ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գիտե՞ք, հոգնել ենք վախենալուց. ազատամարտիկի կինն Արցախյան պատերազմի մասին (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց  Արցախյան պատերազմի ազատամարտիկ, երաժիշտ Օլեգ Փիրումյանի  (նա մահացել է 1992թ-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագման մարտերի ժամանակ) կնոջ Իրինա Փիրույմանի հետ: Հարցազրույցն իրականացվել է «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից՝ Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

 

- Շատ է խոսվում պատերազմի մասին ու դեռ էլի կխոսվի, բայց կնոջ աչքերով, Ձեր աչքերով, ի՞նչ է պատերազմը:

- Պատերազմը ողբերգություն է, դժբախտություն  և էլի կարելի է շարունակել ու ասել նախադասություններ, որոնք բոլորին հայտնի են, բայց երևի պատերազմից վատ բան գոյություն չունի: Դա ոչ միայն վախ է երեխաների, հարազատների համար, այն ավելի վատ է, քան երկրաշարժերը… Չգիտեմ (լռություն)… Ի՞նչ է պատերազմը: Այն ցավ է: Մենք ամիսներով նստել ենք շքամուտքերում, որտեղ անգամ նկուղներ չկային: Երբեք չեմ մոռանա աղջկաս բղավոցը: Երբ «Գրադով» կրակում էին, նա գոռում էր. «Ես չեմ վախենում, ես չեմ վախենում»: Իհարկե վախենում էր, բայց բղավում էր, թե չի վախենում:

Պատերազմից վատ բան չկա: Երբ կինն ասում է, եթե պատերազմ լինի, ես կգնամ, ապա դրանք լոկ բառեր չեն: Հենց այնպես չեն ասվում այս բառերը: Վերջերս եղավ ապրիլյան պատերազմը: Գիտե՞ք, հոգնել ենք վախենալուց: Անգամ 1992թ-ին, երբ ինքնաթիռներ էին թռչում, երբեմն դուրս էինք գալիս ու նայում երկնքին, այդ ինքնաթիռներին: Մենք չէինք վախենում այդ ազերիներից: Հոգնում ես վախենալուց, իսկ երբ այդքան տարի անց նորից պատերազմ է լինում, ապա որոշում ես ինքդ գնալ: Դրանք պարզապես բառեր չեն: Վրեժ լուծել ամուսնու, հարազատների համար: Մեկ շաբաթվա մեջ մենք երկու հոգի ենք կորցրել: Ամուսնուս յոթին մահացավ մորաքրոջս ամուսինը, ով Գյումրիից էր: Այդ ժամանակ նա մեր քաղաքի պարետն էր: Շատ դժվար էր: Հիշում եմ, երբ մեր փեսան՝ Գրիգորյան Ավետն, ասաց. «Այսօրվանից ես հինգ երեխա ունեմ:» Նա երեք երեխա ուներ, իսկ ես երկու: Մեկ շաբաթ անց նա մահացավ:

- Որո՞նք են եղել այն հիմնական դժվարությունները, որոնց բախվել եք պատերազմի տարիներին:

- Պատերազմի ժամանակ դժվարություններ չեն եղել: Հիմա կզարմանաք, թե ինչու: Մենք չէինք մտածում՝ ինչ ուտել, երբ ուտել: Կարծես թե առաջին տեղում այն սպասումն էր, թե երբ ենք մեր հարազատներին կենդանի տեսնելու: Անկեղծ եմ ասում: Պատերազմից հետո ունեցել եմ տարիներ՝ 1996-97 թվականներին, երբ բղավում էի, որ պատերազմի տարիներին անգամ ես այսքան վատ չեմ եղել: Ես քաղցած չեմ եղել պատերազմի ժամանակ: Այսինքն կարելի է լինել քաղցած խաղաղ ժամանակ և քաղց չզգալ ռմբակոծությունների ժամանակ, երբ սպասում ես ամուսնուդ, եղբորդ, հարազատներիդ: Անգամ հիմա ես զարմանումեմ, թե ինչպես էի մտածում, բայց իրականում այդպես էր: Իրական երջանկություն էր ուտել սևացած կարտոֆիլ, երջանկություն էր հաց թխելը: Եվ գիտե՞ք, այնպիսի միասնություն կար հարևանների, հարազատների, ընկերների միջև: Երբ չէիր մտածում միմիայն քո երեխաների մասին: Մի օր, երբ ռմբակոծություն սկսեց, մեր հարևանի տունը անկյունային էր, և մենք նրանց երեխաներին մեզ մոտ բերեցինք, որովհետև մեր պատերը հաստ էին և թաքցրեցինք նրանց մեզ մոտ: Այդ մարդիկ այժմ ապրում են Ռուսաստանում․ և 20 տարի անց, այստեղ գալով, նրանց հայրը զանգահարեց ու ասաց, որ երբեք չի մոռանա, որ պատերազմից գալիս մտքում պտտվում էր, որ իրենց տունն անկյունային է ու վտանգավոր, բայց գտավ երեք երեխաներին մեր տանը, այն էլ մեր երեխաների անկողնում:

Խոսեմ  մի փոքր իմ՝ որպես երաժիշտի կնոջ մասին: 1988թ-ի շարժումը սկսվեց փետրվարի 13-ին, իսկ արդեն երրորդ օրը՝ 15-ին, ես վատառողջ էի ու դուրս չեկա այդ բազմահազարանոց ցույցին, սակայն նստեցի ու սենյակի պատուհանագոգին ռուսերեն տառերով հայերեն գրեցի «Վերադարձիր» երգը: Մտավ ամուսինս՝ Օլեժկան, ու ես խնդրեցի նրան, որ լսի գրածս երգը, իսկ նա ասաց. «Բա դրա ժամանակն ա՞»: Եվ որպեսզի չվիրավորի ինձ, մեջքով շրջվեց, նայեց պատուհանից դուրս՝ մարդկանց երթին ու ասաց. «Դե լավ, նվագիր, տեսնեմ»: Ես սկսեցի նվագել ու երգել: Դեռ նոր էի հասել կրկներգին, երբ շրջվեցի ու նկատեցի, որ Օլեժկայի աչքերից արցունքներ են գալիս, բայց նա ձեռքը թափահարեց ու ասաց, որ շարունակեմ: Երգն ամբողջությամբ լսեց ու ասաց. «Շտապ պետք է ձայնագրենք երգը: Դու կերգես, որովհետև ժամանակ չկա երգիչ գտնելու»:

Այսպիսով, ստիպված էի ես երգել: Շատերը կարծեցին, թե երեխա է երգում, որովհետև ես մանկական ձայն ունեմ (ծիծաղում է): Մեկ շաբաթ անց երգը լսում էին Ամերիկայում: Գիտե՞ք, հպարտանում եմ, որ թեկուզ փոքր, սակայն իմ լուման եմ ունեցել այդ շարժման ընթացքում: Գյումրիում այդ երգի տակ մեր դրոշն էին բարձրացնում, Մատերնադարանի դիմաց հազարավոր մարդիկ լսում էին այդ երգը: Ոչ ոք ոչ մի ձայն չէր հանում: Երգը լսում էին նաև օպերայի դիմաց հավաքվածները: Իսկ մեզ մոտ մի ինչ-որ զարմանահրաշ բան էր կատարվում: Մենք ապրում էինք կենտրոնական փողոցում, այդ ցույցերն իմ պատուհանի տակով էին անցնում, և երբ մարդիկ մոտենում էին  մեր պատուհանին, միացնում էի այդ երգը: Ու այդպես ամեն օր: Մի օր արդեն ժամը 11-ն էր, ու մեզ թվաց, թե այդ օրը ցույց չկա: Բացեցինք պատուհանը: Հազարավոր մարդիկ ու ոչ մի ձայն: Դրանք պատմական կադրեր էին: Հասկանո՞ւմ եք, լռել էին ու սպասում էին երգին: Քսան տարի անց, երբ նշվում էր շարժման 20-ամյակը, հանկարծ մտածեցի, որ հիմա մարդիկ երթով կգնան դեպի եղբայրական գերեզման, ինչո՞ւ չմիացնեմ երգը: Արագ լուծեցի տեխնիկական հարցերը, խնդրեցի հարևանիս հանել պատուհանը, որ լավ լսվի:

 

- Ի՞նչ է Ձեզ համար խաղաղությունը: Ի՞նչ դեր ունի կինը խաղաղության հաստատման գործընթացում:

 - Երբ ասում եմ խաղաղություն, ես վերադառնում եմ այս արտահայտությանը՝ «հանուն երեխաների»: Անձամբ ինձ համար երջանկություն է, որ հիմա խաղաղություն է: Միևնույն ժամանակ, ցավ է, որովհետև հիմա խաղաղություն է, իսկ ամուսինս մահացել է, երեխաներս հայր չունեն: Դժվար է այդ հարցին պատասխանել: Իսկ այն, որ ժամանակը բուժում է վերքերը, սուտ է: Ժամանակը չի բուժում վերքերը: Հիմա ես րոպե առ րոպե կարող եմ ասել, թե որտեղ եմ եղել մինչև Շուշիի ազատագրումը, երբ ամուսինս մահացավ, ինչ էինք անում ես ու երեխաներս: Ես այնպիսի լավ ինտուիցիա ունեմ, որ շատերն են զարմանում: Բայց ես չզգացի Օլեժկայի մահը, որովհետև այն չէր կարող ու չպետք է լիներ:

- Կպատմե՞ք  Ձեր ընտանիքի պատմությունը: Ինչպե՞ս եք հանդիպել Ձեր ամուսնուն:

 - Վա~յ, դա այնքան հետաքրքիր է (ժպտում է): Մենք նույն բակում էինք ապրում, բայց իրար չէինք տեսել: Նա ինձնից 9 տարի մեծ էր և միշտ կատակով ասում էր. «Որ իմանայի էս շորտիկով երեխան դու ես, շուտվանից էի քեզ մեր տուն բերել»: Իրար հանդիպել ենք երաժշտական դպրոցում, երբ այնտեղ երկուսս էլ աշխատում էինք: Այդտեղ էլ հանդիպեցինք, հետո ամուսնացանք ու ծնվեց մեր մեծ աղջիկը՝ Արևիկը: Օլեգը անսամբլ ուներ և մեր աղջկա պատվին այն հենց «Արևիկ» անվանեց: Ի դեպ, Արևիկ իմ տատիկի պատվին ենք անվանել, որովհետև սուրբ անձնավորություն էր տատս: Իսկ Սոֆիի անունը՝ մեր փոքր աղջկա, դրեցինք Օլեժկայի տատիկի պատվին: Երեխաները երաժշտական շատ լավ պոտենցիալ ունեին, սակայն  պատերազմը խանգարեց: Այսպես, ես նրանց միայնակ մեծացրի: Բարի մարդիկ մեծացան ու միշտ իրար հետ շատ համերաշխ են եղել: Երբեք կռիվ չեն արել: Ունեմ 5 թոռ՝ 3 տղա ու 2 աղջիկ: Դա իրական երջանկություն է:

Երջանկություն է, որ ունենք փոքրիկ Օլեժկա: Նա ինձ համար մի ուրիշ տիրեզերք է: Այնքան ափսոս է, որ մեծ Օլեժկան հիմա չկա: Նա թոռների ասամբլ կկազմեր, որովհետև նրանք շատ երաժշտական են:

Իսկ ես էլ աշխատում եմ մանկապարտեզում: Պաշտում եմ երեխաներին, աշխատանքս: Աշխատում եմ նաև երեխաների արվեստի կենտրոնում: Ժպտում եմ և դիմանում եմ երևի նրա համար, որ լավատես մարդ եմ և սիրում եմ հումոր:

- Ձեր կարծիքովմշակույթն ի՞նչ դեր ունի հանրությունների հաշտեցման գործընթացում:

- Մշակույթը, երաժշտությունը միշտ էլ կարևոր դեր են ունեցել: Երաժշտությունը միշտ էլ օգնել է: Իզուր չէ, որ երբ պատերազմի են գնացել, երգեր են երգել: Ես շատ հայրենասիրական երգեր ունեմ: Ուրախանում եմ, երբ երգերս երգում են դպրոցում, մանկապարտեզներում: Ուրախանում եմ, երբ երգերս բանակում են երգում, սակայն ցավալին այն է, որ չգիտեն, թե ով է հեղինակը: Չնայած սրան՝ ես շարունակում եմ ստեղծագործել, երգեր գրել: Մուսաս ինձ չի լքում: Ունեմ երգեր նաև երեխաների համար: Հետաքրքիր է, որ ես շփվող ու պայծառ մարդ եմ, բայց բոլոր երգերս տխուր են՝ իհարկե, ոչ երեխաներինը:

- Անգամ պատերազմի ժամանակ էիք ստեղծագործում: Ի՞նչն էր Ձեզ օգնում:

- Երբ այդ ամենը զգում ես, երբ հարվածել են քո ազգին, հարվածել են անձամբ քեզ, այդ ամենը արտացոլվում է երգերում: Շարժման ժամանակ գրել եմ «Վերադարձիր», «Մայրիկ» երգերը, երբ գործողությունները սկսեցին, գրեցի «Պատերազմ» երգը, որն այժմ Անդրեն է կատարում, մեր անկախության ճանաչման սպասումով գրեցի «Վերադարձիր 2»-ը:

 

Հ.Գ. Այս 25 տարիները կարելի է տեղավորել ոչ պակաս ուժեղ երգի այս մի քանի տողի մեջ. «Մեզ հարվածում են, իսկ մենք ցավից թռչում ենք ավելի վերև` ուղղելով թևերը սեփական տան վրա»: Ես կարողացել եմ դիմանալ այս 25 տարիները հանուն երեխաներիս, հանուն մեր երկու աղջիկների, ովքեր 6 և 7 տարեկան էին, երբ մահացավ իրենց հայրը, իսկ ես 29 տարեկան էի: Շատ դժվար էր, ինչպես հոգեպես, այնպես էլ նյութական առումով: Բայց պետք էր հաշտվել նրա հետ, որ պետք է ապրել, մեծացնել երեխաներին, տալ նրանց կրթության:

Չես կարող հանձնվել, որովհետև անգամ վերևից Օլեգը նայում է: Չես կարող երեխաների մոտ արցունք թափել: Ստիպված ես ուժեղ լինել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: