ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք չենք կարող կառուցել Եվրոպան Ռուսաստանի դեմ կամ առանց Ռուսաստանի. Ալեքսանդր Ռար (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գերմանա-ռուսական համաժողովի հետազոտությունների տնօրեն Ալեքսանդր Ռարի հետ՝ Ռուսաստան-Արևմուտք ներկայիս լարվածության և զարգացման հեռանկարների մասին: Հարցազրույցն իրականացվել է Երևանում մարտի 11-ին կայացած «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի նստաշրջանի շրջանակներում:

 

- Ինչպես մեկնաբանե՞ք Արևմուտքի և Ռուսաստանի միջև ներկայիս լարվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ հետագայում իրավիճակն ավելի կսրվի, թե՞ լարվածությունը կնվազի:

- Կարծում եմ, որ աշխարհը քայլ առ քայլ շարժվում է դեպի նոր Հյուսիս-Հարավ հակամարտություն, այլ ոչ թե հին Արևելք-Արևմուտք առճակատումը: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Արևելք-Արևմուտք հակամարտությունը հաղթահարվել է դեռ 25 տարի առաջ, չարաչար սխալվում են:  Դա տեղի չունեցավ մտածողության մեծ տարբերության, ինչպես նաև «Սառը պատերազմի» որոշ հետքերի պատճառով, որոնք, ցավոք, դեռևս առկա են մարդկանց մտքում: Բայց նորից եմ կրկնում, հավանաբար, ավելի քիչ քան տասը տարում մենք կդադարենք «Սառը պատերազմ» մղել, քանի որ ստիպված կլինենք կենտրոնանալ նոր հակամարտության վրա, որն այս անգամ կբաժանի մոլորակի հյուսիսն ու հարավը: Նկատի ունեմ միգրացիոն խնդիրները, ջրի խնդիրը, այն զարգացումները, որոնք կապված են կլիմայի արմատական ​​փոփոխությունների հետ, և իհարկե, որ առավել վտանգավոր է՝ Մերձավոր Արևելքի փլուզումը՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, գուցե Ալժիրի, գուցե նույնիսկ Եգիպտոսի… ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Այս ամենը կարող է շատ լուրջ մարտահրավերներ նետել Եվրոպային:

Սակայն դուք ինձ հարցնում եք այն խնդիրների մասին, որոնք առկա են այժմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Դրանք շատ լուրջ են, բայց կարծում եմ, որ ժամանակավոր են: Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի բավարարում բոլոր մասնակիցների անվտանգության պահանջներին, առաջին հերթին, հենց Ռուսաստանի, բայց ոչ միայն Ռուսաստանի, կարծում եմ՝ նաև Հայաստանի և մի շարք այլ երկրների: Ինչո՞ւ: 25 տարի առաջ Արևմուտքը, որն իրեն տեսնում էր որպես «Սառը պատերազմի» վերջնական հաղթող, որոշել է տոնել նույնիսկ ավելի մեծ հաղթանակ՝ առաջիկա տասնամյակներում վերջնականապես դառնալով Եվրոպայում գերիշխողը: Ռուսաստանի հետաքրքրությունները Եվրոպայում իշխանություն ունենալու հետ կապված հաշվի չեն առնվել, ՆԱՏՕ-ն և Եվրոպան ընդլայնվեցին ակնհայտ և արագ կերպով, մինչև դա խիստ առճակատում առաջացրեց ռուսական մտածողության և շահերի համար: Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է հասկանալ, թե որոնք են այս հակամարտության արմատները, պետք է ուսումնասիրի բոլոր այն փոքր հակամարտությունները, որոնք առաջացել են 1990-ականների վերջին՝ նկատի ունեմ պատերազմը Չեչնիայում, որտեղ Արևմուտքի տեսակետն այլ էր, ռուսներինն՝ այլ, Ուկրաինայի գազի ճգնաժամը, ռուս-վրացական ճգնաժամը, Մայդանները և շատ-շատ այլ հարցեր: Այս բոլոր կուտակված հակամարտություններն առաջացրին հսկայական նոր հակամարտություն Ուկրաինայի շուրջ:

Եթե ոմանք իսկապես ցանկանում են հասկանալ, թե երբ այս ամենը տեղի ունեցավ, երբ նոր հակասությունն առաջացավ, ես կասեի, որ դրա սկիզբը եղել է Պուտինի ելույթը Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, որտեղ նա նշել էր, որ Արևմուտքը  կարմիր գծեր է նկարում, որոնք չպետք է անցնենք, այլապես մեծ խնդիրներ ու լուրջ հակամարտություններ կունենանք: Պուտինը նկատի ուներ ՆԱՏՕ-ի ընդլայնումն  Ուկրաինայում, հրթիռային համակարգի տեղակայումը Եվրոպայում: Իսկ ո՞րն էր Արևմուտքի պատասխանը. «Մենք չենք անհանգստանում, քանի որ Ռուսաստանը ոչ մի նշանակություն չունի» : Սա Արևմուտքի կողմից տրված մի հիմար պատասխան էր այդ ժամանակ, որին սակայն հաջորդեց ներկա ճգնաժամը, որը կրկնում եմ, իմ կարծիքով, ժամանակավոր է, բայց դեռ շատ լուրջ է:

 

- Դուք հեղինակել եք «Սառը ընկեր. ինչո՞ւ է մեզ պետք Ռուսաստանը» գիրքը: Նրանց համար, ովքեր դեռ չեն կարդացել գիրքը, ո՞րն է այդ հարցի պատասխանը:

- Այդ գիրքը հրատարակվել է 2011 թ.-ին մինչև ուկրաինական ճգնաժամը: Այսօր ես նոր գիրք ունեմ գրած՝ «Ռուսաստան - Արևմուտք: Ո՞վ է ում հաղթում»: Այսօր դա շատ ավելի լուրջ է, քան եղել է 5 տարի առաջ, երբ գրել էի գիրքը: Այդ ժամանակ, երբ գրել էի սառը ընկերոջ մասին, հարաբերություններն իհարկե վատթարացել էին, սակայն ոչ այն աստիճանի, որ կարողանայինք խոսել նոր սառը պատերազմի մասին: Այժմ, ցավոք, մենք հեշտությամբ կարող ենք օգտագործել այս տերմինաբանությունը:

 

- Եթե դուք այսօր պատասխանեիք այդ հարցին, ի՞նչ կլիներ Ձեզ պատասխանը երկու նախադասությամբ: 

Ցավոք, այսօրվա հակամարտությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետևանք է շատ-շատ պատմական սխալների, թյուրիմացությունների, աշխարհաքաղաքական չարաշահումների, որոնք տեղի են ունեցել 500 տարի առաջ: Կողմերից ոչ մեկը կամ երկուսն էլ միասին մեղավոր են դրա համար: Այնուամենայնիվ, մենք չենք կարող կառուցել Եվրոպան Ռուսաստանի դեմ կամ առանց Ռուսաստանի: Սա միանգամայն հասկանալի է, հատկապես գերմանացիների համար: Եթե ​​ուզում ենք կառուցել Եվրոպա առանց Ռուսաստանի, կամ Եվրոպա, որը դիմակայում է Ռուսաստանին, ապա կունենանք նոր Սառը պատերազմից էլ ավելի վատ  դրություն՝ անկայուն Եվրոպա հաջորդ տասնամյակում: Ցավոք, ոչ բոլոր եվրոպական, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, երկրներն են հասկանում սա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: