ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան կարող է կարևոր դեր խաղալ, եթե 27 երկրները միասնական գործեն. նախկին եվրապատգամավոր (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեսանդրո Բատիլոչիոյի հետ՝  ԵՄ վերջին զարգացումների և Եվրամիության ապագայի վերաբերյալ:

- Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Brexit-ի հարցում: Ի՞նչ եք կարծում, այն կթուլացնի Եվրոպան և նախադեպ կդառնա՞ այլ ԵՄ երկրների համար:

- 2017 թ.-ին մենք նշում ենք Հռոմի պայմանագրի 60-ամյակը: Խաղաղության, բարեկեցության և համագործակցության 6 տասնամյակ: ԵՄ ընտանիքը սկիզբ առավ 6 անդամ պետություններից և հասավ 28-ի: Հիմա առաջին անգամ երկիր է հեռանում այդ ընտանիքից: Ես չեմ կարող ժխտել նման իրադարձության չափազանց մեծ կարևորությունը: Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան պետք է դիմակայի մի քանի դժվար մարտահրավերների, գուցե նաև այն պատճառով, որ, հավանաբար, «Կոշտ Brexit» տեղի կունենա, ոչ թե «փափուկ Brexit»: Այնպես որ, ԵՄ-ն վերանայում է բոլոր կանոնները տնտեսական դյուրացման և փոխանակումների հետ կապված:

Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ «մտերիմ ընկեր», բայց ոչ այլևս «ընտանիքի անդամ»: Վերջին տարիներին Լոնդոնը վստահաբար եղել է ֆինանսական Եվրոպայի մայրաքաղաքը: Այս իրավիճակը նույնպես պատրաստվում է փոխվել: Երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կգիտակցեն, որ ԵՄ-ից հեռանալը կոպիտ սխալ էր: Բայց Եվրոպան, այս նոր տարբերակով, պետք է շարունակի ամրապնդել իր կապերը և ծրագրերն արդեն նորացված ոգով, և գուցե ավելի մոտ կանգնի իր քաղաքացիներին:

- Ըստ ձեզ, որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց Եվրոպան բախվում է այժմ: Արդյո՞ք պատշաճ աշխատանք է տարվում դրանք հաղթահարելու համար:

- Պոպուլիզմը գլուխ է բարձրացնում ամբողջ Եվրոպայում: Դա լուրջ ռիսկ է հետագա ինտեգրման համար: Եվրոպական բաղադրատոմսերը պետք է ավելի լավ ներկայացվեն քաղաքացիներին: Եվրոպացիները պետք է ավելի լավ տեղյակ լինեն միասնականության առավելություններին՝ 28, ըմմ…27 պետությունների և գրեթե կես միլիարդ մարդու առավելություններին:

Երեք այլ մարտահրավերները, որ ես անձամբ տեսնում եմ մոտ ապագայում, հետևյալն են. ներգաղթի խնդիրը, իրական միասնական արտաքին քաղաքականության ձևավորումը (ոչ միայն բարձր ներկայացուցիչ`առանց իրական լիազորությունների և 27 տարբեր ձայներ), ինչպես նաև նոր հարաբերությունների հաստատումն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ այս նոր միջազգային իրողության պայմաններում: Պայմանագրերը հնարավորություն են տալիս քայլեր ձեռնարկել այդ ոլորտներում, սակայն այս պահին ոչ մի մեծ նախաձեռնություն չի առաջացել, գուցե նաև այն պատճառով, որ սա ընտրական տարի է բազմաթիվ երկրներում: Առաջիկա ամիսներն իսկապես կարևոր են լինելու:

 - Ամեն մարտահրավեր հնարավորություն է: Ժամանակը չէ՞ «թարմացնելու» ԵՄ քաղաքականությունը՝ դրա հետագա զարգացումն ապահովելու համար:

- Այո՛, ճիշտ այդպես: Առայժմ միայն տնտեսական հարցերում են անդամ-պետությունները հասել խորը համաձայնագրերի: Բայց արդեն իրոք ժամանակն է քաղաքական և հասարակական Եվրոպայի, որտեղ բոլոր երկրները պետք է ներկայացնեն իրենց ինքնությունը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցեն ավելի լայն ընդհանուր ծրագրերին:

Եվրոպական միության կարգախոսն է «Միասնությունը բազմազանության մեջ», և ես կարծում եմ, որ դա նաև ուղենիշ է մոտ ապագայում նպատակներին հասնելու համար: Գլոբալացող աշխարհում առանձին պետությունների դերը գնալով թուլանում է ... Եվրոպան կարող է կարևոր դեր խաղալ միայն այն դեպքում, եթե 27 երկրները միասնական գործեն՝ որպես մեկ երկիր: Դա իմ, ցանկությամբ լի, մոտեցումն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: