ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ խաղաղապահները դրսում հայտնի են որպես «դուխով տղերք». ՀՀ ԶՈւ սերժանտ (ԲԱՑԱՌԻԿ)

Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ  միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ մասնակցությամբ, խաղաղապահի ծառայության մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Զինված ուժերի սերժանտ, խաղաղապահ  Վահրամ Զոհրաբյանի հետ:

 - Որքա՞ն ժամանակ է, որ համալրել եք խաղաղապահ ուժերի շարքերը, որո՞նք են ծառայության ժամանակ ձեռք բերած հիմնական հմտությունները: Ծառայության ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

 - Սկսած 2010 թվականից մասնակցել եմ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված զորավարժություններին: Տարբեր երկրներում մասնակցել եմ նաև հրահանգչի և ղեկավարման դասընթացներին: Դասընթացների ժամանակ մեզ սովորեցնում էին ինչպես գիտելիքները հետաքրքիր մատուցել, ինչպես զինծառայողների հետ ճիշտ հաղորդակցվել և այլն:  Ծառայության ընթացքում, իհարկե, եղել են նաև դժվարություններ: Ծառայել եմ տարբեր երկրներում, ստիպած եմ եղել դիմանալ եղանակային տարբեր պայմաններին,  ծանոթանալ տվյալ երկրի ծառայողական հմտություններին,  հարմարվել նրանց ծառայության պայմաններին, սովորել ինչպես արագ և ճիշտ կողմնորոշվել նոր տեղանքում և այլն:

Ծառայել եմ Լիբանանում և Կոսովոյում: Ի տարբերություն Կոսովոյի՝ Լիբանանում մարդիկ մեր հանդեպ ավելի բարեհամբյուր էին, ինչը պայմանավորում եմ այնտեղ մեծ հայկական համայնքի առկայությամբ:

 - Ի՞նչ հիմնական հատկություններով է առանձնանում հայ խաղաղապահը մյուսներից:

 - Ի տարբերություն այլազգի խաղաղապահների, պետք է փաստեմ, որ հայ խաղաղապահներն ավելի մեծ վստահություն են վայելում: Բարդ իրավիճակներում հրամանատարները շատ հաճախ վստահում են հենց հայ խաղաղապահներին: Նրանք ուղղակի վստահ են, որ հանձնարարված առաջադրանքը կիսատ չի մնա: Երբ հայ խաղաղապահներին, որևէ առաջադրանք է հանձնարարվում, հրամանատարները հարկ չեն համարում հավելյալ ստուգել,  արդյո՞ք  առաջադրանքը պատշաճ կատարվել է, թե՝ ոչ:

Բացի այդ, հայ խաղաղապահներն աչքի են ընկնում իրենց ճշտապահությամբ: Անգամ եղել են դեպքեր, երբ «գերմանական ժամ» արտահայտության փոխարեն, ցանկացել են օգտագործել «հայկական ժամ» արտահայտությունը: Հայ խաղաղապահները բարձր  հեղինակություն են վայելում ու դրա հետ դրսում հաշվի են նստում:

Հայ խողաղապահները դրսում հայտնի են նաև որպես «դուխով տղերք»: Հիշում եմ մի օր երեկոյան զբոսնելիս նկատեցինք, թե ինչպես օտարերկյա զինվորներից մեկը դիտաաշտարակից վախեցած դուրս եկավ: Երբ հարցրեցին նրան, թե ինչ է պատահել, ասաց, որ մեծ սարդ է տեսել և վախեցել: Հայ խաղաղապահներից մեկը մոտեցավ և ձեռքի արագ շարժումով այդ սարդի վերջը տվեց, ինչն, իհարկե, մեծ զարմանք առաջացրեց վախեցած օտարերկրացի զինծառայողի մոտ:

 - Այլ երկրների խաղաղապահ զինվորների  հետ շփումներն ի՞նչպես են ստացվում:

 - Այլ երկրների խաղաղապահ զինվորների հետ շփումը հեշտ է տրվում: Հայերը բնույթով շատ մարդամոտ են և կարողանում են բոլորի հետ արագ լեզու գտնել և ընկերանալ: Միակ խոչընդոտը որոշ դեպքերում լեզվի չիմացությունն է, սակայն անգամ այդ դեպքում կարողանում ենք շփել ձեռքերի շարժումների օգնությամբ:

Լեզվի վատ իմացության հետ կապված մի զվարճալի պատմություն պատմեմ. իտալացի խաղաղապահների հետ նույն ինքնաթիռով վերադառնում էինք ծառայությունից: Նախ  ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում, որից հետո պետք է թռներ Իտալիա: Երբ ինքնաթիռից դուրս էին գալիս, բոլորս իտալացիներին հրաժեշտ տվեցինք ասելով ՝ «Good bye, Italy»: Մեր տղաներից մեկը, ով լավ չէր տիրապետում անգլերենին, մոտեցավ իտալացի բժշկուհուն և ասաց «See you tomorrow», ինչից հետո ինքնաթիռում բոլորը սկսեցին բարձրաձայն ծիծաղել:

 - Իսկ ծառայության հետ կապված որևէ զվարճալի դեպք կպատմե՞ք:

 - Զվարճալի պատմությունները շատ են: Մի անգամ, որպես ջոկի հրամանատար՝ ծառայություն էի իրականացնում Կոսովոյի և Սերբիայի սահմանին: Այնտեղով նեղ ճանապարհ էր անցում և մենք պետք է գրանցեինք այդ ճանապարհով երթևեկող բոլոր մեքենաներին: Մեքենաներ հազվադեպ էին անցնում, ժամը մեկ մի մեքենա անցներ, թե՝ չէ: Ծառայակից տղաներից մեկը կատակով հարցրեց, թե ինչ կանեմ, եթե հիմա այստեղով հարսանիք անցնի (ինչպես Հայաստանում, այնտեղ նույնպես հարսանիքների ժամանակ մեքենաների շարասյուն էր անցնում): Իհարկե, հարցը ծիծաղելի թվաց, քանի որ այդ վայրում մարդիկ գրեթե չէին բնակվում: Սակայն, մի քանի րոպեից իսկապես հարսանեկան մեքենաների շարասյուն եկավ: Մենք կանգնել զարմացած նայում էինք, մինչ նրանք եկան, մեզ ողջունեցին և անցան:

 - Ի՞նչ է Ձեզ համար խաղաղությունը:

Խաղաղության հաստատումն իմ, և կարծում եմ, մեր ողջ հայ ժողովրդի համար առաջնային և ամենամեծ ցանկությունն է:

 - Ի՞նչ կմաղթեք մեր Բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ:

 - Շնորհավորում եմ մեր բանակին 25-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն: Տա´ Աստված, որ մեր զինծառայողները երբեք առիթ չունենան օգտագործելու իրենց հմտությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: