ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոհանին կայցելի Հայաստան. հայ-իրանական հարաբերությունները ներկա փուլում

president.am

Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականի հուլիսին կնքված միջուկային գործարքը նոր փուլ բացեց Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում՝ հնարավորության տալով լիարժեք իրացնել հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժը: Ընդ որում, քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հայ-իրանական կապերն ակտիվացնելու ցանկությունը երկկողմ է:

Նախօրեին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը կոչ է արել ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական դաշտում կապերն ամրապնդելու համար: Հայ-իրանական հարաբերությունները որակելով «պատմական»՝ Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ «Իրանը Հայաստանի մտերիմ ընկերն է»: Իրանական Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ Թումանյանը նշել է, որ չնայած առկա բարիդրացիական հարաբերություններին՝ երկու երկրների միջև առևտուրը ցածր մակարդակի վրա է, այն տարեկան չի գերազանցում 300 միլիոնը:

Իր հերթին, Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրեր առաջ  իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Դեսպանը հույս է հայտնել, որ Ռոհանիի մոտալուտ այցն անկյունադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում: Հայ վերլուծական շրջանակներն էլ ակնկալում են, որ Իրանի նախագահի այցը հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել ինչպես հայ-իրանական հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Ամփոփելով վերջին մեկ տարվա արդյունքները՝ պետք է փաստել, որ ձեռքբերումներ իսկապես եղել են, այլ հարց է, որ դրանք բավարար անվանել չի կարելի: Մասնավորապես, օգոստոսին ուժի մեջ մտավ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ հուշագիրը: Բացի այդ, ինչպես «Ազատության» հետ զրույցում հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, «երկու երկրներն այսօր աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները. «Խոսքը գնում է արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին, որի շահագործման հանձնելուց հետո հայ - իրանական տնտեսական շրջանառությունը հարյուր տոկոսով աճելու է: Կոնկրետ իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը»: Բայց այնպիսի հեռանկարային ոլորտում, ինչպիսին է, օրինակ, ՏՏ ոլորտը, իրանագետի կարծիքով Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտվել Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացումով ընձեռված հնարավորությունից:

Տնտեսական համագործակցությունից բացի հայ-իրանական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է նաև քաղաքական համագործակցությունը: Այս ուղղությամբ ևս կապերն աստիճանաբար ակտիվանում են: Սեպտեմբերի կեսերին Թեհրանում կայացան ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պահպանելով դրական չեզոքություն՝ Իրանը պատրաստակամություն է հայտնում ստանձնելու նաև միջնորդական առաքելություն:

Ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացման ներուժն, իսկապես, շատ մեծ է: Չափազանց կարևոր է այսօր չթուլացնել հարաբերությունների զարգացման տեմպը և օգտվել ընձեռնվող յուրաքանչյուր հնարավորությունից համագործակցությունն ավելի խորացնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: