ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ծառուկյան» դաշինքը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ նորընտիր Ազգային Ժողովում ներկայացված է լինելու չորս քաղաքական ուժ: Հենց այդ ուժերն են սահմանելու երկրի արտաքին քաղաքական կուրսը: Ուստի, ներկայացնում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ «Արմեդիա» ՏՎԳ-ի կողմից անցկացված հարցազրույցները՝ նրանց արտաքին քաղաքական ծրագրի վերաբերյալ:

 Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը «Ծառուկյան» դաշինքի  անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

 - Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

-         Մեր հիմնական գերակայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, և ամենակարևոր բաղադրիչն այն է, որ  Արցախն անհապաղ պիտի վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Առանց ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու, որևէ խնդիր չպիտի քննարկվի: Սա մեզ համար սկզբունքային հարց է: Պիտի հստակորեն աշխատի հայկական դիվանագիտությունը, միջազգային կառույցներում մեր պատվիրակությունները և նաև սփյուռքյան մեր ներուժը․ այս եռամիասնությունը պիտի կարողանանք ճիշտ և գրագետ աշխատացնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում և ամենակարևորը, որ պիտի գործադրենք առավելագույն ջանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցությունների ձևաչափ վերադարձնելու համար:

Որպես երկրորդ գերակա ուղղություն, կարող ենք նշել Ռուսաստանն ու Եվրոպական միությունը. և՛ ՌԴ, և՛ Եվրամիությունը մենք դիտարկում ենք որպես գործընկերներ: Հասկանալի է, որ ՌԴ հետ մենք ունենք ռազմավարական  հարաբերություններ, հասկանալի է, որ ՌԴ հետ կապված ունենք շահեր անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության առումով: Բացի այդ, անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, հասկանալի է, որ պետք է կարողանանք հարաբերությունները ճիշտ պահպանել և ճիշտ օգտագործել ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ հօգուտ Հայաստանի:

Իմ անձնական կարծիքով, մենք, ցավոք սրտի, առ այս պահը չենք կարողացել ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն ճիշտ աշխատանքով Հայաստանի շահերը սպասարկել: Ճիշտ աշխատանքի պարագայում կարող ենք դիվիդենտներ քաղել:

Մեզ համար անչափ կարևոր և առանցքային է ԵՄ-ի՝ որպես ՀՀ թիվ մեկ առևտրային գործընկերոջ հետ հարաբերությունները: Շատ կարևոր է, որ ՀՀ-ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, ինչի մասին փաստեց նաև Դոնալդ Տուսկը: Շատ կարևոր է, որ համաձայնագրում առկա են դրույթներ՝ վերաբերող թե՛ մարդու իրավունքներին, թե՛ ժողովրդավարությանը, թե՛ մեզ համար այնպիսի գլոբալ խնդրին, ինչպիսին է համատարած կոռուպցիան, որն ուղղակիորեն ջարդել է երկրի տնտեսական ողնաշարը, դրա դեմ պայքարին, ինչպես նաև էներգետիկ հարցերի շուրջ համագործակցությանը: Ես իհարկե ցավում եմ, որ տնտեսական բաղադրիչն այսօրվա համաձայնագրում այն ծավալով չէ ներառված, որքանով որ նախկին, այդպես էլ չստորագրված, Խորը և ազատ առևտրի համապարփակ համաձայնագրում էր: Բայց բալանսավորելով, կարող եմ ասել, որ մենք ունենք անվտանգության երկու խոշոր բլոկ: Առաջինը, ռազմավարական հարաբերություններն են ՌԴ հետ, բայց մենք ունենք նաև անվտանգության մեզ համար շատ կարևոր բլոկ՝ ի դեմս սեփական անվտանգությանը կոռուպցիայի մակարդակով հարված հասցրած երկրի: Մի երկրում, որտեղ խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները վտանգված են, հարված է հասցված նաև անվտանգությանը: Անվտանգության այս երկրորդ բլոկում մեր հիմնական գործընկերը Եվրամիությունն է:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում, հստակ բալանսավորված է ՌԴ հետ հարաբերությունները՝ որպես ռազմավարական գործընկերոջ և ԵՄ հետ՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի երկիր, արդար կառավարում կառուցելու խթան:

Մեր արտաքին բլոկում ներառված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը և չեմ կարծում, թե որևէ քաղաքական ուժ օրիգինալ լինի իր մոտեցումներում:

 - Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

-         Մենք մշտապես կողմ ենք եղել Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններին: Եվրոպայի հետ փակ սահմանը 21-րդ դարում նոնսենս է, բայց Թուրքիան պիտի հետ կանգնի իր նախապայմաններից  Ղարաբաղի հարցում: Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել որևէ նախապայմաններով, որովհետև ցանկացած նախապայման մեզ համար կատեգորիկ անընդունելի է: Ամենակարևոր առաջնահերթություններից մեկը ես կնշեի նաև Ցեղասպանության միջազգային ճանաչումը, որն ամրագրված է «Ծառուկյան» դաշինքի արտաքին քաղաքական բլոկում: Այստեղ մենք ունենք լրջագույն աշխատանք իրականացնելու կարիք: Նկատելի է, որ վերջին տարիներին հատկապես ինքնորոշման իրավունքը դառնում է շատ ավելի կարևոր, որովհետև դա ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներից մեկն է, և մենք Հայաստան-Սփյուռք միասնությամբ պիտի կարողանանք Ցեղասպանության մեր արդար դատը ճիշտ և գրագետ ներկայացնել:

 - Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-         Ացախի Հանրապետությունը պիտի վերադառնա բանակցությունների ձևաչափ: Սա պիտի լինի այս պահին մեր դիվանագիտության հիմնական թիրախը: Մենք պիտի փորձենք ՄԽ համանախագահներին բացատրել, որ շատ դեպքերում նրանց անհասցե, լղոզված հայտարարություններն ուղղակիորեն վնաս են հասցնում բանակցային գործընթացին, պիտի փորձենք բացատրել, որպեսզի նրանք էլ բացատրեն Ադրբեջանին, որ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել, եթե բանակցություններին չմասնակցի ԼՂՀ և չլինի ԼՂՀ ժողովրդի կամքն այս գործընթացի հանդեպ: Սա հստակ է: Մենք այս պահին մեր դիվանագիտական ներուժը պիտի ուղղենք դրան: Մեր քաղաքականությունը պիտի ավելի նախաձեռնողական ու պահանջատեր լինի, քանի որ մենք տեսնում ենք հավասարության  նշաններ Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև: ՄԽ շատ դեպքերում ոչ օբյեկտիվ գնահատականները և հայտարարությունները պետք է դադարենք լուռ կուլ տալ: Փաստացի, Ադրբեջանի քաղաքական էլիտան նախորդ ապրիլից առ այսօր խոսում է պատերազմի նախապատրաստությունների մասին, և այս պահին ՄԽ լռությունն առնվազն տարակուսելի է:

Վերջին շրջանում, անկեղծ ասած, ինձ մտահոգում է ՄԽ մանդատի հարցը: Մենք նման հարց չենք դրել և չենք դնելու, ինչ ուզում է ասի Ադրբեջանը, ՄԽ միակ պրոֆեսիոնալ կառույցն է, որն ունի մանդատ և տիրապետում է բանակցային գործընթացի բոլոր նրբություններին:

  - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

-Իրանի հետ կարծում եմ, մենք իսկապես կարողացել ենք շատ ճիշտ և գրագետ հարաբերություններ կառուցել: Իհարկե այստեղ տնտեսական ծրագրերի բավականաչափ լուրջ ներուժ կա, և ես տեսնում եմ իրանական կողմից պատրաստակամություն ընդառաջ գնալ տնտեսական ծրագրերին: Կարծում եմ, եթե ապրիլի երկուսին ժողովուրդն իր բացարձակ վստահությունը հայտնի «Ծառուկյան» դաշինքին, մենք լրջագույն ծրագրեր ունենք Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու համար:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա իհարկե միշտ չէ, որ Վրաստանի հետ հարաբերությունները բացարձակ հարթ են եղել, սակայն Վրաստանը մեզ համար ևս շատ կարևոր հարևան է, և հատկապես հիմա, երբ Վրաստան-ԵՄ հարաբերությունները որակական նոր փուլ են անցել, կարևորում եմ նաև հենց այդ հարթության մեջ Վրաստանի հետ մեր հարաբերությունների դիտարկումը: Հասկանալի է, որ Վրաստանն ունի Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի հետ շատ յուրահատուկ հարաբերություններ՝ հասկանալով երկու երկրների տնտեսական շահերը Վրաստանում: Սակայն այդ բոլոր ռիսկերը հաշվի առնելով պետք է մեր հարևանի հետ գրագետ արտաքին  քաղաքականություն կառուցել:

 - Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

-         Տարածաշրջանում մենք ունենք հակամարտություններ, որոնք սառեցված չեն. Օրինակ ԼՂ հակամարտությունը սառեցված չէ, ապրիլին մենք տեսանք ուղղակի երկրորդ Արցախյան պատերազմը: Տարածաշրջանի անվտանգության համար միակ ճանապարհը բանակցություններն ու երկխոսությունն է: Քաղաքակրթությունն այլ ձև, քան երկխոսության միջոցով ճգնաժամային իրավիճակների լուծումն է, չի տվել: Դրանք կլինեն թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ այլ հարաբերություններ: Չեմ ցանկանում տրիվիալ նախադասություններ ասել, սակայն խաղաղ տարածաշրջանը բխում է դրա անդամ հանդիսացող յուրաքանչյուր երկրի շահից: Սա նաև ասում եմ, որպեսզի Ադրբեջանը, որն ուղղակիորեն պատրաստվում է պատերազմի, հասկանա, որ առաջին տուժողն ինքն է լինելու:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

-         Կոպիտ ձևակերպում պիտի անեմ, շատ դեպքերում Սփյուռքը դիտարկել ենք, որպես «կթու կով» տարբեր հիմնադրամներին, մարաթոններին հանգանակություն անելու համար: Մենք չենք կարողանում օգտագործել Սփյուռքի երիտասարդության ներուժը: Ես մեծագույն խոնարհում ունեմ այն պատվավոր սփյուռքահայերի առաջ, ովքեր «Հայաստան հիմնադրամի» անդամներ են, ովքեր հսկայական գործ են կատարել Հայաստանում և Արցախում, բայց ես տեսել եմ փայլուն, տաղանդավոր երիտասարդներ, ովքեր աշխատում են համաշխարհային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ NASA-ում,  ՏՏ ոլորտի համաշխարհային գիգանտներում: Մենք պետք է կարողանանք նրանց բերել, կապել Հայաստանի հետ: Ես քանիցս հանդիպել եմ այդպիսի երիտասարդների, ովքեր աշխատում են համաշխարհային կազմակերպություններում, ովքեր իրենց գեներով գիտակցում են իրենց հայ լինելը, սակայն չեն պատկերացնում՝ ինչպես կարող են օգտակար լինել Հայաստանին, որովհետև ոչ իրենց երկրներում ՀՀ դեսպանատները, ոչ էլ որևէ սփյուռքյան կառույց չի կարողանում ճիշտ և գրագետ օգտագործել այդ երիտասարդության ներուժը:

 - Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

-         Ասել, որ Հայաստանը շատ ակտիվ միջամտություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, չեմ կարծում, որ ճիշտ է: Սիրիան մեզ համար կենսական նշանակություն ունեցող երկիր է, որտեղ մենք ունեինք ամենակազմակերպված համայնքը: Այդ ուղղությամբ արվող բարեգործական մարդասիրական քայլերը չեմ կարծում, որ բավարար են:

Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, խաղաղությունն անչափ կարևոր է, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվում են մեծ թվով մեր հայրենակիցները, այլև՝ ցանկացած անկայունություն դոմինոյի էֆեկտով տեղափոխվում է նաև այլ տարածաշրջաններ: Ես ինքս անձամբ Սիրիայի փախստականներին օժանդակելու հարցով միջազգային բոլոր կոնվենցիաների համաձայն ԵԽԽՎ-ում բարձրացրել եմ հարց, որ սիրիահայ փախստականներն իրավունք ունեն օգտվելու բոլոր այն նորմերից, որոնցից օգտվում են մնացած փախստականները: Հայաստանը՝ որպես սիրիահայերին ընդունող երկիր, պիտի կարողանա դոնոր կազմակերպություններից ստացվող օժանդակությունից օգտվել, ինչը ցավոք առ այս պահը չկա, և մենք պետք է կարողանանք նաև այս խնդիրը ճիշտ մատուցել միջազգային հանրությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: