ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Արմեն Մարտիրոսյանի հետ

Խորհրդարանական ընտրությունները նաև երկրի արտաքին քաղաքականության կուրսի ընտրություն են: «Արմեդիա» ՏՎԳ-ի  գերակայություններից մեկը ՀՀ արտաքին քաղաքականության լուսաբանումն ու վերլուծությունն է: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնի առաջադրված 9 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միևնույն հարցաշարով անցկացված հարցազրույցներ՝  ընթերցողի համար առավել հստակեցնելով քաղաքական այդ ուժերից յուրաքանչյուրի մոտեցումները ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղությունների վերաբարյալ:

 Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը «Օհանյան – Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:

 - Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

-         Առաջին հերթին, ինքնիշխանության, սուբյեկտայնության բարձրացում և հավասարակշռված քաղաքականություն:

 - Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-         Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում, Ղարաբաղի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պաշտպանություն:

 - Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

-         Հարաբերությունների վերականգնումն առանց նախապայմանների դրական է, բայց այս պահին նմանատիպ հնարավորություն չեմ տեսնում, որովհետև թուրքերը նախապայմաններից չեն հրաժարվում, հայկական կողմն էլ իրավունք չունի նախապայմաններով հարաբերություններ հաստատելու:

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գրավականն ուժեղ պետություն ունենալն է և Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստակամությունը:

Ցեղասպանության ճանաչման հետ կապված, մենք տեսել ենք, որ աշխարհի շատ պետություններ են ընդունել Ցեղասպանությունը, երբ Հայաստանն ուժեղ և հետամուտ է եղել: Հիմա ակնհայտորեն նմանատիպ իրավիճակ չէ, և հատկապես հայ-թուրքական արձանագրությունները խանգարեցին դրան: Մեր՝ իշխանության գալու պարագայում չեմ բացառում, որ պետությունները շարունակեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 - Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

-         Մեզ համար արտաքին քաղաքականության մեջ ամենակարևոր խնդիրը հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականություն վարելն է: Մեր դաշնակից ՌԴ հետ հարաբերությունները շարունակվելու ենք, Արևմուտքի հետ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, իրական, խորքային հարաբերություններ են լինելու և ոչ թե թղթի վրա գրված ինչ-որ գրանտներ, որոնք մտնում են Հայաստան և ոչինչ չեն տալիս:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

-         Շատ ենք կարևորում Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների խորացումը: Վրաստանը մեր բնական գործընկերն է, և մենք պետք է այդ բնականությունը երկկողմ պայմանագրերով կարողանանք ապահովել այն աստիճան, որ որևէ խնդիր չլինի Վրաստանի հետ հարաբերություններում: Իրանի հետ ևս առևտրատնտեսական, քաղաքական նաև ռազմաքաղաքական լավ, խորը հարաբերություններ պետք է ունենանք:

Երկու պետություններն էլ մեր բնական դաշնակիցներն են, և դրանով ամեն ինչ ասված է: Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն իսկապես խորքային լինեն: Ինքնիշխան Հայաստանը կարող է շատ արդյունավետ և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարաբերություններ հաստատել երկու հարևան երկրների հետ:

 - Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

-         Իսկապես խիստ փոփոխական է տարածաշրջանը, տեսնում ենք տարատեսակ զարգացումներ: Շատ արագ տեմպով դա դեպի Հայաստան է գալիս: Տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու համար, առաջին հերթին, երկրները պետք է ժողովրդավարական լինեն, ինչը սակայն այդպես չէ. և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ըստ էության, ավտորիտար պետություններ են դարձել: Բնականաբար, դա որոշակի վտանգ է ներկայացնում, ուստիև մենք պետք է համապատասխան ձևով կարողանանք ապահովել մեր անվտանգությունն, ինչպես ինքնուրույն, այնպես էլ տարատեսակ դաշնակցային և պայմանագրային հարաբերություններով, այդ թվում՝ երկկողմ:

 - Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

-         Ընդհանուր օրակարգի առաջնահերթությունը պետք է լինի միասնությունը: Մենք կարևորում ենք ոչ միայն ներդրումները, որ Սփյուռքի կողմից կարող են արվել Հայաստանում, այլ նաև նրանց կողմից մեր երկրում որոշումների կայացման մեխանիզմում մասնակցությունը, մասնագիտական կադրերով այստեղ ներկայացված լինելը: Հարաբերությունները պետք է լինեն խորքային և ոչ թե դեկլարատիվ:

 - Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

-         Այս պահին ես չեմ կարծում, թե Հայաստանը կարող է որևէ քաղաքականություն իրականացնել: Հայաստանը կարող է Մերձավոր Արևելքի հետ կապված, հատկապես ազգությամբ հայ բնակչությանը պաշտպանելու քաղաքականություն վարել, եթե կարողանա իր շահերը սպասարկել, կարողանա տնտեսապես այնքան հզորանալ, որպեսզի համապատասխանաբար այդ գործընթացներին կարողանա մասնակցել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: