ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովի հայտարարությունն աբխազական երկաթգծի վերաբերյալ հերթական չէր. Սիլաև (ԲԱՑԱՌԻԿ)

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը ՄԳԻՄՕ-ի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի հետ:

Պարոն Սիլաև, վերջերս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց աբխազական երկաթգծի վերաբերյալ՝ ասելով, որ Ռուսաստանը դեմ չէ այդ երկաթգծի վերագործարկմանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախագծի հեռանկարները, և կարելի՞ է մոտ ապագայում ակնկալել այդ երկաթգծի բացումը:

- Նախ, ես այդ հայտարարությունը հերթական չէի անվանի: Կարծում եմ, սա առաջին հայտարարությունն է, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարը նման հստակ կերպով աջակցություն է հայտնում Աբխազիայի տարածքով այնուհետև՝ Վրաստան և Հայաստան, երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Առաջին անգամ երկաթգիծը վերականգնելու պատրաստակամության մասին խոսեց նաև աբխազական կողմը, որը մինչ այդ բավականին հոռետեսորեն էր արտահայտվում այդ մասին: Սա չի նշանակում, որ երկաթգիծը կվերականգնվի և կգործարկվի, քանի որ դեռևս պայմանավորվածություն չկա տարանցման վերականգնման մասին: Որպեսզի նման պայմանավորվածություն լինի, այդ հարցը պետք է իրար մեջ լուծեն Վրաստանն ու Աբխազիան:

Գոյություն ունի, այսպես կոչված, առևտրի մոնիտորինգի, Ռուսաստանի և Վրաստանի միջև մաքսային միջանցքների վերաբերյալ ԱՀԿ-ի համաձայնագիր՝ կնքված 2011 թվականի նոյեմբերին:

Նման միջանցքներից մեկն անցնում է Աբխազիայի տարածքով: Իհարկե, եթե այդ համաձայնագիրը սկսի աշխատել, առնվազն ռուս-վրացական հարաբերություններում իրավական հիմք կձևավորվի: Սակայն այդ համաձայնագիրը ոչ երկիմաստ կերպով պահանջում է, որ Վրաստանն իրականացնի Աբխազիա ուղարկվող բեռների մաքսային մշակում: Ես կասկածում եմ, որ վրացական կողմը երբևէ կհամաձայնի աշխատանքի նման սխեմայի հետ: Ուստի, ես չէի ակնկալի երկաթգծի աշխատանքի վերսկսում:

- Այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է ընկալել Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Այն Ռուսաստանի կողմից քաղաքական ազդանշա՞ն էր, թե՞ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք:

- Ես կարծում եմ, որ դա ուղղակի նշան է, որ Ռուսաստանը պատրաստ է, որ առևտրի մոնիտորինգի վերաբերյալ համաձայնագիրը սկսի գործել: Ինչպես հասկացա կոնտեքստից, դրան պատրաստ է նաև Աբխազիայի ղեկավարությունը:

- Այժմ քննարկվում են որոշակի տրանզիտային, եթե կարելի է այդպես ասել, գազային նախագծեր Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև: Կարելի՞ է ակնկալել, որ կձևավորվի որոշակի առանցք, որը հետագայում կներգրավի Հայաստանին տարածաշրջանային էներգետիկ նախագծերում:

- Ես չէի գերագնահատի այդ նախաձեռնությունները: Շատ բան կախված է նրանից, թե ինչ է կապում Իրանին և Հայաստանին: Այստեղ տրանսպորտային հաղորդակցությունը  դեռևս ակտիվ չէ, նույնիսկ երկաթուղի չկա:

Հայաստանը ստանում է ռուսական գազ, և այս իմաստով ներառված է տարածաշրջանային էներգետիկ նախագծերում: Ինչ վերաբերում է Հայաստանի Էներգետիկ ոլորտին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ունի ատոմային էլեկտրակայան: Այս առումով Հայաստանը Կովկասում ոլորտի առաջատարներից է:

Իրանի արտաքին քաղաքականությունում պատժամիջոցների չեղարկումով պայմանավորված փոփոխությունները նոր են սկսվում, և նրա ներկայությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, Հարավային Կովկասում ուժեղ չի զգացվում: Ինձ թվում է, որ Կովկասում քաղաքականության, կապերի կառուցման քաղաքականությունը մի քանի տարի կպահանջի Իրանից:

Կարծում եմ, որ գազն ամեն դեպքում կենտրոնական չի լինի, չնայած տեխնիկապես դա շատ կարևոր հնարավորություն է տարանցման վրացական կառավարմանն այլընտրանք ստանալու համար:

- Քննարկվում է ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցությունը, մշակվել է պայմանագիր: Մոտ հեռանկարում Իրանի արտաքին քաղաքականության փոփոխության համատեքստում կարելի՞ է ակնկալել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության խորացում: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դերն այդ նախագծում:

- Ես կարծում եմ, որ Իրանը կփորձի զերծ մնալ տարածաշրջանային ցանկացած տնտեսական ինտեգրացիոն նախագծում շատ խոր ներգրավումից: Նա ավելի շուտ կփորձի իր առևտուրը զարգացնել երկկողմ հարաբերությունների համատեքստում՝ ստանալով հնարավորիս բարենպաստ պայմաններ երկկողմ ռեժիմով: Ամեն դեպքում, ԵԱՏՄ հետ համագործակցության ինչ-որ թեթև ձևաչափ կլինի, օրինակ՝ դիտորդի կարգավիճակ, որը ոչ մեկին ոչինչ չի պարտավորեցնում: Հանարավոր է դա հետաքրքրի Իրանին:

Բացի այդ, Իրանի համար ավելի կարևոր գործընկեր է Եվրոպական Միությունը: Հասկանալի է, որ ԵԱՏՄ երկրների շուկան, հնարավոր է բացառությամբ ռուսականի, Իրանի համար այդքան էլ նկատելի չէ:

Ակնհայտորեն Իրանի գլխավոր քաղաքական հետաքրքրությունները ևս հյուսիսում չեն, այլ իր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում: Եվ վերջապես դիվեսիֆիկացված արտաքին քաղաքականությունն Իրանի վաղեմի դիրքորոշումն է, և ինչքանով ես կարող եմ դատել, Իրանը փորձում է դաշինքների մեջ չմտնել, եթե դրանում սուր անհրաժեշտություն չկա:

 

Հարցազրույցն անցկացվել է «Մեծ հաղթանակ՝ ձեռք բերված միասնաբար. առաջնագծի արիություն, թիկունքի ամրություն» համաժողովի շրջանակներում, որը կազմակերպվել է «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական ակումբի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի կողմից՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցությամբ հիմնադրամի աջակցությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    19°  12° 
    06.05.2024
    18°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: