ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Բնակչության 70 %-ից ավելին ակնկալում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացում և խորացում. Արամ Սաֆարյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևորագույն իրադարձություն է, որն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը և զարգացման մեծ հեռանկարները: Այդ մասին այսօր «Sputnik-Armenia» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանը նշել է, որ ՀՀ նախագահի այցին ընդառաջ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն Եվրասիական փորձագիտական ակումբի հետ միասին իրականացրել են քաղաքական ընթացիկ հետազոտություն, որի շնորհիվ պարզել են հայ հասարակության վերաբերմունքը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նկատմամբ, ինչպես նաև այդ քաղաքական վեկտորի դերը խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում:

«Հայաստանի բնակչության շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ քիչ քան բնակչության 70 տոկոսն ակնկալում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացում»,- ասել է Արամ Սաֆարյանը: Նա նաև նշել է, որ հայ հասարակության մեծամասնությունը ՀՀ գործող կառավարությունից ակնկալում է ՀՀ տնտեսության բարելավմանն ուղղված քայլեր, որոնք ենթադրում են ռուսական ներդրումների ծավալի մեծացում ու հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացում:

Սաֆարյանը նաև նշել է, որ Ռուսաստանն այժմ նույնպես շահագրգռված է Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերի զարգացումը, գյուղատնտեսական նոր ձեռնարկությունների ստեղծումը խթանելու հարցում՝ հաշվի առնելով ՌԴ կողմից որդեգրված նոր տնտեսական քաղաքականությունը (Արևմուտքից ներկրվող ապրանքների փոխարինումը):

«Գլխավոր քաղաքական ուժը, որը տարիներ շարունակ կրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման վեկտորը, եղել է իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն»,- ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ մյուս երկու քաղաքական ուժերը, որոնք իրենց ներդրումն են ունեցել ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման հարցում «Ծառուկյան» դաշինքն է, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, և Կոնգրես-ՀԺԿ դաշինքը՝ մասնավորապես ՀԱԿ-ը:  «Խորհրդարանական ընտրություններում հաղթելու մեծ հավանականություն ունեն հենց այն քաղաքական ուժերը, որոնք հետևողական կերպով հանդես են գալիս ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման օգտին»- ասել է Սաֆարյանը:

Նա կարևորել է Հայաստանի անկեղծ և թափանցիկ համագործակցությունը նաև Արևմուտքի հետ՝ նշելով, որ արևմտյան երկրների դիվանգետների և քաղաքական գործիչների հետ զրույցները ցույց են տալիս, որ նրանք ևս շատ լավ գիտակցում են ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի կարևորությունը Հայաստանի համար և դրա այլընտրանք չունենալը:

«Աշխարհում չկա այլ ուժային բևեռ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի հետ հարաբերությունների այս ամբողջ բեռը և հանդես գալ, որպես Հայաստանի ռազմաքաղաքական հովանավոր»,- նշել է Սաֆարյանը: «Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի զարգացման և դրա հետ մեկտեղ ուժային մյուս բևեռների հետ հարգանքի, վստահության, փոխօգնության և փոխադարձ ըմբռնման վրա, ճշմարիտ է, և քաղաքական դաշտում այս պահին այս դիրքորոշումն ուղղակի այլընտրանք չունի»,-եզրափակել է Արամ Սաֆարյանը:

Փարձագետը նշել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև քաղաքակրթական բախման այս իրավիճակում Հայաստանի համար աշխարհաքաղաքական ընտրության առակատումը լի է վտանգներով: Եվ այդ պարագայում կարևոր է Հայաստանի իշխանությունների թափանցիկ, բաց քաղաքականությունն ու անկեղծ կեցվածքը՝ երկրի անվտանգության ու կենսունակության համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: