ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ցանկանում է կանխել ռազմական կորուստների վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումը. ադրբեջանագետ (ԲԱՑԱՌԻԿ)

Փետրվարի 14-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ընդունեց «Ռազմական դրության մասին» փոփոխությունների օրինագիծը, որի մասին լուրերը սկսել են ակտիվ շրջանառվել մամուլում վերջին օրերին: Այդ թեմայով «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ:

-Ի՞նչ հիմնական փոփոխություններ են կատարվել ռազմական դրության հայտարարման մասին օրենքում:

Միլլի Մեջլիսի ընդունած օրինագծի համաձայն, այսուհետ Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն ունեն ռազմական դրություն հայտարարել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում: Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ռազմական դրության հայտարարման դեպքում սահմանվում է ռազմական գրաքննություն: Դա նշանակում է՝ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուրերն ու նյութերը հրապարակելուց առաջ դրանք նախապես համաձայնեցնել ռազմական ղեկավարության և համապատասխան վերահսկողական մարմինների հետ: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման դեպքում ամբողջական վերահսկողություն է սահմանվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային ու ռադիոխոսակցությունների վրա, որպեսզի բացառվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքն ու տարածումը: Սա նշանակում է, որ բանակին և զինվորականության հարցերին առնչող ցանկացած տեղեկատվություն խստորեն վերահսկվելու է, և պաշտոնական մոտեցմանը հակասող կամ դրան չհամապատասխանող լրատվության տարածումը դառնելու է քրեորեն պատժելի: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման պայմաններում արգելվում է ընտրությունների, հանրաքվեների կազմակերպումը երկրում: Կդադարեցվի նաև կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Դրան զուգահեռ հեշտացվել ու արագացվել է ռազմական դրության հայտարարման ընթացակարգը։ Օրինակ, եթե մինչ այժմ գորող օրենքը սահմանում էր, որ երկրի նախագահը երկրում ռազմական դրություն հայտարարելու համար դիմում է Միլլի Մեջլիսին, որը պետք է 72 ժամվա ընթացքում քննարկի դիմումը, ապա նոր օրենքով այդ ժամկետը նվազեցվել է մինչև 48 ժամի։

-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները:

-Ըստ իս, սրանք ուղղված են թե՛ արտաքին և թե՛ ներքին խնդիրների լուծմանը: Այսինքն, մի կողմից, իհարկե, այս փոփոխությունը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանը պատրաստում է հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Ավելին, հստակ շեշտվում է, որ սա պայմանավորված է Ղարաբաղյան հակամարտությամբ: Փաստացի, սահմանային լարվածության աճի դեպքում, եթե Ադրբեջանը հակամարտության գոտում ռազմական դրություն հայտարարի, անհնար է դառնալու Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ոչ պետական, այլընտրանքային տեղեկատվության ձեռքբերումը: Այդ քայլով, հեշտությամբ կկանխվի հակառակորդի ռազմական կորուստների վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումը:

Մյուս կողմից, սա լրացուցիչ լծակ է Ալիևի համար հասարակության վրա վերահսկողությունն ուժեղացնելու և իշխանության դեմ ցանկացած հնարավոր ընդվզում կանխելու համար: Այս կարծիքները հնչում են նաև Ադրբեջանի ներսում: Արդեն իսկ, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ասել է, որ այս քայլով Ալիևը ցանկանում է պարզապես լռեցնել հասարակությանը: «Խազար» ռազմական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ջասուր Սումենլին էլ կարծիք է հայտնել, որ այս օրենքը իշխանությունները կկիրառեն «սև օրվա» համար, երբ որևէ սպառնալիք առաջանա իրենց դեմ:

Նշեմ, որ Ադրբեջանի ներքաղաքական դաշտում ղարաբաղյան խաղաքարտը հաճախ է դրվում կիրառության մեջ: Այսինքն, եթե իսկապես ներքաղաքական իրադրությունը լարվի կամ սոցիալ-տնտեսական խնդիրների առնչությամբ որևէ ընդվզում լինի, սահմանային իրադրությունը սադրելով և դրա միջոցով ռազմական իրադրություն սահմանելով, ադրբեջանական իշխանություններն արագորեն «կշտկեն» իրավիճակը:

Ուշագրավ է նաև, որ այս փոփոխությունը հաստատվեց Ալիևի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում, որտեղ վերջինս փաստել էր, որ Ադրբեջանը պատրաստակամ է շարունակել բանակցությունները: Սա հիշեցնում է հայտնի ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի խոսքերը. «Պատերազմ նյութելիս բռնակալները, եթե դեռևս լիակատար զինված չեն՝ հաճությամբ են խոսում խաղաղության մասին»: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: