ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016 թվականի ամենահետաքրքիր քաղաքական դեմքերը՝ Դոնալդ Թրամփից Կարեն Կարապետյան

Ամփոփելով 2016 թվականը, տարվա գլխավոր քաղաքական իրադարձություններն ու հիմնական զարգացումներին անդրադառնալուց բացի, «Արմեդիա» ՏՎԳ-ն անդրադարձ է կատարել նաև 2016-ի ամենահետաքրքիր քաղաքական գործիչներին, ովքեր որևէ նորություն, փոփոխություն կամ անակնկալ բերեցին քաղաքական դաշտ:

Ամենայուրահատուկ և անսպասելի քաղաքական գործիչը, ով հայտնվեց համաշխարհային ուշադրության կենտրոնում և հասցրեց դառնալ ամենաքննարկվողն ու քննադատվողը, անշուշտ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն է:

Սկանդալային միլիարդատերն անվերապահորեն գրավում է առաջին պատվավոր հորիզոնականը՝ իր աննախադեպությամբ և անկրկնելիությամբ:

Image result for trump

Դոնալդ Ջոն Թրամփ ավագը ծնվել է 1946 թվականին՝ Նյու Յորքում՝ մեծահարուստ գործարար Ֆրեդ Թրամփի ընտանիքում։ Ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագիտության բակալավրիատը։ Շարունակելով հոր ճանապարհը՝ սկսել է լայնորեն ընդլայնել իր բիզնես-կայսրությունը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։ 2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։

2016 թվականին ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ Թրամփի կարողությունը գնահատվում է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար։

2015 թվականին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության մասին՝ արագորեն դառնալով հանրապետական կուսակցության առաջատարը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։ Թրամփի նախագահական քարոզարշավը զանգվածային լրատվամիջոցների կողմից արժանանում էր աննախադեպ ուշադրության։ Իր միկրոբլոգում, ինչպես նաև ելույթներում Թրամփի հնչեցրած մի շարք ակնարկներ որակվել են որպես վիճահարույց և կեղծ։ Բազմաթիվ նախընտրական քարոզարշավի հանդիպումներ ուղեկցվել են բողոքի ցույցերով և քաղաքացիական անհնազանդություններով։ 

Եվ ահա 2016 թվականի նոյեմբերի 8-ին նա ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը կստանձնի եկող տարվա հունվարի 20-ին:

Հաջորդ հետաքրքիր քաղաքական դեմքը, որը շատ-շատերին զարմացրեց իր հաղթանակով, Լոնդոնի նոր քաղաքապետ Սադիք Խանն է, ով դարձավ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին մուսուլման քաղաքապետը:

46-ամյա լեյբորիստ Սադիկ Խանն էթնիկ պակիստանցի է բանվորական ընտանիքից՝ Լոնդոնի Թութինգ շրջանից, որն էլ ներկայացնում էր Համայնքների պալատում վերջին 11 տարիներին: Նրա հայրը 25 տարի եղել է ավտոբուսի վարորդ, բազմազավակ ընտանիքի տեր, ով բնակվել է անապահովների համար նախատեսված բնակարանում:

Image result for sadiq khan

Սադիք Խանն իրավաբան է, մասնագիտացած մարդու իրավունքների ոլորտում: 2008-09 թվականներին զբաղեցրել է տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը: 2009-2010 թվականներին աշխատել է որպես տրանսպորտի նախարար:

2013 և 2015 թվականներին Խանը Մեծ Բրիտանիայի մուսուլմանների շրջանում ստացել է «տարվա քաղաքական գործիչ» անվանումը: Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետերն էին բնակարանային ֆոնդի շինարարությունը, սոցիալական ոլորտի զարգացումը, հասարակական տրանսպորտային ծառայությունների գնաճի սահմանափակումը, ինչպես նաև Հիթրոու օդանավակայանի ընդարձակման պլանից հրաժարումը:

Խանը հաղթանակ է տարել իր հիմնական մրցակից, պահպանողական Զաք Գոլդսմիթիի նկատմամբ՝ ստանալով քվեների 57%-ը։ Ուշագրավ է, որ Գոլդսմիթն, ով ի տարբերություն Խանի, բնիկ բրիտանացի է, մաքուր արիստոկրատ և միլիարդատեր, չի կարողացել իր քվեներով գերազանցել մուսուլման Խանին:

Սադիք Խանը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի լավ քաղաքապետ լինի բրիտանական մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ նրանց ծագումից:

Հաջորդ հետաքրքիր քաղաքական գործիչը, ով հատկապես հայտնի դարձավ հենց 2016 թվականին, Ֆրանսիայի «Ազգային Ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենն է:

Լը Պենը ճիշտ է վաղուց է ծանոթ ֆրանսիացիներին իր ծայրահեղական հայացքներով, սակայն աշխարհում նրա անունը սկսեց թնդալ միայն վերջերս, իսկ Թրամփի հաղթանակից հետո սկսեցին կանխատեսվել, որ հենց Լը Պենը կարող է դառնալ Ֆրանսիայի հաջորդ նախագահը:

Image result for marine le pen on french referendum

Մարին լը Պենը հայտնի քաղաքական գործիչ, ազգայնականների բազմամյա առաջնորդ Ժան Մարի լը Պենի դուստրն է, ով 2002-ին ընտրությունների առաջին փուլում հաղթեց Ժակ Շիրակին և նախագահ չդարձավ միայն «բողոքային քվեարկության» արդյունքում: Մարին լը Պենը նույնպես ունի նախագահական ընտրարշավի փորձ՝ 2012-ին նա երրորդն էր ընտրություններում և խոստացավ 2017-ին ևս առաջադրվել նախագահի պաշտոնում: 2014-ին «Ազգային ճակատը» Եվրախորհրդարանի ընտրություններում հավաքեց ձայների 25 տոկոսը՝ ցույց տալով երկրորդ արդյունքը երկրում: Իսկ ահա անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ազգային ճակատն» առաջ անցավ թե´ աջակողմյաններից, թե´ ձախերից:

Կուսակցության գլխավոր պահանջներից է կասեցնել ներգաղթյալների հոսքը Ֆրանսիա, ինչպես նաև առավել ինքնուրույն քաղաքականություն վարել և արմատապես վերանայել հարաբերությունները Եվրամիության հետ:

Ոչ պակաս հետաքրքիր և անսպասելի է եղել նաև 2016 թվականին Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխությունը, երբ Կարեն Կարապետյանն անակնկալ կերպով նշանակվեց ՀՀ վարչապետ:

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում: 1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան: Նա 32 գիտական աշխատանքների հեղինակ է:

Image result for karen karapetyan

Կարեն Կարապետյանը 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։

1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է եղել։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ էր:

2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ։ Իսկ ահա այս տարվա սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի  հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: