ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի հռչակագիր. ամբողջական

GTP Headlines

Մարտի 25-ին Հռոմում կայացավ ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով՝ նվիրված ԵՄ ստեղծման համար հիմք ծառայած  Հռոմի համաձայնագիր 60-ամյակին: Միջոցառման ավարտին անդամ երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով սահմանվում են ԵՄ հետագա զարգացման ուղղությունները միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:  Ստորև ներկայացնում ենք հռչակագիրն ամբողջությամբ՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ: 

 

Հռոմի հռչակագիր[*]

25.03.2017

 

Եվրոպական միության 27 անդամ պետությունների ղեկավարների, Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի հռչակագիր 

 

Մենք՝ ԵՄ 27 անդամ պետությունների և ԵՄ ինստիտուտների առաջնորդներս, հպարտ ենք Եվրոպական միության ձեռքբերումներով. Եվրոպական միության կառույցը համարձակ և հեռատես նախաձեռնություն է: Վաթսուն տարի առաջ վերականգնվելով երկու համաշխարհային պատերազմների ողբերգությունից՝ մենք որոշեցինք միավորվել և վերակառուցել մեր մայրցամաքը մոխրի միջից: Մենք կառուցեցինք եզակի միություն՝ ընդհանուր հաստատություններով և ուժեղ արժեքներով: Խաղաղության, ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մի համայնք, խոշոր տնտեսական ուժ՝ սոցիալական պաշտպանության և բարեկեցության չտեսնված մակարդակով: Եվրոպական միասնականությունը սկսվել է որպես մի քանիսի երազանք, սակայն դարձել է հույս շատերի համար: Այնժամ Եվրոպան կրկին մեկ ամբողջություն դարձավ: Այսօր մենք միասնական ենք և ուժեղ: Հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ Եվրոպայում օգտվում են ընդլայնված միության հնարավորություններից, որոնց միջոցով հաղթահարվել են հին տարանջատումները:

Եվրոպական միությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, ինչպիսիք են համաշխարհային ու ներքին տարածաշրջանային հակամարտությունները, ահաբեկչությունը, միգրացիոն ճնշումները, հովանավորչության քաղաքականությունը, սոցիալական և տնտեսական անհավասարությունը: Միասին մենք վճռական ենք պատասխանել արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին և առաջարկել մեր քաղաքացիներին անվտանգություն և նոր հնարավորություններ:

Մենք կդարձնենք Եվրամիությունն ավելի ուժեղ և տոկուն՝ է՛լ ավելի միասնական և համերաշխ լինելու, ինչպես նաև ընդհանուր կանոնները հարգելու միջոցով: Միասնությունն, ինչպես անհրաժեշտություն է, այնպես էլ մեր ազատ ընտրությունը: Առանձին-առանձին մենք մի կողմ կնետվեինք համաշխարհային դինամիկայից: Միասին լինելը մեր լավագույն հնարավորությունն է՝ պաշտպանելու մեր ընդհանուր շահերը և արժեքները: Մենք պետք է գործենք միասնաբար՝ շարժվելով, անհրաժեշտության դեպքում տարբեր տեմպերով և ինտենսիվությամբ, սակայն նույն ուղղությամբ, ինչպես դա արել ենք անցյալում՝ համաձայն առկա պայմանագրերի և դուռը բաց պահելով բոլոր նրանց համար, ով ցանկանում է միանալ մեզ: Մեր միությունն անբաժան և անքակտելի է:

Մոտակա տասը տարիներին մենք ցանկանում ենք ունենալ Միություն, որն անվտանգ և ապահով է, բարեկեցիկ, մրցունակ, կայուն և սոցիալապես պատասխանատու, ինչպես նաև աշխարհում և ձևավորվող գլոբալիզացիայում առանցքային դեր խաղալու կամքով և եռանդով լի: Մենք ցանկանում ենք ունենալ Միություն, որտեղ քաղաքացիները մշակութային ու սոցիալական զարգացման և տնտեսական աճի նոր հնարավորություններ կունենան: Մենք ցանկանում ենք ունենալ Միություն, որը բաց կմնա այն եվրոպական երկրների համար, որոնք հարգում են մեր արժեքները, և ձգտում խթանել դրանք:

Փոփոխության այս ժամանակներում, տեղյակ լինելով մեր քաղաքացիների մտահոգություններից, մենք պարտավորվում ենք հետևողական լինել Հռոմի օրակարգին, և խոստանում ենք աշխատել՝ կառուցելու.

1. անվտանգ և ապահով Եվրոպա. միություն, որտեղ բոլոր քաղաքացիներն իրենց անվտանգ կզգան և կկարողանան ազատ տեղաշարժվել, որտեղ մեր արտաքին սահմաններն արդյունավետ, պատասխանատու և կայուն միգրացիոն քաղաքականությամբ պաշտպանված կլինեն՝ հարգելով միջազգային նորմերը; Եվրոպա, որն ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու վճռականություն կունենա:

2. բարգավաճ և կայուն Եվրոպա. միություն, որը ստեղծում է աճ և նոր աշխատատեղեր; Միություն, որտեղ կա ուժեղ, փոխկապակցված և զարգացող միասնական շուկա՝ հագեցած տեխնոլոգիական նորարարություններով, որտեղ կայուն միասնական արժույթը բացում է աճի, համախմբվածության, մրցունակության, նորարարության և փոխանակման դռները՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար: Միություն, որը կայուն աճ է խթանում ներդրումների միջոցով; Միություն, որտեղ տնտեսությունները զուգամիտվում են; Միություն, որտեղ էներգիան ապահով է և մատչելի, իսկ շրջակա միջավայրը՝ մաքուր և անվտանգ:

3. սոցիալական Եվրոպա. Միություն, որը հիմնված է կայուն աճի վրա և նպաստում է տնտեսական և սոցիալական առաջընթացին, ինչպես նաև համախմբվածությանն ու կոնվերգենցիային՝ բարձր պահելով ներքին շուկայի ինտեգրվածությունը; Միություն, որը հաշվի է առնում ազգային համակարգերի բազմազանությունն ու սոցիալական գործընկերների առանցքային դերը; Միություն, որը խթանում է կանանց և տղամարդկանց հավասարությունը, ինչպես նաև բոլորի իրավունքներն ու հավասար հնարավորությունները; Միություն, որը պայքարում է գործազրկության, խտրականության, սոցիալական բացառման և աղքատության դեմ; Միություն, որտեղ երիտասարդները ստանում են լավագույն կրթություն և կարող են աշխատանք գտնել ողջ մայրցամաքում; Միություն, որը պահպանում է մեր մշակութային ժառանգությունը և նպաստում մշակութային բազմազանությանը:

4. ուժեղ Եվրոպա համաշխարհային թատերաբեմում. Միություն, որը զարգացնում է  գործընկերային հարաբերությունները, կառուցում է նորերն ու խթանում կայունությունն իր անմիջական հարևանությամբ՝ դեպի արևելք և հարավ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և առհասարակ; Միություն, որը պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա և աջակցել ավելի մրցունակ ու ինտեգրված պաշտպանական արդյունաբերություն ձևավորելուն; Միություն, որը հավատարիմ է ընդհանուր անվտանգությունն ու պաշտպանությունն ամրապնդելուն՝ համագործակցելով և փոխլրացնելով Հյուսիսատլանտյան Դաշինքը՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկություններն ու իրավական հանձնառությունները; Միություն, որը ներգրավված է Միավորված ազգերի կազմակերպության մեջ և սատարում է կանոնակարգված բազմակողմ համակարգը, հպարտ է իր արժեքների համար և իր ժողովրդի պաշտպանն է ՝ նպաստելով ազատ և արդար առևտրին և կլիմայի դրական գլոբալ քաղաքականությանը:

Մենք հետամուտ ենք լինելու այդ նպատակներին՝ հավատալով, որ Եվրոպայի ապագան մեր սեփական ձեռքերում է, և որ Եվրոպական Միությունը մեր նպատակներին հասնելու լավագույն գործիքն է: Մենք խոստանում ենք լսել և արձագանքել մեր քաղաքացիների բոլոր մտահոգություններին:

Մենք կաշխատենք միասին այն մակարդակով, որն իրական տարբերություն կտա. լինի դա Եվրամիության մակարդակը, թե ազգային, տարածաշրջանային կամ տեղական որևէ մակարդակ: Մենք կաշխատենք վստահության և հավատարիմ համագործակցության ոգով՝ ինչպես անդամ պետությունների ներսում և նրանց միջև, այնպես էլ ԵՄ ինստիտուտների շրջանակներում: Մենք կտանք անհրաժեշտության դեպքում տարբեր մակարդակներով մանևրելու հնարավորություն՝ Եվրոպայի ինովացիոն և աճի ներուժն ամրապնդելու համար: Մենք ցանկանում ենք, որ միությունը մեծ լինի՝ մեծ հարցերի համար և փոքր՝ փոքրերի: Մենք կնպաստենք ավելի ժողովրդավարական, արդյունավետ և թափանցիկ որոշումների կայացման գործընթացին:

Մենք՝ որպես ղեկավարներ, աշխատելով Եվրոպական խորհրդի և մյուս ինստիտուտների հետ միասին, կապահովենք, որ այսօրվա օրակարգն ի կատար ածվի և դառնա վաղվա իրականությունը: Մենք միավորվել ենք՝ հանուն ավելի լավի: Եվրոպան մեր ընդհանուր ապագան է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: