ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը կրկին ակտիվացրել է ռազմական հռետորաբանությունը

Վերջին օրերին Ղարբաղյան հիմնախնդրի հետ կապված ադրբեջանական կողմից մի շարք ուշագրավ հայտարարություններ հնչեցին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը  ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հերթական անգամ մեղադրեց անարդյունավետ աշխատանքի մեջ՝ սպառնալով, որ «հակամարտության սառեցումը կարող է ցանկացած պահի հանգեցնել թեժ պատերազմի»:

Թերևս կարելի է առանձնացնել Ադրբեջանի կողմից նման հռետորաբանության մի քանի հնարավոր պատճառ: Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ բանակցային գործընթացը բավական ակտիվացել էր, և որոշ գործիչներ իրենց հայտարարություններում անգամ չէին բացառում կարճ ժամկետներում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության ձեռքբերումը: Սակայն այժմ, սիրիական ճգնաժամի շուրջ զարգացումների ֆոնին, Ղարաբաղյան հիմնախնդիրը, կարծես թե, կրկին մղվում է երկրորդ պլան: Այդ մասին է վկայում նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Մոսկվան չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է մոտ ապագայում կարգավորվել: Ստեղծված իրավիճակում Բաքուն իրեն արդեն կաշկանդված չի զգում բանակցություններում կառուցողական երևալու «պարտականությամբ» և, փաստորեն, կրկին վերադառնում է իր ռազմական հռետորաբանությանը:

Երկրորդ, վերադարձը նախկին հռետորաբանությանը պայմանավորված է նաև հանրության մեջ նկատվող տրամադրություններով: Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, ցուցադրված զինտեխնիկան (մասնավորապես` «Իսկանդեր» համակարգերը), ինչպես նաև հայ-ռուսական նոր ռազմական գործարքի մասին շրջանառվող լուրերը բավական լուրջ անհանգստություն են առաջացրել Ադրբեջանի հանրային և քաղաքական շրջանակներում: Նման իրավիճակում ալիևյան կլանը, բնականաբար, պիտի հիշեր տարիներ շարունակ իր կողմից կիրառված ռազմական հռետորաբանություն՝ կրկին խոսելով «աշխարհի ամենահզոր բանակներից» մեկի մասին:

Նախկին հռետորաբանության մասին է խոսում նաև Ալիևի վերջին այն հայտարարությունը, թե Ադրբեջանը պատրաստ է Արցախին «շնորհել» ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Եթե Ալիևի նման հայտարարությունը քարոզչության տակ գտնվող Ադրբեջանի հանրության համար կարող է դիտարկվել որպես «առատաձեռնություն», Հայաստանում և Արցախում դրան վերաբերում են հումորով: Ադրբեջանում պարբերաբար հնչող ռազմական հռետորաբանության, հայաֆոբիայի, ուժի կիրառման սպառնալիքի, սաֆարովների հերոսացման առկայության պարագայում Արցախի՝ Ադրբեջանի մաս դառնալու մասին հնարավորությունն անգամ միջազգային հանրության համար է անընդունելի: 

Ամփոփելով կարող ենք նշել, որ Ադրբեջանի կողմից հնչած նման հայտարարությունները, ըստ էության, հին հռետորաբանության կրկնություն են, որը, կախված ներքին և արտաքին գործոններից, պարբերաբար ակտիվանում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: