ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախկին վարչապետներն ընտրապայքարից դուրս մղեցին Սարկոզիին

Reuters

Ֆրանսիայում աջակողմյանների և կենտրոնամետների փրայմերիզի առաջին փուլն ավարտվել է սենսացիայով: Մեծ առավելությամբ հաղթել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ով երկրորդ փուլում կմրցակցի նույնպես նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հետ, իսկ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին պարտություն է կրել և դուրս մնացել նախագահի պաշտոնի համար ընտրարշավից` ցույց տալով ընդամենը երրորդ արդյունքը:

Ելույթ ունենալով կողմնակիցների առջև` Սարկոզին ընդունել է իր պարտությունն ու շնորհավորել Ֆիյոնին ու Ժյուպեին երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Սարկոզին հայտարարել է, որ կսատարի երկրորդ փուլում Ֆիյոնին, ով իր օրոք զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, և հայտնել, որ հեռանում է քաղաքականությունից:

«Ես իհարկե հարգում եմ Ժյուպեին, սակայն Ֆիյոնի քաղաքական դիրքորոշումն ինձ ավելի հոգեհարազատ է», - նշել է 61-ամյա Սարկոզին, - «Ֆիյոնն, ինձ թվում է, ավելի լավ է հասկանում Ֆրանսիային նետված մարտահրավերները, և ես հենց նրա օգտին կքվեարկեմ»:

«Ուզում եմ ասել կնոջս՝ Կառլային, և երեխաներիս, որ զգում եմ, թե որքան շատ փորձությունների միջով եմ ստիպել նրանց անցնել: Հեշտ չէ ապրել մի մարդու հետ, որն իր շուրջ այդքան շատ կրքեր է բորբոքում: Ուստի՝ ժամանակն է, որ ես ապրեմ ոչ թե քաղաքական, այլ անձնական կյանքի կրքերով»,- ավելացրել է Սարկոզին՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու որոշման մասին:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, ինչ Սարկոզին խոստանում է լքել քաղաքականությունը: Նմանատիպ տեքստ նա արդեն արտասանել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, երբ պետության ղեկավար դարձավ Ֆրանսուա Օլանդը:

Ի դեպ, հաշվի առնելով Օլանդի և իշխող Սոցիալիստական կուսակցության ցածր վարկանիշը՝ 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընդդիմության թեկնածուն:

Ուշագրավ է, որ նախընտրական արշավի մեկնարկից ի վեր դիտորդների մեծ մասը և հարցումների տվյալներն արձանագրում էին Ժյուպեի և Սարկոզիի առավելությունը` կանխագուշակելով նրանց մենամարտը երկրորդ փուլում:

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց բանավեճերի մեկնարկից հետո, որոնք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Բանավեճերի ավարտին Ֆիյոնն արդեն մեկ կետով առաջ էր անցնում Ժյուպեից և Սարկոզիից` նա ուներ 30 տոկոս, մրցակիցները` 29:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին տեղի կունենա ընտրապայքարի հաջորդ փուլը, որտեղ հաղթող թեկնածուն պետք է արդեն դեմ դիմաց դուրս գա «Ազգային ճակատ» ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հետ:

Իսկ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի գարնան վերջին:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: