ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի ընտրությունների արդյունքները․ Brexit, Շոտլանդիա, Իռլանդիա

The Red Pill Report

Երկուշաբթի օրը կմեկնարկեն Մեծ Բրիտանիայի և Բրյուսելի միջև բանակցությունները Brexit-ի վերաբերյալ։ Հունիսի ութին Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդրանական ընտրությունների արդյունքներն, անշուշտ իրենց հետքը կթողնեն այդ բանակցությունների վրա՝ մեծացնելով ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի կնքման հավանականությունը։

Brexit-ի բանակցությունների մեկնարկից առաջ արդեն իսկ մի շարք հարցեր բարձրացվեցին, որոնց շուրջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Բրյուսելը պետք է համաձայնության գան, և դրանցից որոշները բավական բարդ են թվում։ Մասնավորապես՝ Իռլանդիա-Հյուսիսային Իռլանդիա սահմանի կարգավիճակի ամրագրման, միգրացիոն խնդրի կարգավորման և այլ հարցերի շարքում խոսվեց այն մասին, որ Մեծ Բրիտանիան պետք է կատարի մինչև 2020թ․ իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները՝ ԵՄ-ին վճարելով մի քանի միլիարդ եվրո։ Բրիտանիայի վարչապետը կտրականապես հրաժարվեց խոսել այդ գումարը վճարելու մասին՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ «կոշտ Brexit»-ի ճանապարհով և ընդհանրապես «ապահարզանի» համաձայնագիր չկնքել Բրյուսելի հետ։

Այդ ֆոնին Թերեզա Մեյն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց երկրում, ինչպես ինքն էր ասում՝ ամրապնդելու համար պահպանողականների դիրքերը բանակցությունների մեկնարկի նախաշեմին։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։

Պահպանողականները զիջեցին իրենց դիրքերը՝ կորցնելով մեծամասնությունը խորհրդարանում (ստացան 318 մանդատ՝ նախկին 331-ի փոխարեն)։ Այսօր նրանք ստիպված են կոալիցիա կնքել հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ, որն ունի ընդամենը 10 մանդատ, ինչը բավարար է մեծամասնություն ապահովելու համար։

Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը Հյուսիսային Իռլանդիայի առաջատար կուսակցություն է, որը մշտապես եվրահոռետեսական հայացքներ է ունեցել, կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալուն, բայց միաժամանակ կարևորում է Իռլանդիայի հետ սահմանի հարցը և պայքարելու է, որպեսզի այն չդառնա խիստ վերահսկվող ջրբաժան։ Նշենք նաև, որ այս կուսակցությունը կողմ է Հյուսիսային Իռլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի մաս մնալուն՝ Brexit-ից հետո առանց որևէ հատուկ կարգավիճակի ։

Եթե հաշվի առնենք, որ այս խորհրդարանական ընտրություններն առաջին հերթին ընտրություններ էին Brexit-ի մասին, ապա կոշտ Brexit-ի կողմնակից պահպանողականների դիրքերի թուլացումն ու դրան հակառակ՝ փափուկ Brexit-ի կողմնակից Լեյբորիստական կուսակցության մանդատների քանակի աճը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ հասարակությունը քվեարկել է մեղմ ապահարզանի օգտին։

Լեյբորիստները չեն հրաժարվել Brexit-ից, քանի որ այն հանրաքվեով հաստատվել է ժողովրդի կողմից: Սակայն, նրանք կողմ են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների հնարավորինս նույն ձևաչափով պահպանմանը։ Նրանք հերքում են առանց համաձայնագրի ԵՄ-ի կազմից դուրս գալու հնարավորությունը՝ պնդելով, որ պետք է սահմանվի անցումային շրջան, որը հնարավորություն կտա հնարավորինս տնտեսության և քաղաքացիների համար «անցավ» կատարել այդ անցումը։ Նրանք նախընտրական շրջանում խոստանում էին Բրիտանիայի համար պահպանել մուտքը ԵՄ ապրանքի և ծառայությունների շուկա, ինչի համար պետք է հրաժարվել միգրացիայի հարցում կոշտ դիրքորոշումից։

Չնայած նրան, որ լեյբորիստները մեծամասնություն չունեն խորհրդարանում և չեն կարողանա թելադրել երկրի քաղաքական կուրսը, նրանք զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը՝ 258 մանդատ՝ նախկին 232-ի փոխարեն, ինչի հետ գործող իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել։

Խորհրդանշական է նաև այն, որ Շոտլանդիայում իր դիրքերը զիջել է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը դեմ է հանդես գալիս Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն և նույնիսկ բարձրացրել է Շոտլանդիայի անկախացման երկրորդ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ։ Սակայն, եթե 2015թ․ ընտրությունների արդյունքում ՇԱԿ-ը Շոտլանդիայում ստացել էր ձայների գրեթե մեծամասնությունը՝ ստանալով 54 մանդատ, ապա այս անգամ այն ստացել է  35  մանդատ։ Դրա փոխարեն Շոտլանդիայում ձայներ են հավաքել նաև պահպանողական, լիբերալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցությունները։ Ի դեպ, երկրորդ տեղում եղել են պահպանողականները, իսկ երրորդ տեղում՝ Brexit-ը չեղարկելը հնարավոր համարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Սա ցույց է տալիս, որ չնայած շոտլանդացիները մեծամասամբ դեմ են Brexit-ին, սակայն Շոտլանդիայի անկախացման գաղափարը նույնպես մեծ հանրային աջակցություն չի վայելում։

Ուելսում իրավիճակը նախորդ խորհրդարնական ընտրությունների համեմատ էականորեն չի փոխվել։ Աննշան չափով իրենց դիրքերը բարելավել են լեյբորիստական և Փլեյդ Կիմրու տեղական կուսակցությունը։ Լիբերալ դեմոկրատները կորցրել են իրենց ձայները։

Իսկ Անգլիայում տորիների կուսակցության ձայների անկումը քաղաքագետները բացատրում են նրանով, որ երիտասարդները գերադասել են փափուկ Brexit-ը՝ պահպանողականների փոխարեն նախապատվություն տալով Լեյբորիստներին։

Ամփոփելով կարող ենք նշել, որ պահպանողականների դիրքերն ամրապնդվելուն կոչված այս ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը, գիտակցելով այն դժվարությունները, որ իր հետ կարող է բերել Brexit-ը, նախընտրեցին առավել մեղմ ու զիջողական քաղաքականությունը։ Այսօր հասարակության համար առաջնային են ազատ շարժունակության, ԵՄ-ում իրենց ուսման և աշխատանքի բարենպաստ պայմանների պահպանման, ԵՄ-Մեծ Բրիտանիա առևտրա-տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման խնդիրները։ Կարող ենք ենթադրել, որ առանց համաձայնագրի ԵՄ-ից հեռանալու հեռանկարը վախեցրեց բրիտանական հասարակությանը, ինչն արտահայտվեց ընտրությունների արդյունքներում։ Ուստի, երկուշաբթի օրը մեկնարկող բանակցություններում Թերեզա Մեյը որդեգրելու է առավել կառուցողական և մեղմ դիրքորոշում, ինչը մեծացնելու է համաձայնագրի կնքման հնարավորությունը։

Բացի այդ, հյուսիս-իռլանդական կուսակցության հետ կոալիցիան և Շոտլանդիայում ՇԱԿ-ի դիրքերի թուլացումը որոշ չափով նվազեցնում է Մեծ Բրիտանիայի ներսում անջատողական տրամադրությունների աճի հեռանկարը՝ միաժամանակ հուշելով, որ այս շրջաններին վերաբերող հարցերին մեծ ուշադրություն է հատկացվելու ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա համաձայնագրում և փորձ է արվելու գտնել այնպիսի լուծում, որը կարտացոլի նրանց շահերը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: