ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ շահագրգռված կլինի հաջողության պատմություններ ունենալ մեր տարածաշրջանում. Լիանա Հովհաննիսյան (ԲԱՑԱՌԻԿ)

ԱՄՆ նոր վարչակազմի, Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների, նոր գերակայությունների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի հետ:

 

- Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում շոկային արձագանքներ առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում:  Ինչո՞վ եք դա պայմանավորում:

- Նման շոկային արձագանքը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով: Փորձեմ առանձնացնել դրանցից հիմնականները.

Առաջին, Դոնալդ Թրամփը՝ որպես քաղաքական գործիչ, դուրս է, ինչպես Արևմուտքում է ընդունված անվանել, քաղաքական կոռեկտության դաշտից (political rightness): Պատահական չէ, որ Արևմտյան մեդիան նրան անվանում է «ամենա ոչ ավանդական» ԱՄՆ նախագահը: Օրինակ, գիտենք, որ, որպես կանոն, քաղաքական գործիչները հետևում են այսպես կոչված դիվանագիտական էթիկային և խուսափում են շատ հարցերի մասին կարծիք հայտնելուց: Ի տարբերություն նրանց, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն հաճախ իրեն ազատ է զգում այդ «դիվանագիտական կապանքներից» և  իրերն անվանում է իրենց անուններով:

Երկրորդ, Դոնալդ Թրամփի հաղթանակը կոտրեց մի շարք առկա կարծրատիպեր: Oրինակ, ԱՄՆ նախագահը, ինչպես ընդունված է ԱՄՆ քաղաքական պրակտիկայում, պետք է պարտադիր ունենա անցած երկար քաղաքական ուղի, զբաղեցրած լինի տարբեր պաշտոններ՝ աստիճանաբար բարձրանալով և հասնելով նախագահի աստիճանին: Մյուս կարծրատիպի օրինակն  այն համոզմունքն է, որ նախագահական ընտրություններում չի կարող հաղթել մի թեկնածու, ով չունի ամուր կուսակցական կապեր ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններից և ոչ մեկի հետ:

Երրորդ, ողջ քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդես է եկել որպես անկանխատեսելի քաղաքական գործիչ՝ իրեն ընդհանրապես չկաշկանդելով մինչ այդ ԱՄՆ կողմից տարվող քաղաքականությանը հավատարիմ մնալու պարտավորությամբ: Նկատենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահը դեմ դուրս եկավ հայտարարաված սկզբունքներին և տարվող հիմնական քաղաքական գծերին (դրա վառ օրինակ էր վերջին տարիներին Արևմուտքում իշխող հակառուսական ալիքին դեմ դուրս գալը, միգրանտների քաղաքականության հարցում դրսևորած դիրքորոշումը և այլն):

Չորրորդ, Արևմտյան մեդիան հայտնվեց իր իսկ լարած թակարդում: Ողջ քարոզարշվի ընթացքում արևմտյան փորձագետների, լրագրողների մեծ մասը գրեթե բացառում էր Թրամփի հաղթանակը և այդ տրամադրությամբ վարակում հանրությանը: Սակայն ունեցանք լրիվ հակառակ պատկեր: Իրավիճակը նույն էր նաև Brexit-ի դեպքում:

- Ձեր կարծիքով ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնավարման տարիներին  ականատես կլինե՞նք ԱՄՆ արտաքին քաղաքականության, դրանում կիրառվող գործիքակազմի փոփոխության:

- Հարցին պատասխանելու համար պետք է ուղղակի վերհիշենք, թե որոնք էին այն հիմնական թեզերը, որ Թրամփն օգտագործեց իր ողջ քարոզարշավի ընթացքում և շարունակեց դրանց հավատարիմ մնալ ընտրություններում հաղթելուց հետո: Այդ թեզերի շարքում կառանձնացնեմ երկու հիմնականները. ԱՄՆ-ն իր քաղաքականության մեջ հաշվի է առնելու նախևառաջ իր շահերը և, երկրորդ, մենք վերականգնելու ենք այլ երկրների՝ ԱՄՆ հանդեպ ունեցած հարգանքը:

Այստեղից կարող ենք անել հետևյալ եզրակացությունները.

առաջին, այլ երկրների հետ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուղղակի բերվելու է պայմանավորվածությունների դաշտ և կառուցվելու է «ինչն ինչի դիմաց սկզբունքով»: Եթե ասվածը պրոյեկտենք, օրինակ, ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վրա, ապա ԱՄՆ-ն իր ԵՄ դաշնակիցների առաջ դնելու է շատ հստակ սահմանված խնդիր. եթե ցանկանում եք, որ ԱՄՆ-ն ապահովի ձեր անվտանգությունը, ապա մտածեք, թե ինչ եք պատրաստ տալ ԱՄՆ-ին դրա փոխարեն և ինչպես է դա ծառայելու ԱՄՆ շահերին:

երկրորդ, ԱՄՆ այսուհետ իր քաղաքականությունը կառուցելու է ոչ թե արժեքների իմիտացիայի, այլ շահերի վրա: Սա ինքնին արդեն ենթադրում է նահանջ նախկինում ԱՄՆ կողմից հաճախ օգտագործված «փափուկ ուժի» սկզբունքից: Այլ կերպ ասած, եթե նախկինում ԱՄՆ կողմից տրամադրված ֆինանսական ռեսուրսներն ուղղորդվում էին հիմնականում ընդդիմադիր ուժերին՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, ապա այսուհետ հիմնական պայմանավորվածությունները գործելու են իշխանությունների հետ՝ նույն «ինչն ինչի դիմաց սկզբունքով»:

- Ի՞նչի կհանգեցնի նման փոփոխությունը և որքանով է այն դրական:

 - Դրական է այնքանով, որ լինելու են հստակ սահմանված կանոններ և պարտավորություններ: Բացասական է նրանով, որ արժեքների առաջ մղումը շահերի հաշվին մղվելու է ետին պլան: ԱՄՆ-ն  տարիներ շարունակ հանդիսացել է (առնվազն հայտարարությունների մակարդակով)  ժողովրդավարական արժեքների ավանդական ջատագովը: Այս դեպքում հարց է առաջանալու, կգտնվի արդյո՞ք ինչ-որ մեկը, որ կկարողանա փոխարինել ԱՄՆ-ին:

- Այդ ֆոնին ի՞նչ փոփոխություններ ակնկալել անմիջական հարևանների, հիմնական ուժային կենտրոնների (Ռուսաստան, Չինաստան) և մեր տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մեջ:

 - Ինչ վերաբերում է իր անմիջական հարևաններին, ապա ԱՄՆ, կարծում եմ, կշարունակի նրանց հետ համագործակցությունը, սակայն այս դեպքում ևս կգործեն հստակ սահամանված պայմանավորվածություններ: Այստեղ ԱՄՆ-ն առաջ կմղի իր հիմնական հետաքրքրությունները՝ փորձելով դրանք հնարավորինս ծառայեցնել նաև իր անմիջական հարևանների հետաքրքրություններին:

Ուժային կենտրոնների հետ հարաբերությունները կկառուցվեն փոխգործընկերության սկզբունքի վրա, որտեղ գործընկերներից որևէ մեկը չի փորձի հատել մյուսի կողմից սահմանած կարմիր գծերը: Միևնույն ժամանակ, նրանք կփորձեն միասին պայքարել ընդհանուր մարտահրավերների դեմ:

Հաշվի առնելով, որ Թրամփը, կարծես ավելի մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ ներքին խնդիրներին և թուլացնելու է տարբեր տարածաշրջանում ակտիվ ներգրավումը՝ կարծում եմ, առկա խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարի գալու գործը ԱՄՆ-ն կթողնի տարածաշրջանի հիմնական խաղացողներին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կշարունակի մասնակցել այն ձևաչափերին, որոնցում նախկինում մասնակցում էր, օրինակ Մինսկի խմբի եռահամանախագահության ձևաչափում: Կմեծանա նաև ԱՄՆ շահագրգռվածությունն ունենալու հաջողության պատմություններ այն խնդիրներում, որոնցում նա շարունակում է ունենալ անմիջական մասնակցություն:  Սա պայմանավորված է ԱՄՆ վարկանիշը բարձրացնելու Թրամփի ձգտումով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: