ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք այսօր ստեղծում ենք այն արժեքները, որի կրողը Անկախ Հայաստանն է․ Սերգեյ Սմբատյան

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Անկախության սերունդ» համահայկական նախագծի մասին հայ դիրիժոր, ջութակահար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ:

 

- Կխնդրեի ներկայացնել «Անկախության սերունդ» համահայկական նախագիծը։

- Նախագիծն ինքնին արդեն խոսում է շատ մեծ բանի մասին: Ցավոք սրտի, մենք գրեթե միշտ անցյալ ժամանակով ենք խոսում բարձր արժեքների մասին: Մենք միշտ խոսում ենք այն բանի մասին, թե ինչպիսին ենք եղել, ինչպես ենք պատկերացրել, թե ինչպիսին են եղել մեր հերոսները: Բայց, փառք Աստծո, մենք ունենք այսօրվա հերոսներ, որոնք հայ են, և ավելին` ես հպարտ եմ, որ մենք այսօր ստեղծում ենք այն արժեքները, որի կրողը Անկախ Հայաստանն է:

Նախապատրաստվել է այն նախագիծը, այն ձևաչափը, որ կներկայացվի սեպտեմբերի 21-ին: Արժեք է այն, որ մեր երկիրն իր անկախությունը կտոնի դասական երաժշտությամբ: Մենք ունենք բացառիկ սերունդ: Արտերկրից որևէ ներկայացուցիչ ներգրավված չէ նախագծում: Մենք ունենք այն եռանդը, այն պաշարը, այն գիտելիքները, որոնք առկա են ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Եվ նախագիծը կկայանա հենց այն հերոսների շնորհիվ, ովքեր ապրում են ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Նրանց ինքնամոռաց աշխատանքի և ջանքերի շնորհիվ այդ երեկոն կլինի Նոր Հայաստանի, կայացած արժեքի, կայացած սերնդի, կայացած երաժիշտների համահայաստանյան տոն:

- Դիտելով փորձը, լսելով ստեղծագործությունները` տպավորություն ստեղծվեց, որ այն արտացոլում է 25-ամյա անկախ Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծում ներգրավված են տարբեր տարիքի երեխաներ և երիտասարդներ՝ սկսած 9 տարեկանից մինչև 25, հետաքրքիր է՝ արդյո՞ք նախքան ստեղծագործությունները սովորեցնելը նրանց հետ անցկացվել են հոգեբանական և ճանաչողական զրույցներ:

- Հաշվի առնելով նախագծի տարիքային առանձնահատկությունը՝ բավականին երկար աշխատանք է տարվել այդ ուղղությամբ: Գեղարվեստական կոլեկտիվ աշխատանքը շատ մեծ թիմային արվեստ է: Մի բան է, երբ երաժիշտները 40-ից 50 տարեկան են, մեկ այլ բան է, երբ 20-ից 35, և ընդհանրապես այլ բան է, երբ մասնակիցները 9-25 տարեկան են: Եղել են նախապատրաստական երկար աշխատանքներ, և հիմնական շեշտը դրվել է այն բանի վրա, որ «դուք եք այն երաժիշտները, որ պատիվ ունեք լինել այդ օրվա ամենակարևոր բեմում և ներկայացնել «Հայաստան» արժեքը»: Մեր ամբողջ թիմը շատ լավ գիտակցում և պատկերացնում էր, թե ինչպես է պետք ստեղծել այն կոլեկտիվը, որը պետք է շատ ակտիվ աշխատի, և կարծում եմ, որ դա ստացվեց:

Եթե մարդիկ պատրաստ են հաղթահարել շատ դժվարություններ, ապա պատրաստ են նաև ընկալել այն ինֆորմացիան, որը կարող է բավականին բարդ լինել: Այս աշխատանքը մենք սկսել ենք դեռևս մայիսից, սակայն արդեն փետրվար ամսից, մենք պատկերացնում էինք, թե ինչպես պետք է աշխատի այն ահռելի մեխանիզմը, որը կկարողանա միավորել 1000 երաժշտի մեկ բեմում: Ի սկզբանե թե´ նախագծի կազմակերպչական և թե´ երաժիշտների կատարողական աշխատանքի սանդղակը շատ բարձր է դրվել, ինչին երաժիշտներն անհատապես շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են վերաբերվել: Եվ դա ինձ համար շատ մեծ ուրախություն է:

- Ցավոք, այսօր մարզերում և ԼՂՀ-ում մշակութային անցուդարձը գրեթե բացակայում է: Կցանկանայի իմանալ` նախագծի մեկնարկից ի վեր արդյո՞ք եղան այնպիսի հոգեբանական բարդույթներ, որոնք մարզերից և ԼՂՀ-ից ժամանած երեխաները չկարողացան հաղթահարել:

- Ես մի քանի վայրկյանով անկեղծանամ Ձեզ հետ: Ընդհանրապես մենք շատ երջանիկ ենք, որ ապրում ենք մի երկրում, որը հնարավորություն է տալիս մեզ առավոտից մինչև ուշ գիշեր անելու այն գործը, որը մենք սիրում ենք: Դա այն մասնագիտությունն է, որին մենք հավատացել ենք դեռևս 4 տարեկան հասակում: Եթե մենք հիմա խոսենք նվագախմբի ամենափոքր երաժշտի մասին, ով 9 տարեկան է, ապա ես կարող եմ վստահաբար ասել, որ մենք հիմա կոլեգաներ ենք: 5 տարի այդ փոքրիկը զբաղվում է երաժշտությամբ, որպեսզի ապագայում դառնա ջութակահար:

Մեր մարզերում և ԼՂՀ-ում, եթե ճիշտը խոսենք, չկա ընդհանրապես անցուդարձ: 25 տարիների ընթացքում չեն ստեղծվել բավականաչափ պայմաններ մարզերում և ԼՂՀ-ում մշակութային կյանքը զարգացնելու համար: Պատճառն այն, է, որ այսօր մեր իրականության մեջ կան բազում խնդիրներ, որոնք անհանգստացնում են մարդկանց և շեղում մշակութային կյանքից: Մեկ համերգի անցկացումը այս կամ այն մարզում դեռևս չի կարող վկայել մշակութային անցուդարձի մասին:

Որպես ՀՀ պետական երիտասարդ նվագախմբի ղեկավար-դիրիժոր` կարող եմ վստահաբար ասել, որ, ցավոք, մենք միակ կոլեկտիվն ենք, որ տարեկան կտրվածքով բազմաթիվ համերգներ է անցկացնում մարզերում: Դա շատ կարևոր է, քանի որ մարզերում կան անհավանական տաղանադավոր երեխաներ, որոնք պետք է նկատվեն և ժամանակին ուղորդվեն ճիշտ մասնագետների կողմից: Բայց դուք չեք էլ կարող պատկերացնել տաղանդի այն պաշարը, որը կա Հայաստանում: Ես նույնիսկ չէի պատկերացնում.. Եթե ինձ դրա մասին պատմեին, ես չէի հավատա, որովհետև հակաբնական երևույթ է այն, որ մարզերում կա այդքան գիտելիք, կա տաղանդ և կա ձգտում:

Բացի այդ` պետք է նշեմ, որ երեխաները շատ դժվարություններ են հաղթահարել այս ընթացքում: Տեղափոխվելով Երևան` նրանք շեղվում են իրենց սովոր միկրոկլիմայից, և դա շատ մեծ «դիսկոմֆորտ» է իրենց համար: Սակայն մեր թիմային աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք այնպես կազմակերպել նրանց հետ աշխատանքը, որպեսզի անգամ ամենափոքր շեղումը իրենց սովոր կենցաղից չխանգարի ընդհանուր աշխատանքին: Եվ այսօր այն երեխաները, ովքեր ժամանել են մարզերից և ԼՂՀ-ից, իրենց շատ լավ են զգում և աշխատում են այդ խմբերում այն մարդկանց հետ, ում հետ դեռ վաղուց են աշխատել: Խմբերը, որոնցում ստեղծագործում են երեխաները, չեն հանդիպել իրար Երևանում: Այդ խմբերով նրանք արդեն իսկ աշխատել են մարզերում: Մի մարզի բնակիչ եղել է մյուսի հյուրը, ապրել են և ստեղծել մի մեծ թիմ: Նախագիծը կայացավ, քանի որ մերօրյա հերոսները հաստատակամ են, գիտեն թե ինչ են ուզում կյանքից, նպատակասլաց են և համարձակ:

- Ինչպիսի՞ն է 25-ամյա Հայաստանի Հանրապետությունը «անկախության սերնդի» աչքերով:

- Նայելով նրանց աչքերին` տեսնում ես այն լույսը, որ ճառագում է հոգուց, և հենց այդ լույսն է, որ վերածվում է երաժշտության՝ հնչեցնելով ուժ, հավատ, համարձակություն և աշխատասիրություն:

- Դուք բավականաչափ ժամանակ ապրել եք և սովորել Լոնդոնում: Կցանկանայի իմանալ` ի՞նչ մշակութային ծրագրեր են իրականացվում Լոնդունում երիտասարդ սերնդին կրթելու և դեռ վաղ տարիքից նրանց մեջ մշակութային արժեքներ սերմանելու համար:

- Լոնդոնը միայն մշակութային քաղաք չէ: Դա այն քաղաքն է, որտեղ ցանկացած քաղաքացու համար իր մշակույթին և պատմությանը ծանոթ լինելն ու տիրապետելը կենսական պահանջ է:

Սակայն հարկ է նշել շատ կարևոր հանգամանք: Իրականում մշակույթը այն ոլորտը չէ, որը պարտադիր կերպով պետք է ունենա պետական ֆինանսավորում: Մեզ նման մարդիկ, ովքեր ապրում են հանուն մշակութային արժեքների պահպանման, պետք է ստանձնեն պատասխանատվություն` մշակույթի այս կամ այն ուղղությունը զարգացնելու համար: Միակ կարևորագույն առանձնահատկությունը, որը կարող ենք փոխառել, և որը զանգվածային բնույթ է կրում Լոնդոնում, դա այն է, որ երեխաները դեռևս դպրոցական տարիքից պարտադիր կերպով հաճախում են թանգարաններ, պատկերասրահներ, հաճախում են դասական երաժշտության համերգների, ծանոթանում են, թե ինչ է իրենից ներկայացնում օպերան և այլն: Ինչ վերաբերում է մերօրյա իրականությանը, ապա այս երևույթը գրեթե չկա: Եվ դա, իհարկե, ցավալի է:

- Ձեր ստեղծագործական ճանապարհին ունեցել եք բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ: Ո՞րն է Ձեզ համար ամենաարժեքավոր ձեռքբերումը։

- Նվագախումբը: Դա մենք ենք ստեղծել` ես և ընկերներս: Ես հպարտանում և պարծենում եմ յուրաքանչյուրով, ով ներկայացնում է ՀՀ պետական երիտասարդական նվագախումբը: Նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք երիտասարդ նվագախումբ: Ձեռքբերում է նաև այն, որ Անկախության տոնը մենք կկարողանանք նշել դասական երաժշտությամբ:

- Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

- Կանգ չառնել երբեք։ Շարժվել միայն առաջ և երբեք հետ չնայել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: