ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն արգելափակում է անկախ լրատվամիջոցները. Ալիևը վտանգ է զգում

liderxeber.az

Մոտ մեկ տարվա հարաբերական լռությունից հետո միջազգային հանրությունը կրկին բարձրաձայնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս թեման վերհիշելու առիթ է դարձել Ադրբեջանում մի շարք անկախ լրատվամիջոցների արգելափակումը:

Ադրբեջանի Սաբաիլի շրջանային դատարանն օրերս բավարարել է երկրի Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության հայցը, որը պահանջել է արգելափակել ադրբեջանական ընդդիմադիր պարբերականների և «Ազատություն» ռադիոկայանի կայքերը: Մասնավորապես արգելափակվել են «Թուրան» հեռուստաալիքի, «Մեյդան TV» մեդիառեսուրսի, «Ազադլիգ» թերթի «Ազատություն» ռադիոկայանի կայքերը, ինչպես նաև այն ինտերնետ-ռեսուրսները, որոնցով հեռարձակվում էր «Ադրբեջանական ժամ» հեռուստահաղորդումը: Ադրբեջանական գերատեսչության հայցի համաձայն՝ վերոնշյալ կայքերն իբրև թե տարածում են նյութեր, որոնք երկրի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու, կրոնական խմբավորումներին սատարելու կոչեր են պարունակում:

Նշենք, որ այս կայքերից որոշներն արգելափակվել էին մինչև դատարանի որոշումը: Ադրբեջանական ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունների այդ քայլը պայմանավորված է եղել այդ հեռուստաալիքներով ապրիլի 8-ին Բաքվի իշխանությունների կողմից արտոնված ընդդիմադիր հանրահավաքի մասին տեղեկության տարածմամբ:

Այս քայլը հարուցել է միջազգային հանրության զայրույթը: Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, հարգանք ցուցաբերել տեղեկատվության և մամուլի ազատության նկատմամբ: «Այդ ազատությունները քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման հիմքն են: Ֆրանսիան մոտիկից հետևում է Ադրբեջանի ԶԼՄ-երի վիճակին», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի՝ այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ կատարած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: Ադրբեջանում խոսքի ազատության հերթական սահմանափակումներին անդրադարձել են նաև ԵՄ-ում: Մասնավորապես ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչինչը նշել է, որ դատարանի որոշումը «չի համապատասխանում ժամանակակից և ժողովրդավարական հասարակություններում ազատ, բազմազան և անկախ ԶԼՄ-ներ ունենալու պահանջներին»:

Նշենք, որ Ադրբեջանում ուղղակի անկախ լրատվական կայքերի արգելափակմամբ չեն պատրաստվում սահմանափակվել: Որոշ պաշտոնյաներ առաջարկում են երկրի տարածքում արգելափակել Facebook-ը և սոցիալական այլ ցանցեր, քանի որ վերջիններս «ադրբեջանական պետականության համար սպառնալիք են պարունակում»: Ադրբեջանական իշխանությունների նման գործողությունները և հայտարարութունները վկայում են, որ երկրում կրկին դժգոհության ալիք է հասունանում, որը պետք է ճնշել… 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: