ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ կուսակցությունների դաշինքը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Արման Մուսինյանի հետ

Խորհրդարանական ընտրությունները նաև երկրի արտաքին քաղաքականության կուրսիընտրություն են: «Արմեդիա» ՏՎԳ-ի գերակայություններից մեկը ՀՀ արտաքինքաղաքականության լուսաբանումն ու վերլուծությունն է: Ապրիլի 2-ին կայանալիքխորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնիառաջադրված 9 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միևնույն հարցաշարովանցկացված հարցազրույցներ՝  ընթերցողի համար առավել հստակեցնելով քաղաքական այդուժերից յուրաքանչյուրի մոտեցումները ՀՀ արտաքին քաղաքական գերակաուղղությունների վերաբարյալ:

 

 Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ կուսակցությունների դաշինքի անդամ,  Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի հետ:

 - Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

-         Առաջին՝ Արցախյան հակամարտության կարգավորում, երկրորդ՝ Արցախյան հակամարտության կարգավորում, և երրորդ՝ Արցախյան հակամարտության կարգավորում: Հայաստանի առջև ծառացած միակ գերագույն խնդիրը Արցախյան հակամարտության կարգավորումն է, և դա հենց արտաքին քաղաքական հարց է: Եթե Արցախյան հակամարտությունը կարգավորվում է, Հայաստանի արտաքին քաղաքական, այսպես ասած, բարդությունների 95 %-ը վերանում է:

 - Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-         Մենք կարծում ենք, որ Հայաստանը պիտի իր բոլոր ջանքերը գործադրի խաղաղ կարգավորման, փոխզիջումային լուծման ուղղությամբ, և ավելին, կարծում ենք, որ հիմա կա այդ պատեհությունը, և Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական, կենսական շահերից է բխում համաձայնվել խաղաղ կարգավորման այսօրվա գործընթացին:

  - Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

-         Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո և միգուցե զուգահեռ: Եվ երկրորդ, մենք համարում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:

 -  Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

-         Մենք կարծում ենք, որ Հայաստանը պիտի առավելագույնս սերտացնի իր հարաբերությունները բոլոր երկրների հետ: Մենք պետք է հասնենք նրան, որ չունենանք թշնամի երկիր: Միացյալ Նահանգները կարևորագույն համաշխարհային դերակատար է, կարևորագույն տնտեսական քաղաքական գործընկեր է, և նրա հետ հարաբերությունների խորացումը միմիայն օգտակար է: Նույնը Եվրամիության հետ: Ռուսաստանի պարագայում նա մեր սերտ ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք բացի քաղաքական, տնտեսական հարաբերություններից, ունենք սերտ խորացված ռազմական համագործակցություն, որն այսօր Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային բաղադրիչ է: Եվ բոլոր նշված երկրների և քաղաքական սուբյեկտների հետ, տվյալ պարագայում Եվրամիության, Հայաստանը պետք է սերտացնի իր հարաբերությունները:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

-         Ե՛վ Վրաստանը, և՛ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկերներ են, թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք հարևան երկրներ են: Ամբողջ աշխարհում հարևան երկրների հետ հարաբերությունները կազմում են տվյալ պետության գոյության հիմքերից մեկը: Վրաստանի հետ հարաբերությունները, ես կարծում եմ, որ այսօր շատ ավելի թերզարգացած են, քան կարող են լինել, քան դրան կարևորություն է տրված: Նույնը Իրանի հետ: Հարաբերություններն այս երկրների հետ նույնպես պետք է հնարավորինս խորացնել տնտեսական, քաղաքական մշակութային և զանազան այլ ոլորտներում:

  - Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

-         Տարածաշրջանային անվտանգություն տերմինը չգիտեմ որքանով է տեղին գործածել՝ այն պարզ պատճառով, որ այսօր կովկասյան տարածաշրջանի երեք պետությունները, նրանց դաշնակից պետությունները, այս տարածաշրջանում ազդեցություն և շահեր ունեցող պետությունները դեռևս հեռու են նույնական մոտեցումեր ունենալուց: Այս պարագայում խոսել տարածաշրջանային անվտանգության ինչ-որ համակարգի մասին, դեռևս վաղ է: Սակայն տարածաշրջանային անվտանգության վրա մեծագույն դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հարցի կարգավորումը:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

-         Ընդհանուր օրակարգը պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը հզորացնել, շենացնել, նաև դրանով է հնարավոր Սփյուռքի ազգապահպանման կրթական մշակութային կյանքի զարգացումը: Եթե չկա ուժեղ Հայաստան, Սփյուռքը նույնպես հայտնվելու է տարատեսակ բարդությունների առջև: Սփյուռքը պետք է ակտիվորեն ներգրավվի Հայաստանի քաղաքական, մարդու իրավունքների, տնտեսական խնդիրների լուծման մեջ, և այս առումով Հայաստանում պիտի ստեղծվեն նպաստավոր պայմաններ, ինչն այսօր չկա: Կան դեկլարատիվ հայտարարություններ, բայց ոչ տնտեսական ազատություններն են գործում, ոչ մարդու իրավունքների ոլորտն է մխիթարական վիճակում: Եվ այս առումով, զարմանալի չէ, որ Սփյուռք- Հայաստան հարաբերությունները խաթարված են: Միայն այն դեպքում, երբ Հայաստանում կլինի առողջ, մրցակցային քաղաքական  համակարգ, արդար ընտրություններ, մարդու իրավունքների ապահովության պատշաճ  մակարդակ, անկախ դատարաններ, որոնք ապահովության զգացում կտան ձեռներեցներին, ովքեր գիտեն, որ Հայաստանում կարող են ներդրումներ անել և ոչնչից չվախենալ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված լինի, այդ ժամանակ, ես կարծում եմ, Սփյուռքն իսկապես կարող է նշանակալի դեր կատարել Հայաստանի զարգացման գործում:

Հայաստանում եթե մենք չենք ստեղծում այդ պայմանները, Սփյուռքը ոչինչ չի կարող անել: Հայաստանի քաղաքացիներն են, որ պիտի իրենց առջև դնեն այն նպատակները, որոնք ես նշեցի, հասնեն դրանց և այդ դեպքում Սփյուռքի դերակարությունը և՛ մշակութային, տնտեսական, և՛ որոշ առումներով քաղաքական, միջազգային հարցեր լուծելու տեսանկյունից, կդառնա շատ ավելի արդյունավետ, շատ ավելի բովանդակային և ընդգրկուն: Հիմա կարող ենք լսել դեկլարատիվ հայտարարություններ: Վարչապետը դիմում է Սփյուռքին. դեկլարատիվ, ոչինչ չասող հայտարարություն, որովհետև Սփյուռքում մի ներդրող լսում է և ասում՝ ես գամ Հայաստան՝ ինչ է լինելու ինձ հետ: Մարդիկ տեսել են օրինակներ, երբ եկել են, ներդրումներ են կատարել, խաբվել են, նրանց ունեցվածքը խլել են, և հիմա այդ մարդիկ կամ վռնդվել են Հայաստանից կամ փորձում են լուծել իրենց պրոբլեմները: Եթե իրենք տեսնեն մի պետական համակարգ, որն արդյունավետ է գործում, օրինական հիմքերի վրա է գործում, ապա իհարկե, Սփյուռքում մենք ունենք շատ կարող ուժեր, որոնք կարող են նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի  զարգացման հարցում:

 - Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

-         Մերձավոր Արևելքը հիմա ապրում է դրամատիկ տրանսֆորմացիայի շրջան: Այստեղ ուժային կենտրոնները լուրջ շահեր ունեն, որոնք երբեմն բախվում են, Հայաստանն այս հարցում շատ սահմանափակ է իր ազդեցության և որևէ միջամտության առումով: Ես կարծում եմ, որ մենք պիտի փորձենք այս հարցերում առաջնորդվել հայկական գաղութների ապահովության պահպանման հարցերով, աշխատենք չընկնել ոտքի տակ, որովհետև հիմա շատ դինամիկ պրոցես է և վերջնական պատկերը հստակ չէ, և ըստ այդմ կարողանանք կառուցել մեր քաղաքականությունը:

Այս պահին ՀՀ համար շատ դժվար է ձևակերպել մերձավորարևելյան քաղաքականություն՝ որպես այդպիսին: Կարող են լինել առանձին երկրներ, որոնց հետ հարաբերություններ ձևավորված են և պետք է աշխատել դրանք խորացնելու ուղղությամբ, բայց Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականություն ասվածը հիմա շատ բարձրագոչ կհնչի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: