիքը չվրիպեց ԱՄՆ ուշադրությունից, և պետդեպարտամենտը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ: Սա իր հերթին հանգեցրեց բացահայտ հակաարևմտյան տրամադրությունների Ադրբեջանի իշխող կլանում, և վերջինիս թիրախում սկսեցին հայտնվել Ադրբեջանում գործող արևմտյան ֆոնդերը: USAID, NED, EED և այլ հայտնի կազմակերպություններ սկսեցին մեղադրվել Ադրբեջանում ընդդիմադիրներին ֆինանսավորելու մեջ, ինչը, ըստ Ադրբեջանի, սպառնում է երկրի կայունությանը:

Երկրորդ՝ ԱՄՆ-ն կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Իր հերթին Վենետիկի հանձնաժողովը ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ կապված եզրակացություն կազմել՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը կրում է չափազանց սահմանափակ բնույթ: Այս ամենից հետո նախագիծը Վենետիկի հանձնաժողով չներկայացնել, մանավանդ որ դրա՝ ոչ ժողովրդավար լինելու վերաբերյալ քննարկումները շարունակվում էին, կնշանակեր հայտնվել քննադատությունների ևս մեկ ալիքի տակ: Այլ հարց է, թե որքանով հաշվի կառնվի Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացվելիք եզրակացությունը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում ամենաքննադատվող կետերից են երկրի նախագահի լիազորությունների ընդլայնումը, պաշտոնավարման տարիների երկարացումը և նախագահի թեկնածուի համար նախատեսված նվազագույն տարիքային շեմի իջեցումը:

Ճիշտ է՝ դեռ հանրաքվեից հետո էլ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կպահպանվի ՝ հաշվի առնելով սպասվելիք արդյունքները և դրան հասնելու համար օգտագործված գործիքները, սակայն ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ունեցած շահերն ու Ադրբեջանի նավթադոլարները, որոնք գոնե առ այսօր հարցեր են լուծում, «կխանգարեն» Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքական գծի մեջ էական փոփոխություններ մտցնել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: