ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նորմանադական քառյակ». ձևաչափ՝ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման համա՞ր

sprotyv.info

Մինչև նոյեմբերի վերջ «նորմանդական քառյակի» արտգործնախարարները պետք է Դոնբասի հարցով «ճանապարհային քարտեզ» հաստատեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Բեռլինում «նորմանդական ձևաչափով» բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է BBC-ն։

Հանդիպման արդյունքներով մասնակիցները որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստորագրել, ինչը ծրագրված էլ չէր։ Սակայն կողմերը միասնական կարծիքի են եկել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» կիրառման շուրջ, ինչը կնպաստի Դոնբասում հակամարտության շուտափույթ դեէսկալացիային։

Նշենք, որ Ուկրաինայում հակամամրտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի իրագործման  ամենախնդրահարույց հարցերն են այժմ թերևս Դոնբասում ընտրությունների անցկացման հարցն ու հակամարտող կողմերի անջատման հեռանկարները: Ըստ Մինսկի պայմանավորվածությունների՝ Դոնբասում հակամարտության կարգավորման կետերից մեկը Դոնեցկին և Լուգանսկին իրական հատուկ կարգավիճակ տրամադրելն է, ինչը նախատեսում է օրենսդրության մեջ ամրագրել այդ հատուկ կարգավիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների անցկացման կարգը: Սակայն Կիևում պատրաստ են նման քայլի գնալ միայն այն բանից հետո, երբ Դոնբասում ուկրաինական օրենսդրության համապատասխան ընտրութուններ անցկացվեն, իսկ Դոնբասում էլ պնդում են նախևառաջ հատուկ կարգավիճակի տրամադրման վրա: 

 

Ի՞նչ փուլում է Միսնկի համաձայնագրերի կատարումը

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ընթացքում մեծ հաշվով Մինսկի պայմանավորվածությունների կատարումը մտել էր փակուղի: Մինչ այժմ հիմնական առաջընթացը կողմերին հաջողվել է արձանագրել համաձայնագրերի ռազմական մասի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես շփման գծից զենքի հետ քաշելու հարցում:

Չնայած հնարավոր եղավ պայմանավորվածություն ձեռք բերել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ տեղական ընտրություններն ուկրաինական օրենսդրության համապատասխան անցկացնելու հարցում, Կիևը կատարեց Մինսկի համաձայնագրերով նախատեսված սահմանադրական փոփոխությունների միայն մի մասը՝ կապված Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացման հետ, սակայն համաձայնագրերի քաղաքական, ինչպես նաև տնտեսական և հումանիտար բաղադրիչների իրականացման մասով կողմերին չի հաջողվել առաջընթաց գրանցել:

Դեռևս վաղաժամ է խոսել Ուկրաինայի հարավի հետ սոցիալ-տնտեսական կապերն ամբողջությամբ վերականգնելու, ռազմագերիներին փոխանակելու և մի շարք այլ կետերի իրականացման մասին՝ չնայած կողմերն այս ուղղություններով քայլեր են ձեռնարկում: Միևնույն ժամանակ, կողմերին չի հաջողվում համաձայնության գալ Դոնբասի և Կիևի միջև երկխոսության հաստատման հարցում: Դոնբասի հետ հարաբերություններ հաստատելու համար Կիևը որպես նախապայման առաջ է քաշում Կիևի կողմից Ռուսաստանի հետ արտաքին սահմանի նկատմամբ լիարժեք վերահսկողության հաստատումը: Ի դեպ, Մինսկի համաձայնագրերի այս կարևոր կետի իրականացման ուղղությամբ դեռևս որևէ քայլ չի իրականացվել: Իսկ առանց այս կետի իրականացման ֆորմալ կերպով անհնար է խոսել Մինսկի համաձայնագրերի ամբողջ ծավալով իրականացման մասին:

Եվրոպայի համար ուկրաինական հակամարտությունը կորցնում է ակտուալությունը

 «Նորմանադական քառյակի» առաջնորդները, որոնք վերջին անգամ հանդիպել են 2015 թվականի դեկտեմբերին, բազմիցս հայտարարել են, որ կհանդիպեն՝ եթե Ուկրաինայում հակամարտության կարգավորման իրական հնարավորություն տեսնեն: Սակայն այսօր լուրջ մտահոգություն կա, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարող է ավելի սրվել՝ կապված Մոտորոլա կեղծանվամբ Դոնբասի աշխարհազորայինների առաջնորդի  սպանության հետ: Դրանից խուսափելու համար առաջնորդները որոշել են ամեն դեպքում հանդիպել, կարծում են փորձագետները:

Վերջիններիս կարծիքով՝ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մոտ ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական կամք չկա, քանի որ մեծ թվով մարդիկ չեն զոհվում: Միևնույն ժամանակ, Եվրոպայի համար այս հարցը կարծես թե երկրորդ պլան է մղվել. Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում հարաբերությունների վատացման ֆոնին Եվրոպայում այժմ նախընտրում են ամրացնել սեփական անվտանգությունը՝ հատկապես Մերձբալթյան երկրներում, և խուսափում են Ռուսաստանի հետ ավելորդ առճակատումից:

Թերևս այս մասին է վկայում նաև այն, որ նորմանդական ձևաչափով հանդիպման անցկացման շուրջ քայլերն ակտիվացան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Օլանդ-Պուտին հանդիպումը սիրիական հակամարտության քննարկման համար չի կայանալու: «Նորմանդական քառյակի» հանդիպման շրջանակներում Օլանդը, Մերկելը և Պուտինը քննարկում ունեցան նաև Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Տպավորություն է ստեղծվում, որ այս հանդիպումն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու և տարբեր հարցերի շուրջ համագործակցությունը շարունակելու, քան ուկրաինական ճգնաժամում առաջընթացի հասնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: