ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախությունը համառ պայքար է, և յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ պայքարին. միջազգային իրավունքի մասնագետ

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա ՏՎԳ»-ն ներկայացնում է հարցազրույց «Ի Էլ էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ:

 

 

 

 

Պարո´ն Սիմոնյան, այս օրերին տոնում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Դուք` որպես իրավունքի մասնագետ, ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այս տարիների ընթացքում կայացել ՀՀ-ն` որպես իրավական պետություն, որքանով են երաշխավորված մարդու իրավունքներն ու ազատությունները ՀՀ-ում:

- Իրավական պետություն ձևավորելու համար 25 տարին կարճ ժամանակ է, քանի որ «իրավական պետություն» ասվածը կենդանի գաղափար է, որքան շատ քայլեր են արվում դրա ձևավորման ուղղությամբ, այնքան պահանջներն էլ շատանում են: Այս առումով այն հեռացող հորիզոնի է նման: Իրավական պետություն ձևավորելու նախնական պահանջները, որոնցից է, օրինակ, իրավունքը արտացոլող օրենսդրություն ունենալը, միգուցե ապահովված է, սակայն երկրորդ պահանջը այդ օրենսդրությունն իրապես կենսագործելն է, որտեղ, կարծում եմ, խնդիրներ կան, և աշխատանք դեռ շատ կա անելու: Առհասարակ չեմ կարծում, թե լինի ինչ-որ փուլ, որտեղ կարող ենք ասել, թե կատարելապես կայացել է իրավական պետությունը, որովհետև դա շարժուն, դինամիկ գործընթաց է: Կարող եմ ասել, որ իրավական պետության կայացվածության համար այս 25 տարիների ընթացքում բավական քայլեր արվել են, այսօր մենք ունենք քիչ թե շատ ձևավորված օրենսդրություն, ունենք դատական համակարգ, որը կառուցողական առումով կայացած է, սակայն բովանդակային առումով կայացվածության փորձերի մեջ է, ունենք կառավարման համակարգ, որը նոր փորձության պետք է ենթարկվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Կարծում եմ՝ սերնդափոխությունն ապահովելուց հետո կարող ենք արձանագրել, որ բովանդակային առումով էլ դատական համակարգը համապատասխանում է իրավական պետության նվազագույն չափանիշներին:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանվածության մակարդակին, ապա համեմատած տասը-քսան տարի առաջ տիրող իրավիճակի հետ` բնականաբար պետք է նշենք, որ շատ ավելի բարձր է պաշտպանվածության մակարդակը: Իհարկե, միանշանակ կան խնդիրներ, որոնք մեզ թույլ չեն տալիս ասել, որ մարդու իրավունքներն ու ազատությունները կատարելապես երաշխավորված են Հայաստանում: Սակայն այդ նույն խնդիրները կան նաև բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ մեզնից շատ ավելի զարգացած պետություններում: Ամեն դեպքում կարծում եմ, որ արդյունավետ, դրական աշխատանքի պարագայում այդ խնդիրներն էլ կամաց-կամաց կլուծվեն: Ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների բնագավառում զարգացման միտումը Հայաստանում դրական կարող եմ գնահատել, բայց ահռելի մեծ աշխատանք է մեզ սպասվում, որպեսզի հաղթահարենք առկա խնդիրները, որոնք, որպես պրակտիկ իրավաբան` կարող եմ ասել, որ ամենուր են:

- Անկախության 25-ամյակի առթիվ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Նախ շնորհավորում եմ բոլորիս անկախության 25-ամյակի կապակցությամբ: Դա կարևորագույն արժեքներից մեկն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր կյանքի ընթացքում ունենալ և վայելել: Մեր սերունդն այն երջանիկներից է, որ այդ հնարավորությունը ունի: Մեր հայրենակիցներին մաղթում եմ, որ յուրաքանչյուրը կարողանա գիտակցել այդ անկախության արժեքը և անկախության ամբողջ ներուժը կարողանա ըստ արժանվույն օգտագործել և երբեք չհիասթափվել մեր պետության ներսում առկա այն խնդիրներից, որոնք շատ դեպքերում կարող են խոչընդոտել մեր պատկերացրած կատարյալ անկախ հայրենիք ունենալու գաղափարին, որովհետև անկախությունը գործընթաց է, համառ պայքար է, և յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ պայքարին: Մաղթում եմ, որպեսզի մեր գիտակցությունը, հնարավորություններն ու ցանկությունները համապատասխանեն նրան, որ մենք կառուցենք այն անկախ Հայաստանը, որի մասին երազում ենք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: