ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Արտակ Զաքարյանի հետ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ նորընտիր Ազգային Ժողովում ներկայացված է լինելու չորս քաղաքական ուժ: Հենց այդ ուժերն են սահմանելու երկրի արտաքին քաղաքական կուրսը: Ուստի, ներկայացնում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ «Արմեդիա» ՏՎԳ-ի կողմից անցկացված հարցազրույցները՝ նրանց արտաքին քաղաքական ծրագրի վերաբերյալ:

 Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: 

 -   Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեության համար սահմանել է ուղենիշներ և գերակայություններ, որոնք  նպատակ ունեն ապահովել հարևան երկրների հետ բարիդրացիական և կայուն հարաբերությունների հաստատումն ու պահպանումը, միջազգային հանրությանը բնականոն ինտեգրումը, նրանում Հայաստանի դերի մեծացումը, աշխարհի մյուս երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ կապերի զարգացումը:

  - Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ինչպես բազմիցս նշվել է ամենաբարձր մակարդակում, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը  Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ կապված մեծապես պայմանավորված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մեր նպատակն է, որ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվի փաստացի կայացած հանրապետության բնակչության կողմից: Այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու: Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:

Միևնույն ժամանակ, անընդհատ և մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի ադրբեջանական կողմի մտքով երբևէ չանցնի, որ կարող է լինել նաև լուծման այլ ճանապարհներ: Մենք շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:

 - Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

2009թ-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս ՀՀ քաղաքական ղեկավարությունը լիովին պատկերացնում էր հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Թուրքիային տրված էր հնարավորություն բացել իր իսկ կողմից փակված սահմանը` կարգավորելով հարաբերությունները: Սակայն այդ հնարավորությունը, ցավալիորեն, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պատճառով, չօգտագործվեց:

Դեռ ավելին, Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը: Այս ամենի լույսի ներքո, ՀՀ Նախագահը  2015 թվականին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Ներկայումս գնդակը Թուրքիայի դաշտում է: Եթե ապագայում Թուրքիան անդրադառնա բանակցված արձանագրությունների վարվերացմանը, գուցե մեզ մոտ ևս որոշակի զարգացումներ լինեն:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, ապա դա կենդանի գործընթաց է: Երեք տասնյակ պետություններ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մենք շարունակվելու են ջանքերը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար:

 - Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

 Ինչպես բազմիցս է նշվել, ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է  փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների և միջազգային կազմակերպությունների շահերի համադրման վրա: Մեր պետականության կայացման անցած տարիների ընթացքում, ՀՀ-ն իր արտաքին քաղաքական ինտեգրացիոն գործընթացները պայմանավորել է տարբեր համակարգերում փոխներդաշնակ ընդգրկման համատեքստում. անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ զարգացրել է իր գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Լինելով ՆԱՏՕ-ի հետ գործընկեր երկիր, մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես մեր երկրի ռազմավարական դաշնակից պետություն:

ՌԴ-ի հետ ՀՀ-ն սերտ փոխգործակցում է անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության ապահովման համատեքստում: Մենք նոր մակարդակի ենք բարձրացնելու Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական գործընկերությունը։

ՀՀ արտաքին քաղաքականության համայնապատկերում իր ուրույն տեղն ու դերն ունեն հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այս երկկրողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության և այլն։ Այս բոլոր ոլորտներում մեր գործակցությունը բնութագրվում է որպես արդյունավետ: Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր թափ հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը:

Մենք նաև մեծապես կարևորում և մեր գործունեության մեջ հատուկ շեշտադրում ենք կատարում եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և այդ հարաբերությունների զարգացման հնարավոր պոտենցիալի բացահայտմանը: Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։  

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով օժանդակելու ենք մեր գործարարներին Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար:

Մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առանցքային է ԵՄ հետ համագործակցությունը։ Շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ նոր իրավական շրջանակում:

 -  Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում առկա է բարձր մակարդակի շփումների ակտիվացում: Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ամուր հիմքը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությամբ: Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է երկուստեք հետաքրքրություն և կարևորություն ներկայացնող արդիական օրակարգի ձևավորումը և առկա խնդիրների շուրջ օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմների գործածումը:

Ինչ վերաբերում է ՀՀ-Իրան հարաբերություններին, ապա թե' Իրանը և թե' ՀՀ-ն շահագրիռ են անելու առավելագույնը առկա հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:  Այս ուղղությամբ կատարվող քայլերը գործնական են. ինչպես գիտենք, 2016 թվականի ավարտին Նախագահի նստավայրում տեղի ունեցան հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ, որոնց ավարտին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Սահմանված են երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ ծրագրեր, առկա է երկկողմանի հանձնառություն այդ ծրագրերի իրականացման համար: Երկկողմանիորեն կարևորվում է քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցերը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք է բերված պայմանավորվածության, համաձայն որի շարունակում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: Մենք նոր թափ ենք հաղորդելու Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերություններին, հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա, և շարունակելու ենք ամրապնդել ու զարգացնել մեր հարաբերությունները գործընկեր երկրների հետ:

 - Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

 Տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման համար մենք կարևորում ենք հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում իր ուրույն տեղն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` որպես տարածաշրջանում կայունության պահպանման գործում կարևոր գործոն: 

Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառել են և ներառելու են քաղաքական, դիվանագիտական, իրավական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և նպատակների իրականացումը շարունակելու է մնալ առաջնային: Հայաստանը հետևողականորեն իր ներդրումն է բերելու ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդման գործում: Միաժամանակ շարունակվելու են խորանալ գործընկերային հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ հետապնդելով ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման, զինված ուժեր - հասարակություն համագործակցության խորացման, պաշտպանական համակարգի շարունակական բարեփոխման նպատակներ:

  - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

 ՀՀ-Սփյուռք գործակցության ոլորտները բազմաթիվ են և բազմավեկտոր: Հարաբերությունների կառուցման հիմքում առանցքային խնդիր է հանդիսանում հայապահպանության հարցը: Կարևորվում է Սփյուռքի ներգրավմամբ ներդրումային քաղաքականության խթանման հարցը: Պետական մակարդակով արվում է հնարավորը այս հարցում Սփյուռքի լիարժեք ներուժի ներգրավման համար:

Սփյուռքն իր դերն ունի նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթացում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առաջնային խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հարցի լուծումն է:

Եվ, իհարկե, ՀՀ-Սփյուռք հարաբերություններում իր ուրույն տեղն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը` որպես անցյալի հանդեպ արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր հարց:

Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում են մնալու նաև աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության և երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Այսօր չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել առկա ձեռքբերումներով: Պետք է սահմանենք նոր նշաձողեր: Մեզ պատմական առիթ է ընձեռվել հանդես գալու բազմապատիկ ուժով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հնարավորությունները:

 

 - Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

 Հայաստանի Հանրապետության համար խիստ անհանգստացնող են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Մեր անհանգստությունը մեծապես պայմանավորված է Սիրիայում առկա զարգացումներով և մեր համայնքի ճակատագրով: Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ընդունել հազարավոր հայերի և ցուցաբերել հնարավոր աջակցություն: Կատարվում է ամենը` Հայաստանի հասարակությանը սիրիահայերի հնարավորինս արագ ինտեգրումն ապահովելու համար: Պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները:

Մենք լիահույս ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների արագ և արդյունավետ հանգուցալուծման: Մենք շարունակելու ենք մերձավոր արևելքում մեր բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները՝ հենված փոխադարձ շահերի, քաղաքական և տնտեսական համագործակցության վրա, ինչպես նաև հումանիտար նշանակության խնդիրների շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: