ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայուրահատուկ նվերը հերոս հոր կողմից իր որդուն

25 տարի առաջ էր,  երբ փոքրիկ Հարությունը հոկտեմբերի 30-ին իր 5-ամյա հոբելյանի առիթով ստացավ յուրահատուկ նվեր՝ հարազատ Տող գյուղի ազատագրման տեսքով, որն իրեն պարգևեցին հայրը՝ Արմեն Գասպարյանը (Արմենչոն) և հոր զինակից ընկերները: Ցավոք, դա վերջին նվերներից էր, որ Հարությունը ստացավ հորից, քանի որ վերջինս մեկուկես տարի անց՝ 32 տարեկան հասակում, հերոսաբար զոհվեց Հադրութի շրջանի Նորաշենի բարձունքի համար մղվող մարտում: Այսօր Հարությունն է արդեն 30 տարեկան, և շարունակում է հոր գործը՝ ծառայելով ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 30-ին Արմենչոյի մեծ ընտանիքն անպայման այցելում է հարազատ Տող գյուղ և ծաղիկներ դնում գյուղի կենտրոնում կանգնեցված հուշաքարին:

Արմենչոյի կինը՝ Անժելան, հիշում է, որ 25 տարի առաջ այդ օրերին ինքը երեք զավակների հետ գտնվում էր Ստեփանակերտում: Արդեն մի քանի օր է, ինչ ամուսնուց ոչ մի լուր չկար: Մի օր էլ բարեկամներից մեկը եկավ, թե խոսակցություններ են շրջանառվում Տողի ազատագրման մասին և հորդորեց չանհանգստանալ: «Երեք օր անց միայն Արմենը եկավ ու հաստատեց լուրը՝ ասելով, որ գյուղի ազատագրումն իր նվերն է առաջնեկի ծննդյան կապակցությամբ», - պատմում է Անժելան:

Այդ փայլուն գործողության մասին շատ է գրվել և կարիք չկա խոսել դրա մանրամասների մասին, միայն հարկ է նշել, որ, անշուշտ, Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, և կարևոր էր թե՛ ռազմական, թե՛ պատմական տեսանկյունից: Զինակից ընկերները հաստատում են, որ Արմենչոն վստահ էր, որ գործողությունն առանց զոհի է ավարտվելու ու այդպես էլ եղավ: Նա սխալվեց միայն մի բանում՝ ասելով, որ թուրքի գնդակն իրեն չի կպչի, ինչը եղավ նշված գործողությունից մեկուկես տարի անց: Նա հերոս է իր ազգի, հայրենիքի, չնայած, որ նրան չի շնորհվել Արցախի Հերոսի բարձրագույն կոչումը...

Հերոսներին պետք է ճանաչել դեմքով և թույլ չտալ, որպեսզի աղավաղվի պատմությունը:

Երիտասարդ տարիքում կորցնելով ամուսնուն՝ հերոսի կնոջը հաջողվել է չորս երեխաներին տալ ճիշտ դաստիարակություն: Բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն: Երկու զավակները՝ Հարությունն ու Հրայրը ծառայում են պաշտպանության բանակում, երրոդը՝ Հայկը, աչքի է ընկել ապրիլյան քառօրյա պատերազմում ու ցուցաբերած քաջության համար արժանացել Արիության համար մեդալի: Երեք որդիները, մասնակցելով ապրիլյան պատերազմական գործողություններին, ապացուցել են՝ արժանի զավակն են իրենց հերոս հոր, պետության ու ժողովրդի: Իսկ դուստրը՝ Հեղնարը, աշխատում է, ինչպես նաև օգնում է ավագ եղբոր երկու բալիկների խնամքի գործում:

Արմենչոյի մեծ համերաշխ ընտանիքի տան դռները միշտ բաց են ընկերների ու բարեկամների համար: Իսկ բոլորովին վերջերս՝ ընդամենը մեկ ամիս առաջ, Արմենչոյի օջախում լույս աշխարհ եկավ շատ սպասված Արմեն Հարությունի Գասպարյանը՝ յուրահատուկ նվեր արդեն Հարությունի կողմից իր Նինա տատիկին ու մայրիկին:

 

հեղինակ՝ Կարինե Սաֆարյան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: