ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Սահմանադրության նախագիծն ամուր հիմք է ապահովում Արցախի ժողովրդավարական զարգացման համար. գերմանացի պրոֆեսոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակտիվ ընթանում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Սակայն, հատկապես չճանաչված պետությունների համար կարևոր է երկրում ընթացող գործընթացների համապատասխանութունը միջազգային իրավական չափանիշներին: «Արմեդիա» ՏՎԳ գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն՝ ԼՂՀ նոր Սահամանդրության նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիքի խնդրանքով դիմել է Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին:

Վերջինս բարձր է գնահատել ԼՂՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ կարևորելով դրանում իշխանության ճյուղերի փոխադարձ հավասարակշռման մեխանիզմների առկայությունը: «Նախագահի ու խորհրդարանի միջև հարաբերությունների առնչությամբ կարելի է արտահայտել այն ակնկալիքը, որ Ազգային ժողովի հարաբերական ուժեղ դիրքը կդրդի նախագահին ոչ թե պառլամենտի հետ առճակատում փնտրելու, այլ ավելի շուտ կստիպի նրան ձգտել կոնսենսուսի, իսկ վիճելի հարցերում փոխզիջման գնալ Ազգային ժողովի հետ»,- նշել է գերմանացի պրոֆեսորը:

Պրոֆեսոր Լուխթերհանդթը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ չնայած կիսանախագահականից նախագահական կառավարման համակարգին անցմանը՝ Նախագիծը բավական ամուր դիրքեր է ապահովում օրենսդիր մարմնին՝ «ստեղծվում է ինստիտուցիոնալ հակակշիռ, որն ուժեղացնում է իշխանությունների բաժանման սկզբունքը»: Ընդգծվում է, որ, հաշվի առնելով պատգամավորների փոքր թիվը (33 պատգամավոր), մեծանում է խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի քաղաքական կշիռը:

Հատուկ շեշտվում է քաղաքացիական հասարակությանն օրենսդիր լիազորություններ շնորհելու կարևորությունը: «Հավանության է արժանի 122-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն այն մասին, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մի համեմատաբար փոքրաթիվ, բայց ակտիվ խումբ (երկուսուկես տոկոսը) կարող է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողովին»,- նշում է փորձագետը:

Իշխանության ճյուղերի բաժանման համատեքստում նշվում է, որ նախագիծը բավարարում է նաև դատական համակարգի անկախության պահանջին:

Անդրադառնալով նախագահական կառավարման համակարգի անցնելու առաջարկին՝ պրոֆեսորը դիտարկում է այն հիմնական գործոնները, որոնք այս հարցում որոշիչ դերակատարում են ունենում և գալիս է եզրակացության, որ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից նախագահական կառավարման մոդելի ընտրությունն արդարացված է:

Որպես Սահմանադրության թերացում նա նշում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների փոքրաթիվ լինելը՝ 5 հոգի: Նշվում է, որ դատավորներից մեկի բացակայությունը կարող է խափանել Խորհրդի գործունեությունը, և առաջարկում է մեծացնել Խորհրդի անդամների թիվը կամ ձևավորել ռեզերվային կազմ:

«Նախագիծը լավ և ամուր հիմք է ապահովում Արցախի Հանրապետության, նրա պետական հաստատությունների և նրա քաղաքացիական հասարակության կայուն, իրավունքի վրա հիմնված ժողովրդավարական զարգացման համար։ Նախատեսված հանրաքվեով Սահմանադրության նախագծի ընդունմամբ Արցախի ժողովուրդը կայուն հիմք կստեղծի իր պետության միջազգային ճանաչման արդարացված պահանջի համար»,- եզրակացնում է Լուխթերհանդթը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: