ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

25-ամյա անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորը

25 տարի առաջ հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ «այո» ասելով անկախությանը, և ձեռնամուխ եղավ երրորդ հանրապետության կերտմանը: Ձգտելով բարձրացնել իր միջազգային ներգրավվածության աստիճանը և հարաբերությունները կառուցել գործընկերության հիմքի վրա՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի 157 երկրների հետ (2013 թվականի տվյալներով), 87 միջազգային կազմակերպության անդամ է, արտերկրում 61 դիվանագիտական ներկայացուցչություն է գործում:

Բացառություն չի կազմում նաև մերձավորարևելյան տարածաշրջանը, որը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ իր կարևոր տեղն ունի: Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում Մերձավոր Արևելքի ավանդական գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը, բազմաբնույթ կապերի ստեղծումը համարվում է առաջնահերթություններից մեկը:

Մերձավոր Արևելքի երկրների հետ ամուր հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ` Հայաստանը մերձավորարևելյան տարածաշրջանի անմիջական հարևան է, և հարևան տարածաշրջանում տիրող անկայունությունը կամ դրա ազդեցության հնարավորությունը անտեսել չի կարելի: Երկրորդ` այնտեղ ծավալվող գործընթացներն էական ազդեցություն ունեն միջազգային քաղաքականության վրա, և Հայաստանը չի կարող անմասն մնալ հարևան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից: Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են նաև այնտեղ հայկական համայնքների դարավոր առկայությամբ, որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեն տարածաշրջանի քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում:

Հենց այս առաջնահերթությունները նկատառելով՝ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ: Ընդ որում, համագործակցության շրջանակը շատ լայն է՝ քաղաքականից մինչև առևտրատնտեսական և մշակութային:

Իհարկե, դժվար է մերձավորարևելյան տարածաշրջանի մասին խոսել որպես մեկ միասնական միավորի: Տարածաշրջանի երկրների հետ ունեցած Հայաստանի հարաբերություններն ու դրանց օրակարգը տարբեր երկրների պարագայում տարբեր են: Փորձենք պայմանականորեն մերձավորարևելյան երկրները բաժանել 3 խմբի և հասկանալ դրանցից յուրաքանչյուրի հետ հաստատված հարաբերությունների խորությունը, օրակարգում առկա հարցերը, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորությունները:

Առավել սերտ հարաբերություններ հաստատվել են, առաջին հերթին՝ Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի, Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄԷ-ի հետ: Այս խմբի երկրների հետ համագործակցության օրակարգը ներառում է ինչպես քաղաքական երկխոսություն, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական փոխգործակցություն և այլն: 2010 թվականից մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ակտիվ զարգացումները լուրջ մարտահրավերներ ստեղծեցին Հայաստանի համար այս երկրների հետ համագործակցության տեմպը պահպանելու և խորացնելու տեսանկյունից: Ընդ որում, յուրաքանչյուր երկրի պարագայում խնդիրների համախումբը խիստ տարբեր է: Եթե Եգիպտոսի (Մերձավոր Արևելքում ՀՀ առաջին դեսպանությունը հիմնվել է Եգիպտոսում 1992 թվականին) պարագայում խնդիր է դրված քաղաքական ամուր կապեր հաստատել 2013 թվականին իշխանության եկած ուժերի հետ և Եգիպտոսի կառավարության կողմից տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով գործադրվող ջանքերի շրջանակներում համագործակցության ճիշտ ձևաչափ գտնել, ապա Սիրիայի պարագայում այս պահին առաջնայինը փոփոխվող իրավիճակում ճիշտ կողմնորոշվելը, ավանդական կապերի պահպանումն ու սիրիահայերի ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Նույն կերպ, եթե Իրանի դեպքում առաջնային թիրախ է օգտագործել պատժամիջոցներից ազատվող Իրանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները (այդ թվում նաև ԵԱՏՄ-ի հետ հնարավոր համագործակցության համատեքստում), ապա Իսրայելի պարագայում անհրաժեշտ է առավել խորացնել հարաբերությունները քաղաքական դաշտում, քանի որ այս պահին Իսրայելի հետ հարաբերությունները զարգանում են ավելի շատ տնտեսական, գիտակրթական ոլորտներում:

Երկրորդ խմբում կարելի է ներառել Հյուսիսային Աֆրիկայի (Մարոկկո, Ալժիր, Լիբիա, Եթովպիա, Էրիտրեա, Թունիս, Սուդան) և Պարսից ծոցի երկրներին (Քուվեյթ, Կատար, Օման, Բահրեյն): Այս երկրների հետ համագործակցության օրակարգը ներառում է հիմնականում առևտրատնտեսական հարցեր, բայց նրանց հետ հարաբերությունների խորացման հնարավորությունն իրականում հեռանկարային է, քանի որ դրան խորչընդոտող որևէ լուրջ խնդիր, ըստ էության, չկա: Ընդ որում, հաշվի առնելով այս երկրների գերակշիռ մասի ռեսուրսներն ու այն հանգամանքը, որ նրանց արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է կապիտալի արտահանումը, ավելի քան իրատեսական է նրանց հետ համագործակցության խորացումը հատկապես ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հարցում:

Եվ, վերջապես, երրորդ խմբում այն երկրներն են, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, օրինակ` Պակիստանն ու Սաուդյան Արաբիան: Վաղուց արդեն ժամանակն է ակտիվ քայլեր ձեռնարկելու այս երկրների հետ հարաբերվելու համար համապատասխան ձևաչափեր գտնելու ուղղությամբ, այդ թվում նաև տարբեր հարթակներում Հայաստանի դեմ նրանց թշնամական գործելաոճը չեզոքացնելու համար: Նույն Սաուդյան Արաբիայի պարագայում դա կարելի է իրականացնել այդ թվում նաև Ծոցի մյուս միապետությունների, օրինակ` ԱՄԷ-ի և Քուվեյթի հետ ունեցած համեմատաբար ավելի ամուր կապերի միջոցով: 

Մերձավոր Արևելքի երկրներում, 2010 թվականից սկսված, իշխանափոխություններն ու տիրող պատերազմական իրավիճակը զգալի հարված հասցրին ավանդական գործընկերների հետ ունեցած Հայաստանի համագործակցությանը, ինչպես նաև տեղի հայկական համայնքների ներուժին և ունեցած ազդեցությանը: Տարածաշրջանում աստիճանաբար խորացող բացական միտումներն իրենց ազդեցությունն են գործում: Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղականության զգալի աճն այսօր սպառնում է հայկական համայնքների անվտանգությանն ու ֆիզիկական գոյությանը:

Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի գործուն քայլերի հետևանքով նկատվում է ևս մեկ բացասական միտում, որը վտանգավոր է ինչպես մերձավորարևելյան երկրների հետ ՀՀ հարաբերությունների պահպանման և զարգացման, այնպես էլ այդ երկրներում հայերի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Խոսքն այն մասին է, որ որպես հարթակ օգտագործելով իսլամական մի շարք կազմակերպություններ՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են թշնամանքի պատրանք ստեղծել Հայաստանի և իսլամական աշխարհի միջև, ինչը, իհարկե, անտրամաբանական է՝ հաշվի առնելով իսլամական բազմաթիվ երկրների հետ Հայաստանի ունեցած ամուր հարաբերությունները:

Ամփոփելով նշենք, որ հաշվի առնելով մերձավորարեևլյան տարածաշրջանի կարևորությունը՝ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել ամուր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ հստակ գիտակցելով աշխարահաքաղաքական նոր իրողություններում մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրի հետ հետևողական աշխատանքի և առանձին մոտեցման անհրաժեշտությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: