ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-թուրքական դաշինք Իրան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության ներսում

© Osman Orsal / Reuters

Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջնորդությամբ նախատեսվող բանակցություններին զուգահեռ ընթանում է ռուս-թուրքական համագործակցության խորացում, ինչն աննախադեպ է սիրիական հակամարտության ողջ տարիների կտրվածքով:

Ինչպես հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը,  հունվարի 12-ին Մոսկվայում Ռուսաստանի ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակության միջև ստորագրվել է Հուշագիր Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին: Փաստաթուղթը սահմանում է ահաբեկչական թիրախներին հարվածելիս Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգման և համագործակցության մեխանիզմները:

Այս հուշագիրն, ըստ էության, պաշտոնական հիմքերի վրա է դնում Սիրիայում ռուս-թուրքական համագործակցությունը՝ պաշտոնական թիրախ հայտարարելով ԻՊ-ն: Ռուս-թուրքական հաշտեցումից հետո երկու երկրների փոխգործակցության արդյունքում արդեն իսկ մի շարք համատեղ գործողություններ են իրականացվել Սիրիայում: Նախ, Թուրքիայի օգնությամբ Ռուսաստանը կարողացավ հասնել զինված խմբավորումների դուրսբերմանը Հալեպ քաղաքից, իսկ հունվարի սկզբին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ռուսական օդուժն օգնում է Թուրքիային Ալ-Բաբ քաղաքը գրավելու համար:

Ռուս-թուրքական հուշագրի ստորագրումը որքան աննախադեպ, այնքան էլ սպասելի էր Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունում առկա տարաձայնությունների համատեքստում: Կողմերից յուրաքանչյուրի շահերն ավելի շատ հակադրվում են մյուսի նպատակներին, քան հատվում նրանց հետ:

Նույն Իրանն ու Ռուսաստանը բազմաթիվ տարաձայնություններ ունեն Սիրիայում: Օրինակ, եթե Իրանի համար սկզբունքային նշանակություն ունի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի պահպանումը, ապա Ռուսաստանի դեպքում գերակա խնդիր է սեփական շահերի պաշտպանությունը:

Իրանի համար Սիրիան աշխարհագրորեն ապահովում է Թեհրանի կապը Լիբանանի շիական Հիզբոլլահ խմբավորման հետ, հանդիսանում է իրանական «դիմադրության առանցքի» կարևորագույն գործոն, ուստի Իրանի համար կարևոր է ապահովել Սիրիայում այնպիսի իշխանություն, որը թույլ կտա մի կողմից երկիրը պահել շիական առանցքում (Թեհրան-Դամասկոս-Հիզբոլլահ), մյուս կողմից, կանխել սուննիական ճամբարի ազդեցության ուժեղացումը: Իսկ Ռուսաստանի համար գերակա խնդիր է Սիրիայում սեփական բազաների՝ Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուս ծովային բազայի պաշտպանությունը: Վերջինս Ռուսաստանի միակ հենակետն է Միջերկրական ծովում: Եվ հենց այս բազաների ամրացման շնորհիվ Ռուսաստանը երկարաժամկետ մուտք է ստանում Միջերկրական ծով:

Պատահական չէ, որ Ռուսաստանն այս տարիների ընթացքում կարողացել է կապեր հաստատել սիրիական չափավոր ընդդիմության հետ, ինչպես նաև էականորեն ընդլայնել է քրդերի հետ ունեցած կապերը՝ դիվերսիֆիկացնելով հնարավոր նոր իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունը: Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել ցանկացած որոշում, որը կկայացնի սիրիական ժողովուրդը: Մինչդեռ Իրանի համար Ասադի վարչակազմին աջակցելը նախկինի նման սկզբունքային է:

Գրեթե ամբողջությամբ իրարամերժ դիրքորոշումներ ունեն նաև Իրանն ու Թուրքիան: Իրանական կողմը մեղադրում է Անկարային ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, բայց միևնույն ժամանակ գերազանցապես Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեց հանդուրժել Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում, քանի դեռ դրանք ուղղված են ԻՊ-ի և քրդերի դեմ, որոնք քաղաքական ակտիվացումը ձեռնտու չէ նաև Իրանին:

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տարաձայնությունները Սիրիայում չափազանց շատ են, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նրանց համագործակցությունն այս փուլում անհնար է: Նրանց հաջողվել է ստանձնել սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը (ինչն այս պահին միավորող գլխավոր գործոնն է), և նրանք այն բաց չեն թողնի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: