ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

ԼՂՀ մշակույթի նախարար. կինը միշտ պետք է տղամադու թիկունքին լինի, բայց նաև ինքն ամուր թիկունք զգա

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Հարցազրույցն իրականացվել է «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության կողմից և իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից:

Շատ է խոսվում պատերազմի մասին, շատ գրքեր են գրվել և դեռ կգրվեն, բայց անձամբ Ձեր՝ կնոջ աչքերով, ի՞նչ է պատերազմը:

- Պատերազմը յուրաքանչյուրի մոտ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում։ Կոնկրետ արցախցիների համար պատերազմն ավերաված բնակավայրերն են, ամեն քայլափոխին լսվող ողբն է, լացն է, բղավոցներն են, նկուղներում պատսպարված մարդիկ են: Արցախում պատերազմն ասոցացվում է նույնիսկ ջրի պակասի հետ: Պատերազմի ժամանակ Արցախում ջուր չկար, և մարդիկ կիլոմետրերով գնում էին, որպեսզի խմելու և տան օգտագործելու  համար ջուր բերեին: Այսինքն, պատերազմը մի բան է, որ խաթարում է քո կյանքն ամբողջությամբ, բայց մյուս կողմից էլ դա փորձություն է, որը ստիպում է կանգնել ընտրության առաջ. կամ դու հանձնվում և թևաթափ ես լինում, կորցնում ես քեզ, կամ դու ավելի ես կոփվում, ավելի ես ուժեղանում՝ դիմադրելով այդ բոլոր փորձություններին:

Ես 2016 թվականի ապրիլին նորից հասկացա, և ոչ միայն ես, այլ ամբողջ ժողովուրդը, թե ինչ է պատերազմը: Երբ ապրիլի 2-ին նորից սկսվեցին այդ ռազմական գործողությունները, ամբողջ ժողովուրդը մի պահ (խմբ. դժվարանում է արտահայտել մտքերը) քարացած վիճակում էր: Ոչ թե վախենում էր, այլ մտածում, որ այդ ամենը նորից պետք է կրկնվի և նրանք նորից պետք է անցնեն այդ ամենի միջով: Մի բան, որ դու երբեք չես ցանկանա ոչ մեկին, առավել ևս քո երկրին, քո ժողովրդին և քո հարազատներին:

Պատերազմը կոնկրետ ինձ համար, իհարկե մեծ ողբերգություն էր, որովհետև ես կորցրեցի իմ հարազատներին պատերազմում, և իմ ամուսնուն, և քույրս իր ամուսնուն կորցրեց, և ամուսնուս հայրն իր որդու հետևից գնաց և ինքն էլ զոհվեց: Շատերը կային իմ ազգակիցների մեջ, որ գիտակցված գնացին իրենց կյանքի գնով պաշտպանելու իրենց հայրենիքը, իրենց ընտանիքները:

- Իսկ պատերազմում որո՞նք են եղել կնոջ համար այն հիմնական դժվարությունները, որոնց Դուք անձամբ առնչվել եք:

- Երբ առաջին հրետակոծությունները սկսվեցին, ես գրկի երեխա ունեի: Իմ երեխան ծնվեց ու մի քանի օր հետո սկսվեց հրետակոծությունը:  Երևի դժվար չէ պատկերացնել այդ վիճակը, երբ դու ստիպված ես երեխայիդ գրկիդ առնել ու իջնել նկուղ, որը որևէ ձևով հարմարեցված չէ բնակության համար, որտեղ մինչ այդ առնետներն էին միայն: Ամբողջ շենքի բնակիչներն իջել էին նկուղ, ու ես էլ ստիպված  փոքրիկիս վերցրեցի և իջա, քանի որ բնակարանում անվտանգ չէր մնալը: Հայրս այդ ժամանակ աշխատում էր էլեկտրացանցում: Խորհրդային տարիներին շքերթների ժամանակ մեքենաները զարդարում էին դրոշներով, տարբեր կտորներով, նկարներով: Այդ տարիներին հայրս արդեն թոշակի էր անցել, սակայն դեռ աշխատում էր որպես տնտեսվար և այդ բոլոր զարդարանքներն իր մոտ էին պահվում: Մեզ պաշտպանելու համար հայրս այդ Լենինի նկարներով (խմբ. ժպտում է)  կտորները բերեց և նկուղում մի անկյուն առանձնացրեց, որպեսզի մենք իմ երեխային, ով դեռ քառասուն օրական էլ չէր, զերծ պահենք ընդհանուր միջավայրից և ունենանք մեր փոքրիկ, մի քիչ ավելի անվտանգ անկյունը: 

Իհարկե, շատ ծանր էր, ինչպես ասացի, անգամ ջուր չկար: Հայրս սայլակով գնում էր և հեռվից ջուր էր բերում օգտագործելու համար: Ամուսինս զոհվեց պատերազմի առաջին տարիներին:  Նա մասնակցել է դեռևս Շահումյանի մարտերին, երբ այստեղ բոլորը տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Շահումյանում: Ամուսնուս զոհվելուց երկու ամիս հետո երեխան ծնվեց: Ջոկատի տղաներն իրենց հոգու պարտքն էին համարում, ինչ-որ բանով մեզ օգտակար լինել: Նրանք երեխայի համար մանկական սնունդ էին բերում: Մեկ օր անգամ մեծ ամաններով ջուր էին բերել: Դա մեծ ուրախություն էր մեզ համար: Հետո ամուսնուս զինակից ընկերները մեզ առաջարկեցին տանել գյուղ, որպեսզի ապահով լինի երեխայի համար: 1992 թվականի փետրվարն էր, երբ պատրաստ սպասում էինք, որ մեզ գան և մեքենայով տեղափոխեն գյուղ, առաջին անգամ սկսեցին խփել գրադի արկերով, քառասուն հատ իրար հետևից: Մինչ այդ, երբ մեկ-մեկ էին խփում, մենք գրադի մասին տեղյակ չէինք, չգիտեինք թե դա ինչ է:  Այդ ժամանակ միանգամից 40 արկ խփեցին Ստեփանակերտի վրա: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Երեխային վերցրեցինք, նորից վազեցինք նկուղը: Սպասեցինք, երբ 40 հարվածը վերջացավ, մի փոքր դադար եղավ: Մեքենայի ձայն լսեցի, դուրս եկա տեսա ամուսնուս ընկերն է, եկել է, որ մեզ տանի: Երբ սկսեցին հարցեր տալ, թե ինչ է կատարվում, ասաց, որ ոչինչ չհարցնենք և արագ դուրս գանք քաղաքից: Երբ մեքենայով քաղաքից դուրս էին գալիս, նորից սկսեցին կրակել: Կանգնեցրեցինք մեքենան, որ երեխայի բարուրը փոխեմ, երբ հետ նայեցինք, տեսանք, որ Ստեփանակերտից ծուխ է  բարձրանում:

Հայրս, ով եկել էր մեզ հետ, մեզ թողեց գյուղում, ինքը ետ վերադարձավ: Մյուս օրը, երբ հայրս Ստեփանակերտի մեր տանից դուրս է եկել, տեսնելու իր հարազատներն  ինչպես են, նորից են սկսել գրադով հարվածել: Նա թաքնվել է պատահական նկուղներից մեկում, երբ նկուղից դուրս է եկել, տեսել է, որ մեր շենքից  ծուխ է բարձրանում և մեր բնակարանն այլևս չկա: Շենքի վերևի հարկերն արկերից փլուզվել էին: Եթե մենք այդ օրը մնայինք տանը, այլ պիտի լիներ մեր ճակատագիրը: Սակայն այնպես ստացվեց, որ հենց այդ օրը մեզ տեղափոխեցին գյուղ:

Սա է պատերազմը՝ զրկանքներ: Բայց նույնիսկ զրկանքներին մենք սովորել էինք և կարողացանք դիմանալ առանց հաց, և առանց ջուր, սովորեցինք ապրել այլ պայմաններում: Բոլոր այդ դժվարություններին կարելի էր դիմանալ, ամենասարսափելին, իհարկե,  մարդկային կորուստն  է: Չնայած ներքուստ, բոլորս էլ գիտեինք, որ պատերազմ է և ամեն ինչ հնարավոր է, բայց միևնույն է հնարավոր չէ հաշտվել կորստի հետ…

- Ի՞նչն է Ձեզ ուժ տվել հաղթահարելու այդ բոլոր դժվարությունները:

- Երեխան, իհարկե, երեխան: Նախ պետք է ասեմ, որ շատ ուշ եմ այդ վիճակից դուրս եկել: Սակայն առաջին իսկ պահից ինձ ստիպեց ապրել իմ երեխայի ծնունդը: Երեխան ծնվեց, ես պետք է կարողանայի կառավարել իմ ապրումները, որպեսզի կարողանայի երեխային կերակրել: Դու չես կարող թուլանալ նաև քո հարազատների մոտ, որովհետև բոլորը քեզ են նայում: Իսկ ես ընդհանրապես ակտիվ եմ եղել: Դպրոցում էլ անընդհատ ակտիվ հասարակական գործունեությամբ եմ զբաղվել:  Ես սովորել էի, որ պետք է կարողանամ տարբեր իրավիճակներում ինքս ինձ գտնեմ, ուժ հավաքեմ, տարբեր իրավիճակներից ելք գտնեմ և այլն: Իհարկե, լինում էին նաև թուլության պահեր, չնայած իսկզբանե մենք գիտեինք, թե ուր ենք գնում:

Երբ ծանոթացա ապագա ամուսնուս հետ, արդեն սկսվեց շարժումը,  և երկուսս էլ ակտիվ ընդգրկված էինք դրանում: Ամուսինս թեպետ մեկնեց սովետական բանակ, բայց  ես այստեղ շարունակում էի զբաղվել շարժման կազմակերպչական հարցերով: Երբ նա վերադարձավ, ընդգրկվեց տարբեր ինքնապաշտպանական ջոկատներում՝ մասնակցելու տարբեր բնակավայրերի պաշտպանությանը:  Այդ ժամանակ արդեն գիտեի, որ նա այնպիսի մարդ է, որ չի կարող հանգիստ նստել իր տեղում, իսկ այդպիսիները պարզապես երկար կյանք չեն ունենում:

Դա մեր որոշումն էր՝ ամուսնանալ, երեխա ունենալ: Հիշում եմ, երբ մեկ անգամ թուլացա, հայրս, ով ցանկանում էր ինձ պաշտպանել, ասաց, որ դա իմ ընտրությունն էր, որ ես գիտակցաբար ընտրեցի այդ ճանապարհը: Ես հասկացա, որ, այո´, ես գիտակցաբար եմ ընտրել և չունեմ հետնահանջի տեղ ու չեմ էլ կարող: Իրականում երեխան ուժ տվեց, չնայած ինը տարի տևեց, մինչ ես կարողացա թոթափել մի փոքր այդ ցավը, ոչ թե մոռացության տալ:  Ինը տարի այդ ապրումները չէին լքում ինձ, ես չէի կարողանում մեկ օր չխոսել իմ ամուսնուց, չհիշել նրան։ Շատ դժվար էր․․․

- Իսկ հասարակության կողմից աջակցություն ստացե՞լ եք:

- Հասարակության կողմից միշտ էլ եղել է աջակցություն: Արցախում մենք միակը չէինք, գրեթե ընտանիք չկար, որ կորուստ չի ունեցել: Մեկը մյուսին նայելով՝ այդպես փորձում էինք դիմադրել:  Ինձ օգնեց նաև իմ աշխատանքը:  Ես մինչև ամուսնուս զոհվելն աշխատում էի հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար:  Իր զոհվելուց հետո, ես հասկացա, որ պարզապես չեմ կարող գնալ նույն աշխատանքի: Ինձ անընդհատ համոզում էին: Մի կարճ ժամանակ ես գնացի մեկ այլ տեղ աշխատելու, բայց երևի ճիշտ տեղ չէի ընտրել:  Ես գնացել էի սոցպաշտպանության բաժին, որտեղ ամեն օր առնչվում էի բախտակից մարդկանց հետ:

Երբ ինձ այնուամենայնիվ համոզեցին, որ հեռուստաընկերությունում կրկին աշխատեմ, փորձեցի համատեղել երկու աշխատանքները: Գնում սոցպաշտպանության բաժնում աշխատում էի, հետո էլ գնում հեռուստատեսություն:

Այդ  ընթացքում հաճախակի էր լինում, որ գնում էի և չէի կարողանում լուրերը կարդալ: Ձայնս խզվում էր,  չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Կարծես թե հիվանդ չէի, որևէ խնդիր չունեի, բայց հենց դուրս էի գալիս եթեր ձայնս խզվում էր: Ստպված էի լինում նույնիսկ եթերում հազալ և ներողություն խնդրել:  Մի քանի անգամ կրկնվելուց հետո հասկացա ինչն էր պատճառը. սոցպաշտպանության բաժնում մարդկանց հետ շփվելով հայտնվում էի սթրեսային վիճակում, և այդ սթրեսից ձայնալարերս կծկվում էին (խմբ. արտասվում է):

- Մի փոքր էլ կպատմեք Ձեր աշխատանքի մասին, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ընտրությունը:

- Ընտրությունն, անկեղծ ասած, իմը չէր, ուղղակի այդպես ստացվեց: Ես երբ ընդունվեցի համալսարան, մտածում էի, որ պետք է մանկավարժ դառնամ: Անպայման ցանկանում էի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ դառնալ: Այդ նպատակով ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ:  88-ին, երբ շարժումը սկսվեց, Մոսկվայից փորձում էին լռեցնել ժողովրդին, ժողովրդի այդ հուզումը, փոռթկումները մարեցնել և այդ նպատակով առաջարկում էին տարբեր բաներ:  Քանի որ մենք անընդհատ բողոքում էինք, որ անգամ չունենք հայկական հեռուստաընկերություն, մեր մայրենի լեզվով չունենք որևէ հաղորդում, որոշեցին, որ պետք է Արցախում հայկական հեռուստաընկերություն բացվի, այդ ժամանակ կար միայն ռադիո:  Բացեցին հեռուստաընկերություն, բնականաբար մասնագետներ չկային, պետք էր հավաքել նոր թիմ: Երևանից եկան մի քանի հոգի, որպեսզի այստեղ թիմ ձևավորվի:

Այդպես մի օր դասախոսության ժամանակ մեր լսարանի դուռը ծեծում են և ասում, որ ինձ հեռուստատեսությունից կանչում են:  Գնում եմ, և ինձ նստեցնում են տեսախցիկի առաջ, տեքստ են տալիս, ասում են, որ հնչյուններն առաձին արտաբերեմ: Այնուհետև կանչում են մեկ այլ սենյակ, որտեղ նստած է լինում մի մարդ, ով ինձ շնորհավորում է՝ ասելով, որ ես հաղթել եմ հաղորդավարների մրցույթը: 

Այդ ժամանակ ես ասացի, որ չեմ ցանկանում հաղորդավար դառնալ, նրանք զարմացան, բայց փորձեցին ինձ համոզել: Ես շարունակեցի պնդել, որ ես չեմ ուզում դառնալ լրագրող, այլ ցանկանում եմ դառնալ գրականության և լեզվի ուսուցիչ: Այդպես բաժանվեցինք: Մի 3-4 օրից, նորից հրավիրում է Երևանից եկած ռեժիսյորը, պարզվում է, որ նախորդն օպերատորն էր, և նորից են սկսում համոզել:  Երեք տղամարդ նստած ինձ համոզում էին՝ ասելով, որ ես դեռ սովորում եմ և կարող եմ փորձել որպես հաղորդավար լեզվի դասեր վարել, ինչպես ես էի ցանկանում: Նրանք ասում են,  որ երբ արդեն ուսումս ավարտեմ, եթե ցանկանամ, կարող եմ գնալ իմ մասնագիտությամբ աշխատել: Այդպես ինձ համոզում են, և այդ մնալն էր, որ մնացի:

Փաստորեն, դարձա առաջին հաղորդավարը, ով առաջին անգամ հայտարարեց, որ եթերում Արցախի հեռուստատեսությունն է 1988 թվականի հունիսի մեկին (խմբ. ժպտում է): Այդ ժամանակ Արցախի ինստիտուտը փակվեց։  Հեռուստատեսությունում ինձ համոզում էին չտեղափոխվել Կիրովական և անցնել հեռակա բաժին, իսկ ես համառորեն մերժեցի, աշխատանքից դուրս եկա և գնացի Կիրովական: Դեկտեմբերին եղավ երկրաշարժը և մենք փաստորեն ընդամենը մի քանի ամիս մնացինք այնտեղ: Երկրաշարժից հետո նորից հետ եկանք, նորից վերաբացեցին ինստիտուտը: Հենց այդ ժամանակ սկսեցի աշխատել սոցպաշտպանության բաժնում: 1992 թվականին նորից վերադարձա հեռուստաընկերություն: Հիշում եմ, երբ 1992 թվականին ամուսնուս զոհվելուց հետո առաջին անգամ գնացի հեռուստաընկերություն, երկար ընդմիջումից հետո ինձ ասացին, որ փորձեմ: Ես առանց կոսմետիկայի էի, բայց ինձ համոզում էին, որ պետք է արդեն կոսմետիկա օգտագործեմ, քանի որ եթեր եմ դուրս գալու: Ես պետք է հեռուստատեսությամբ դուրս գայի մարդկանց առաջ, պատերազմում ապրող մարդկանց հույս ներշնչեի, ես պարզապես իրավունք չունեի ինքս թևաթափ լինել: Այդ գիտակցումն ինձ ուժ տվեց, որ նորից դուրս գամ եթեր և հաղթահարեմ ամեն ինչ:

-   Որպես Ձեր ասածի տրամաբանական շարունակություն, ի՞նչ եք կարծում, որն է կնոջ դերը խաղաղության հաստատման ճանապարհին:

Ե՛վ պատերազմներն են կանանց համար, և՛ստացվում է, որ խաղաղություն է կանանց համար: Եթե մեր տղամարդիկ գնացել են պատերազմ, որ պաշտպանեն մեզ, իրենց երեխաներին, իրենց մայրերին, բնականաբար, նրանք չեն ցանկա, որ իրենց մայրը, կինը կամ երեխան միշտ այդ իրավիճակում ապրի: Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նորից խաղաղություն լինի: Թեպետ ոչ ուղղակի, բայց կինն, իհարկե ազդեցություն ունի խաղաղության հաստատման ճանապարհին: Իրականում կինը միշտ ավելի սթափ, ողջախոհ և ավելի հեռատես է, ինչը շատ կարևոր է, որպեսզի տղամարդիկ ճիշտ որոշումներ կայացնեն: Մեր իրականության մեջ կինը շատ ակտիվ չէ տղամարդու կողքին: Եվ դա  մեր մտածելակերպով ճիշտ է (խմբ. ժպտում է): Ամեն դեպքում Աստված այդպես է ստեղծել, սկզբում տղամարդուն է ստեղծել, հետո կնոջը, և սրանում նաև մեծ խորհուրդ կա: Կինը միշտ պետք է տղամադու թիկունքին լինի, բայց նաև ինքն ամուր թիկունք զգա: Կարծում եմ, այն, որ պատերազմի ժամանակ մեր՝ կանանց, մեծ մասը դուրս չի եկել այստեղից և մնացել է, թեկուզ նկուղներում, այդ փորձություններին դիմադրել է, հենց դա է նաև երաշխավորել, որ տղամարդիկ պատերազմից հաղթանակով վերադառնան, և այդ ամենը հնարավորինս արագ ավարտվի:

- Իսկ երբ պատերազմի ժամանակ, տղամարդիկ չեն եղել կանանց կողքին, ինչպե՞ս է կանանց հաջողվել միայնակ պահել իրենց ընտանիքը:

- Իհարկե, դժվարությամբ: Բայց նույնիսկ այդ իրավիճակում տղամարդիկ էլի կարողացել են ձեռք մեկնել: Ես հիշում եմ, ամուսինս՝ Էդմոնը, երբ գալիս էր Շահումյանից, անտառների միջով էր գալիս, մազերի մեջ տերևներ (խմբ. ժպտում է), սալոր էր բերում, ասում. «Շահումյանցիք սալորին դամբուլ են ասում»: Իմ մեջ դա լավ տպավորվել է:  Տղամարդը որսորդ է և անպայման ինչ-որ բան գտնում է իր ընտանիքին կերակրելու համար: Այդ ժամանակ բոլորս էլ, իրար ձեռք մեկնելով, իրար օգնելով, կարողանում էինք դիմադրել, քանի որ գիտեինք, որ մեր տղամարդիկ պետք է առաջնագծում լինեն: Կանայք, երբ անգամ լույս չկար, վառարանները դրել էին նկուղներում և հաց էին թխում, կիսում էին իրար հետ ինչ-որ հնարավոր էր: Այդ ամենը մեզ օգնեց ամեն ինչ հաղթահարել:

- Իսկ արդեն պատերազմից հետո, որպես մայր՝ ընտանիքի անդամ, ի՞նչ դժվարություններ են եղել:

- Չգիտեմ դա դժվարություն համարեմ, թե՝ ոչ, այնպես է ստացվել, որ իմ ամբողջ ընտանիքի սյունը, ամուսնուս և հորս մահից հետո, ես եմ մնացել: Նույնիսկ լինելով ընտանիքի փոքրը՝ երեք քույր ենք, ես փոքրն եմ, բոլորն էլ ինձ էին նայում, իմ խոսքին և որոշմանն էին նայում: Ես մեծ պատասխանատվության զգացողություն ունեի, իսկ պատասխանատվության զգացողությունը միշտ էլ դժվար է: Երբ դու միայն քեզ համար չես պատասխանատու, դու պետք է կարողանաս բոլորի խնդիրներով զբաղվել, բոլորին նաև ճիշտ ուղղորդել և պահել ընտանիքի սերը, համերաշխությունը: Իհարկե, նման դերակատրություն ունենալը կնոջ համար դժվար է:

Ես անընդհատ աշխատանքի մեջ եմ եղել, այդպես չի եղել, որ չաշխատեմ: Նույնիսկ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Ես այդ ժամանակ առաջին տարին չեմ ընդունվել ինստիտուտ, քանի որ շատ խիստ կարգեր էին, և ես մրցույթով դուրս մնացի՝ ընդամենը կես բալով: Նույնիսկ այդ մի քանի ամիսը ես աշխատել եմ արտադրական կոմբինատում, որպեսզի աշխատանքային փորձ ձեռք բերեմ: Առաջին կուրսից նորից աշխատել եմ, ու այդպես մինչև այսօր: Եղել է անգամ, որ միանգամից մի քանի ուղղություններով եմ աշխատել: Իհարկե պետք է հասցնեի և աշխատանքը, և երեխայի խնամքը, և հարազատներին ձեռք մեկնեի: Ես սովորել եմ այդպես ապրել և հատուկ դժվարություն չեմ զգացել: Ինքս միշտ ինձ համար դժվարություններ եմ ստեղծել, երբ կարող էի ավելի քիչ անեի, ավելի հանգիստ ապրեի, ես երբեք չեմ գնացել հեշտի հետևից: Երբեմն աշխատողներս, ընկերներս կատակում են, որ եթե ինձ թողնեն, իմ գաղափարները և անելիքները երբեք չեն վերջանա: Իրականում իրոք այդպես է, անընդհատ ինչ-որ բան մտածում եմ, այսինքն  բնույթով ես նախաձեռնող եմ: Նման մարդիկ երբեք հանգիստ չեն լինում, և երբեք հեշտ չի լինում նրանց համար:

Ես մինչև 2005 թվականն աշխատել եմ հեռուստաընկերությունում, վերջին տարիներին նաև աշխատել եմ «Հայլուրի» համար ու, թեպետ ունեի իմ հիմնական աշխատանքն, անընդհատ փնտրտուքների մեջ էի, քանի որ ձգտում էի ստեղծագործական ազատության, ցանկանում էի իմ գաղափարները կյանքի կոչել: Դա իրականացնելու համար հեռուստատեսության ձևաչափը չէր բավարարում:

Վարկ վերցրեցի, տարածք գնեցի և իմ գրասենյակը բացեցի՝ «Ծիր Կաթին» ստուդիո: Դա ինքնին արդեն մեծ փորձություն էր: Ես, իհարկե, կարող էի այդ միջոցները ներդնել համապատասխան տեխնիկա գնելու համար և սկզբից ևեթ գործունեություն ծավալել:  Սակայն ես այդպես չէի մտածում: Ես գիտեի, որ կյանքը լի է փորձություններով, և ես հնարավոր է, չկարողանայի այդ աշխատանքը հաջողությամբ կյանքի կոչել:  Կստացվեր, որ ես պարտք եմ ավելացնում իմ երեխայի վրա: Այդ պատճառով ես տարածք գնեցի, որպեսզի եթե անգամ չկարողանամ ծրագրածս հաջողությամբ կյանքի կոչել, ուղղակի վաճառեմ այդ տարածքը և փակեմ վարկը:

Այդպես բացեցի սեփական ստուդիան, հավաքեցի իմ հարազատներին ու սկսեցինք զբաղվել մուլտիմեդիա արտադրանքով: Ես ունեի հետաքրքիր գաղափարներ Արցախի ռազմավարական զարգացման առումով և մտածում էի ինչպես այդ գաղափարնեը տեղ հասցնել: Ես սկսեցի «Արցախ ինֆո» շաբաթաթերթ թողարկել: Շաբաթաթերթը պարունակում էր թեթև  նյութեր ընտանիքի բոլոր անդամների համար, միևնույն ժամանակ կարևոր թեմաններ, որպեսզի դրանք դառնան քննարկման նյութ և կամաց-կամաց իրագործվեն: Այդ աշխատանքն իմ թիմից պահանջում էր, որ մենք մինչև գիշերվա ժամը հինգը աշխատեինք: Երբ դուրս էինք գալիս, որ գնանք տուն, դրսում միայն փողոց մաքրող կանայք և տղամարդիկ էին: Առավոտյան ընդամենը քնում էինք մի քանի ժամ և նորից գնում աշխատանքի:

Այդ շաբաթաթերթից ես ոչ միայն մեկ կոպեկ շահույթ չեմ ունեցել, այլ ընդհակառակը մեծ վնասներ եմ ունեցել, քանի որ պատերազմից հետո չկար իրացման մեխանիզմներ: Մենք ստիպված էինք թերթերը մեկ-մեկ բաժանել մարդկանց կամ դնել կրպակներում: Բայց ես այդ գաղափարից չհրաժարվեցի,  և գրեթե մեկ տարի այդ շաբաթաթերթը թողարկեցինք: Դա թողնելուց հետո մեկ այլ նախաձեռնություն սկսեցի, որի նպատակն էր լուսաբանել Մարաղայի ջարդը: Դրա մասին ոչ թե միայն ամբողջ աշխարհը չգիտեր, այլ Արցախում չգիտեին: Այն դեպքում, երբ ամեն անգամ Ադրբեջանը նոր բաներ է հորինում, մեր իրական պատմությունը մարդիկ չգիտեին: Այդ նպատկով ես սկսեցի ջարդերի ականատեսներից, տուժածներից վկայություններ հավաքել, որից սկզբում ստեղծեցինք մուլտիմեդիա տեսասկավառակ, որից հետո տեղադրեցինք կայք էջում: Այդ ժամանակ մուլտիմեդիա արտադրանքի գաղափարը դեռ նոր էր շրջանառության մեջ մտնում:

Մենք սկսել էինք մի բան, որը հաստատ պետք է եկամուտ չբերեր, բայց որը կարևորում էինք: Այդ ժամանակ աշխատանքի առաջարկություններ էի ստանում  տարբեր իշխանավորների կողմից, միշտ մերժում էի՝ ասելով, որ ես շատ կարևոր գործով եմ զբաղված, թեպետ դուք կարող է կողքից չհասկանաք դա: Ես նրանց պատասխանում էի, որ քանի դեռ իմ նախաձեռնությունը չունի ամուր հիմքեր, ես չեմ ցանկանա այլ բանով զբաղվել: Սակայն ի վերջո ստիպված եղա փոխել որոշումս (խմբ. ժպտում է):

Իսկ որպես մայր, ո՞րը կլինի Ձեր տղային տված ձեր հիմնական խորհուրդը:

- Պետք է փաստեմ, որ իմ տղան շատ ինքնուրույն է մեծացել: Քանի որ ես միշտ աշխատել եմ, ես ամեն վայրկյան ուղղակի ֆիզիկապես չէի կարող նրանով զբաղվել: Բացի այդ, իր ինքնուրույնությունը նա գենետիկորեն ժառանգել է իր հորից և ինքնուրույն է իր ճանապարհը հարթում: Դա ինձ համար ուրախալի է:  Երբ այսօր ինչ-որ մեկը գալիս է ինձ մոտ իր երեխայի աշխատանքի հարցով, ես միշտ  նախատում  եմ՝ ասելով փոխանակ դուք ձեր երեխային հնարավորություն տաք կամ ստիպեք, որ ինքն իր ճանապարհը հարթի, դուք փորձում եք նրան հովանավորել անգամ այս տարիքում: Քանի որ, երբ վաղը ծնողները չլինեն, այդ երեխաները կարող է ընդհանրապես ի վիճակի չլինեն ինքուրույն քայլ անելու: Ընդհանրապես ես համարում եմ, որ յուրաքանչյուր մոր խնդիրն է իր զավակին դաստիարակել այնպես, որպեսզի որևէ փորձություն նրան չտապալի, չկոտրի, որովհետև իրականում աշխարհն այնքան արագ է փոխվում և այնքան անկանխատեսելի է ապագան, որ դու չես կարող ապահովագրել քո զավակներին փորձություններից և դժվարություններից: Լավագույնը նա է, որ դու կարողանաս նրանց այնպես դաստիարակել, որպեսզի նրանք  կարողանան ցանկացած իրավիճակում դատել և ելք գտնել:

Այդ պատճառով ես երեբեք իմ երեխային ոչ աշխատանքի հարցով, ոչ որևէ այլ հարցով չեմ հովանավորել: Նույնիսկ երբ ինքն իր առաջին քայլերն է արել: Տարածքը կար և ես արդեն ի վիճակի չէի զբաղվել մասնավոր գործունեությամբ: Ես իրեն առաջարկեցի այդ տարածքում զբաղվել ինչով որ ցանկանում է: Նա սկզբից ինտերնետ ակումբ բացեց: Թեպետ  ես գիտեի, որ նա չի հաջողելու, քանի որ դա այն փուլն էր, երբ արդեն մարդիկ բնակարաններում ինտերնետ ունեին, ես ոչինչ չասացի: Եթե իր ցանկացած նախաձեռնության դեպքում, ես ասեի, որ չի հաջողելու, նա այլևս երբեք չէր նախաձեռնի: Այդ պատճառով, ես նախընտրեցի, որ իմ որդին թեկուզ սխալներով, բայց սովորի, որպեսզի հետագայում ավելի վստահ քայլ անի:

Հիմա նա այդ տարածքում տարբեր բաներով է զբաղբվում՝ տպագրություն, հուշանվերներ և կարողանում է ինքնուրույն գլուխ հանել: Իմ որդին արդեն 25 տարեկան է և կյանքում երբևէ ինձանից գումար չի խնդրել: Ես երբեք չեմ ցանկանա, որ իմ որդին և իր ընտանիքը երբևէ ստիպված լինեն լքել Արցախը: Իհարկե, կցանկանայի, որ հնարավորություններն այնքան ներեին, որ հաճախ շրջագայեին և աշխարհ տեսնեին: Բայց մենք շատ են կառչած այս հողից,  քանի որ կարծում եմ, որ ամեն մարդ ամեն դեպքում իր արմատներով է սնվում և այստեղ պետք է ապրի: Այդ պատճառով կցանկանամ, որ իմ որդին իրեն այստեղ ոչ միայն ապահով զգա, այլ նաև իր համար այստեղ միշտ հետաքրքիր լինի ապրել:

Վերջին հարցը. ի՞նչ եք կարծում, մշակույթի միջոցով հնարավոր է հասնել խաղաղության:

- Մշակույթի միջոցով, իհարկե, հնարավոր է: Նույնիսկ կար ժամանակ, երբ ես  հայտի խոսքը՝  «Երբ թնդանոթները խոսում են, մուսաները լռում են», ձևափոխել և ինձ համար կարգախոս էի դարձրել՝ «Երբ մուսաները խոսում են, թնդանոթները լռում են»: Մենք ցանկանում էինք տարբեր երկրներում նման ակցիա կազմակերպել՝ ասելով եկեք մշակույթով, արվեստով զբաղվենք, որպեսզի ավելի մարդասեր լինեք, իրար հետ կարողանանք երկխոսություն ծավալել և կարողանանք ճիշտ արժեքներ տեսնել և գնահատել: Սակայն, ցավոք, դա միակողմանի չի կարող լինել և ինչքան էլ, որ մենք համարենք, որ դա ճանապարհ է դեպի խաղաղություն, դա պետք է ընկալելի լինի նաև հակառակ կողմի համար: Մինչդեռ մինչ պաշտոն ստանձնելը, հասարակական գործունեություն ծավալելու ժամանակ, ես ինքս մասնակցել եմ մի շարք տարածաշրջանային ծրագրերի, որոնք բոլորն ընդհատվել են, քանի որ Ադրբեջանում անհանդուրժողականություն կա ցանկացած բանի նկատմամբ, որ առնչվում է Արցախին և որին պետք է մասնակցի նաև մեզանից որևէ մեկը:

Իհարկե, մենք բոլոր այս տարիներին առաջնորդվել ենք խաղաղության գաղափարով, սակայն Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ մենք այս տարիների ընթացքում պատրաստվել ենք խաղաղության, ստեղծագործ կյանքի, մինչդեռ հարևան երկրում անընդահատ պատրաստվել են պատերազմի: Ապրիլի 2-ին նրանք բացեցին իրենց ամբողջ զինանոցը, որպեսզի իրականացնեն իրենց ռևանշիստական նկատառումները: Իսկ մենք այդ բոլոր տարիներին զբաղված ենք եղել ավերվածը վերականգնելով, նոր կառույցներ, դպրոցներ կառուցելով: Այսօր Արցախի որ գյուղն էլ որ գնաք, անգամ եթե գյուղն ավերված լինի, դպրոցի շենքը կամ նորոգված է, կամ՝ նոր: Այսինքն, այս տարիներին մենք առաջնահերթ կառուցել ենք դպրոցներ, դահլիճներ, հանդիսությունների տներ, որն էլ հենց վկայում է մեր խաղաղասիրական նկատառումների մասին:

Գյուղերում բացել ենք նաև շատ արվեստի դպրոցներ: Նույն Ապրիլյան պատերազմից առաջ մի օտարերկրացի, ով այստեղ մեր արտադրական ձեռնարկություններից մեկում ծառայություն էր մատուցել և նրան դրամական պարգև էին տվել, հրաժարվել էր պարգևից՝ ասելով, որ այդ գումարն այստեղ հաշմանդամ երեխաների համար օգտագործենք և մշակույթը զարգացնենք:  Ես իրեն նամակ էի գրել և խնդրել, որ թույլ տա այդ գումարն օգտագործենք Թալիշի և Մատաղիսի երեխաների համար, ովքեր որ ապրում են սահմանին և ամեն օր կրակոցներ են լսում:

Նամակում ես այսպես էլ ձևակերպել էր, որ փորձենք երաժշտության միջոցով խլեցնել կրակոցների ձայնը: Արդեն նախապատրաստական աշխատանքներ էինք տարել, որ այդ գյուղերում դպրոցի մասնաճյուղեր բացենք, երբ ապրիլի 2-ին պատերազմի պատճառով ամեն ինչ հօդս ցնդեց: Իրականում, այո´, մշակույթը կարող է, եթե այդ ցանկությունը երկուստեք լինի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 17.70 կմ/ժ
19 C°
 
20°  29° 
23.07.2018
19°  33° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: