ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Կիրո Մանոյանի հետ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ նորընտիր Ազգային Ժողովում ներկայացված է լինելու չորս քաղաքական ուժ: Հենց այդ ուժերն են սահմանելու երկրի արտաքին քաղաքական կուրսը: Ուստի, ներկայացնում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ «Արմեդիա» ՏՎԳ-ի կողմից անցկացված հարցազրույցները՝ նրանց արտաքին քաղաքական ծրագրի վերաբերյալ:

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ: 

 - Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

-          Առաջինը, հայամետ և հայաստանակենտրոն քաղաքականությունն է, այսինքն` ոչ թե միտում այս կամ այն ճամբարին, այլ մեր ազգային պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն:

Երկրորդը, հիմնականում հարևանների հետ հարաբերություններին է վերաբերում, Արցախի հարցի կարգավորմանը: Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է աշխատանք տանի նաև Արցախի ճանաչման ուղղությամբ: Դրա համար Հայաստանը նաև պետք է քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու ՀՀ կողմից Արցախի Հանրապետութան ճանաչման գործընթացը, և դրա համար ասել ենք, արդեն և եկար ժամանակ է պնդում ենք՝ պետք է Հայաստանն Արցախի հետ ստորագրի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր: Դա կնշանակի որոշ չափով բարձրացնել ճանաչման մակարդակը, և այդ դեպքում ավելի հեշտ կլինի դիմել նաև այլ պետություններին, որպեսզի ճանաչեն:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք գտնում ենք, որ պետք է ընդհանրապես, անկախ Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ-չունենալուց, Հայաստանը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանք տանի:

Եվ նաև՝ որպես չորրորդ ուղղություն, Հայաստան-Վրաստան հարաբերությունների սերտացում, որպեսզի այդ սերտացումից նաև բարելավվի ջավախահայության և ընդհանրապես վիրահայության վիճակը, պաշտպանվեն նրանց իրավունքները:

 

 - Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:  

-          Մեր մոտեցումով Արցախն ի վերջո պետք է միացվի Հայաստանին. շարժումն այդ նպատակով է ստեղծվել: 1991թ., փաստորեն, մարտավարական նկատառումներով դեռ այն ժամանակ գործող սովետական օրենքների հիման վրա հռչակվել է անկախություն: Մեր տեսանկյունից անկախության հռչակումն ու ճանաչումը միայն հանգրվան է Հայաստանի հետ վերամիավորման գործընթացում: Այդ ուղղությամբ էլ պետք է աշխատել: Դրա համար էլ անհրաժեշտ է է՛լ ավելի զարգացնել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրային հիմքերը: Սա մի բան է, որի մասին երկար ժամանակ ասել ենք: Հայաստանի նախագահն էլ անցյալ տարվա ապրիլի կռիվների ժամանակ հայտարարեց, որ Արտգործնախարարությանը հանձնարարել է պատրաստել այդպիսի փաստաթուղթ: Մեր տեղեկություններով փաստաթուղթը պատրաստել են, բայց, այսպես ասած, հարմար պահին են սպասում այն ստորագրելու համար:

Մեր համար արդեն այդ հարմար պահը կա: Նախ անցյալ տարվա կռիվները, երբ հայտարարվեց նախագահի կողմից (Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական պայմանագրի մշակման մասին, խմբ.): Դրանից հետո էլ եղել են երկու հանդիպումներ կողմերի նախագահների մասնակցությամբ և ՄԽ համանախագահողների, նույնիսկ միջնորդ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ պայմանավորվածություններն են ձեռք բերվել, և այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում Ադրբեջանի կեցվածքի պատճառով: Դա բավարար առիթ է, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի Հայաստանի և Արցախի միջև:

Մենք գտնում ենք, որ հարցը պետք է խաղաղ կերպով փորձենք կարգավորել: Իսկ խաղաղ կարգավորումն անպայման չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի. աշխարհում եղել են ուրիշ հակամարտություններ, որտեղ աշխարհը, կարճ ժամանակ անց, ոչ թե այսպես, երբ արդեն քսան տարուց ավել է՝ բանակցություններ կան, կողմնորոշվել է ՝ ասելով, որ այս համակարտության կողմերից մեկն իր տեսակետը չի փոխել, չի փոխելու (խոսքը Կոսովոյի համակարտության մասին է),  ինչի համար մենք որոշակի քայլեր կձեռնարկենք, այդ քայլերն էլ հիմնականում կդրսևորվեն Կոսովոյի ճանաչմամբ:

Մենք այդ ուղղությամբ էլ աշխատանք պետք է տանենք:

 

 - Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

-          Ցեղասպանության միջազգային ճանաչումը բավական առաջ գնացել է: Առավել առաջ գնացած կարելի է համարել, եթե էլի պետություններ ճանաչեն: Դրա համար էլ այդ ուղղությամբ աշխատանք տանելու կողքին անհրաժեշտ է նաև հատուցման հարցերը բարձրացնել: Ինչպես Արցախի պարագայում մենք՝ որպես կուսակցություն, այդ ուղղությամբ աշխատանք տանում ենք, բայց արդեն պետությունը պիտի սկսի այդ ուղղությամբ աշխատել, այս դեպքում էլ, մենք՝ որպես կուսակցություն, արդեն հատուցման հարցերով որոշ քայլեր արել ենք, գիտենք նաև, որ պետության կողմից որոշ նախնական նախաձեռնություններ կան, բայց պետք է ավելի ակտիվ լինի պետությունն այդ ուղղությամբ՝ սկսած հատուցման խնդիրների սահմանումից, մինչև ճանապարհների որոնում, այդ աշխատանքների համադրում այլ դերակատարների հետ: Ամեն ինչ չէ, որ պետությունը կկարողանա անել, կամ պետք է անի, սակայն ճիշտ կլինի, որ պետությունն այդ ամբողջը համադրի, ղեկավարի: Դրա համար էլ պետք է, որ պետությունն ակտիվ լինի այս ուղղությամբ:

 

 - Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

-          Երկրի ներսում՝ որպես համակարգի, հասարակարգի զարգացման ուղղություն, մենք կարծում ենք ճիշտ ուղղությունը եվրոպականն է: Եվ պետք է այդ ուղղությանը հետևենք, տեղայնացնենք, որովհետև մենք քաղաքակրթությամբ իրականում եվրոպացի ենք: Եվ Եվրամիության հետ անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Բնականաբար, ճիշտ է նաև տնտեսական համագործակցության ուղղությամբ աշխատանքներ տանել Եվրամիության հետ:

Մենք մինչև հիմա լրիվ չենք էլ օգտագործել այն հնարավորությունները, որոնք ունենք Եվրամիության հետ: Անհրաժեշտ է նաև ներքին որոշ փոփոխություններ կատարել՝ մեր արտադրանքի որակը բարձրացնելու և համապատասխանեցնելու ԵՄ չափանիշներին, որպեսզի կարողանանք նաև մտնել եվրոպական շուկա: Ունենք հիմա որոշ արտադրանքներ, սակայն դա շատ սահմանափակ է: Ավելին անելու հնարավորություն կա և ավելին պետք է անենք եվրոպական առանձին երկրների և Եվրամիության հետ ընդհանրապես:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք կողմ ենք եղել ԵԱՏՄ մաս կազմելուն: Մենք ՀՀ  և ՌԴ նախագահների առաջին հայտարարություններն ենք քննադատել, որովհետև անհրաժեշտ քննարկումը, խորհդակցությունը չէր իրականացվել ՀՀ քաղաքական ուժերի և հասարակության հետ: Սակայն երբ պահը եկավ և արդեն պետք էր դիրքորոշում ցույց տալ, մենք կողմ ենք արտահայտվել: Դա չի նշանակում, որ շատ սահուն պիտի ընթանա ամեն ինչ: Տեսնում ենք նաև, որ Միությունում կան որոշ պետություններ, որոնք ադրբեջանամետ քաղաքականություն են վարում՝ ի վնաս մեզ հետ հարաբերությունների: Սակայն այդ ամբողջն իմանալով, անհրաժեշտ է, որ մենք այդ ինտեգրումը շարունակենք: Բնականաբար, ԵԱՏՄ-ի կամ դրա մաս չկազմող հարևան կամ մերձավոր երկրների հետ պետք է հնարավորինս աշխատանքներ տանենք:

Կարևոր երևույթ է և դրա մեջ մենք նաև դերակատարություն ունեցել ենք, որ ի վերջո Արտգործնախարարությունն ունեցավ արտաքին առևտրով զբաղվող փոխնախարար: Այսինքն, անհրաժեշտ է, որ արտաքին առևտուրը մաս կազմի մեր արտաքին քաղաքականության, բայց դրա համար անհրաժեշտ է երկրի ներսում ունենալ բարձր որակի արտադրանք, և այնպես չլինի, որ մենք միայն ներկրող երկիր ենք:

 

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

- Վրաստանը շեշտում ենք այս ընտրությունների առիթով, որովհետև որպես կուսակցություն, արդեն իրենց շրջանակների հետ հարաբերություններ հաստատելու որոշ նախաձեռնություններով  հանդես եկել ենք՝ նախքան իրենց խորհրդարանական ընտրությունները,  և մեր ընտրություններից հետո պիտի շարունակենք այդ հարաբերությունները: Ջավախահայերի և վիրահայության իրավունքների կատարմանն աջակցելու խնդիր կա:

Ինչ վերաբերում է Իրանին, բնականաբար, այդ երկրի հետ մեր հարաբերությունները պետք է սերտացնենք, խորացնենք տնտեսական և այլ գործակցությունը, տարածաշրջանային ծրագրերի ուղղությամբ պետք է նոր նախաձեռնություններ իրականացվեն: Բավական հարցերի մասին արդեն խոսվել է՝ նավթամուղ, երկաթգիծ: Բոլոր այդ հարցերն իրականանալի են քաղաքական տեսանկյունից: Մնում է դրանց գործնական իրականացումը: Այս առումով պետք է աշխույժ լինենք և ակնկալենք աշխուժություն նաև իրանական կողմից:  Մեզ համար անհանգստացնող կարող է լինել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների կրկին լարումը:

 - Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

- Տարածաշրջանային ասելով, եթե ի նկատի ունենք Հարավային Կովկասը կամ Անդրկովկասն, ապա դա այնպիսի տարածաշրջան է, որը ճամբարների հանդիպման վայր է: Անհրաժեշտ է, որպեսզի այդ վայրը չհանդիսանա բախումների վայր, ինչը կվնասի տարածաշրջանում ապրող ժողովուրդներին, ճանաչված կամ չճանաչված պետություններին: Այդ իմաստով, մենք գտնում ենք, որ պետք է ավելի խորացնել մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, բայց նաև՝ այլ ուղղություններով, եթե հնարավոր է եվրոպական որոշ ուղղությունների, ՆԱՏՕ-ի հետ՝ առանց անդամակցության հարց դնելու: Մեր մոտեցումն այն է, որ եթե որևէ դաշինքի մաս ենք, դա ոչ թե ընդդեմ որևէ մեկի է, այլ՝ հանուն անվտանգության: Այս մոտեցումով անհրաժեշտ է, որ հարաբերությունները սերտացնենք, սակայն մյուս կողմին բացատրենք,  որ չնեղանա՝ շարունակելով զբաղվել մեր անվտանգության հարցերով:

Եթե մի քիչ ավելի լայն նայենք՝ Մերձավոր Արևելք, Սիրիա, Իրաք, Թուրքիա, ապա պետք է ասել, որ կա անորոշություն, սակայն մենք այս ուղղություններով էլ պետք է լինենք ակտիվ, գործունյա, հատկապես Սիրիայի և Իրաքի պարագայում, որտեղ ունենք համայնքներ: Ճիշտ է Թուրքիայում էլ ունենք համայնք, սակայն այդ երկրի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Այս ուղղություններով էլ պետք է լինենք դերակատար, կողմ հանդիսանալու խնդիր չկա, սակայն մեր անվտանգության հարցերի և այդ երկրներում մեր հայրենակիցների շահերի սպասարկման իմաստով պետք է ակտիվ լինենք:

 

  - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

- Այս ընտրություններին մասնակցի միակ կուսակցությունն ենք, որը և՛ ՀՀ-ում, և՛ Արցախի Հանրապետություն, և՛ արտասահմանյան շուրջ երեսուն երկրներում կառույց  ունենք: Այդ իսկ պատճառով մեր տեսանկյունը շատ առարկայական է, օբյեկտիվ. այն իմաստով, որ գիտենք՝ ինչի մասին ենք խոսում և ինչ կարող ենք անել:

Անհրաժեշտ է Սփյուռքին առավել ևս մասնակից դարձնել ՀՀ բոլոր բնագավառների զարգացումներին: Ճիշտ է՝ որոշներում կա Սփյուռքի մասնակցություն, պարզ է, որ դա միատարր միավոր չէ, խոսում ենք ընդհանուրի մասին: Ճիշտ է, որոշ կառույցներին անդամակցելով, անհատապես կամ այլ կերպ դրսում ապրող մեր հայրենակիցները մասնակցություն ունեն ՀՀ ներքին հարցերին, սակայն անհրաժեշտ է, որ նրանք մասնակցություն ունենան նաև քաղաքական զարգացումներին: Դրա ամենակարճ ճանապարհը երկքաղաքացիությունն է:

Բնականաբար պետք է մի կողմից երկրի վիճակը բերել բավարար մակարդակի, իսկ մյուս կողմից՝ աշխատանքներ տանել, որպեսզի նաև տեղի ունենա հայրենադարձություն՝ և՛ ՀՀ-ում ծնված հեռացածների, և՛ ՀՀ-ում չծնվածների: Դա, բացի ժողովդրագրական հարցերի լուծումներից, կնպաստի նաև երկրի տնտեսական վիճակի բարելավմանը:

Սփյուռքի պարագայում յուրաքանչյուր կողմին պետք է մոտենանք անհատապես, ոչ թե այն դիտարկենք միագույն:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: