ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրատեսակա՞ն է արդյոք Իսրայելի լավատեսությունը Թրամփի հարցում

Reuters

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը տարբեր երկրներում տարբեր արձագանք ի հայտ բերեց՝ ոգևորությունից մինչև հիասթափություն: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Թրամփին տեսնելու գաղափարը մեծ ոգևորությամբ ընդունվեց Իսրայելում, որտեղ ակնկալում են, որ Թրամփի հաղթանակը օգնելու է նոր մակարդակի բարձրացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև՝ հաղթահարելով դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում ի հայտ եկած դժվարությունները: Իսրայելում անգամ հայտարարում են, որ Թրամփի հաղթանակից հետո «Պաղեստին պետության դարաշրջանը մնաց անցյալում»: Ինչո՞վ է սա պայմանավորված, և իրատեսակա՞ն են արդյոք նման ակնկալիքները:  

Իսրայելում տիրող լավատեսությունն առնվազն մի քանի պատճառ ունի: Առաջինն, իհարկե, Թրամփի հակաիրանական հռետորաբանությունն է: Դեռևս նախընտրական պայքարի շրջանում Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը «երբևէ բանակցված ամենավատ գործարքն է»` վստահեցնելով, որ այն դառնալու է իր «No. 1 առաջնահերթությունը»: Եվ սա այն դեպքում, երբ Օբաման և նրա պետքարտուղար Ջոն Քերին սա համարում են «պատմական համաձայնագիր»: Սա հիմք տվեց ոմանց պնդելու, թե նախագահ ընտրվելու պարագայում Թրամփը չեղյալ է հայտարարելու միջուկային գործարքը:

Երկրորդ, Իսրայելում վստահ են, որ Դոնալդ Թրամփն աջակցելու է հրեական բնակավայրերի կառուցման քաղաքականությանը` ի տարբերություն Օբամայի վարչակազմի, որը բավական կոշտ էր արձագանքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրերին` հայտարարելով, որ «նոր բնակավայրերի կառուցումը կարող է խոչընդոտել հակամարտության կարգավորումը»: Ավելին, կարծիք կա, որ Թրամփը կօգնի օրինականացնել Իսրայելի հավակնությունները ողջ Երուսաղեմի նկատմամբ՝ այդ թվում նաև իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելով Երուսաղեմ: Սա մի քայլ է, որից խուսափել են Օբաման, նրանից առաջ Բուշն ու Քլինթոնը: Դեռևս նախընտրական պայքարի ժամանակ Թրամփը վստահեցրել է, որ «իր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները ճանաչելու է Երուսաղեմը՝ որպես Իսրայելի միակ օրինական մայրաքաղաք»: Ընդհանուր առմամբ, Իսրայելում Թրամփից ակնկալում են լիարժեք աջակցություն իսրայելական դիրքորոշմանը առանց բացառության բոլոր հարցերում:

Երրորդ, սերտ հարաբերություններ են ակնկալվում Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև՝ ի տարբերություն Օմաբայի և Նեթանյահուի հարաբերությունների, որոնք վերջին 8 տարիների ընթացքում բավական լարված բնույթ են կրել: Սրան գումարվում է նաև այն ակնկալիքը, որ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության օրինակով Մերձավոր Արևելքում աշխատելու է «ուժեղ տղաների» հետ

Առաջին դրական «մեսիջը» Իսրայելում արդեն ստացել են: Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը «առաջին իսկ հնարավորության դեպքում» Իսրայելի վարչապետին հրավիրել է Վաշինգթոն: Բայց սա դեռևս չի նշանակում, թե Իսրայելի ակնկալիքներն արդարացված են:

Թրամփի խորհրդականներն արդեն սկսել են ճշգրտումներ մտցնել նրա հայտարարություններում: Մասնավորապես, այլևս խոսք չի գնում միջուկային գործարքը չեղյալ հայտարարելու մասին, նշվում է միայն որոշ հարցեր վերանայելու կամ նորից բանակցելու մասին՝ այն էլ առանց որևէ հստակության: Բացի այդ, միջուկային համաձայնագիրը բազմակողմ գործարք է, որը չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ է ունենալ բոլոր կողմերի համաձայնությունը: Ինչ վերաբերվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա այս հարցում ևս հայտարարությունների տոնը մեղմացվել է, այժմ խոսվում է պաղեստինցիների և իսրայելցիների միջև միջնորդության մտադրության մասին:

Ամփոփելով՝ նշենք, որ Թրամփի նախագահության հետ կապված Իսրայելի լավատեսությունը ոչ բոլոր հարցերում է իրատեսական թվում: Կարելի է ակնկալել, որ Թրամփի նախագահությունը կարող է օգնել հաղթահարել ամերիկա-իսրայելական հարաբերություններում վերջին տարիներին առկա լարվածությունը, բայց ակնկալել ամերիկյան դիրքորոշման էական փոփոխություն պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում այնքան էլ իրատեսական չէ: Իրատեսական չէ նաև ակնկալել միջուկային գործարքի տապալում Թրամփի կողմից, բայց դրա փոխարեն կարող է ավելանալ «անվտանգության խնդիրների լուծման համար Իսրայելին» տրամադրվող օգնությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: