ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազանչյան. Սուրե՛ն ջան, երբ ծուլանում եմ, հիշում եմ քեզ, հիշում, որ չի կարելի էդպես ապրել (ԲԱՑԱՌԻԿ)

 

Հուլիսի 15-ին սպիտակցիները նշում են իրենց քաղաքի տոնը: Օրվա ընտրությունը կապված է Սպիտակի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Սուրեն Ավետիսյանի ծննդյան օրվա հետ: Այս տարի Սուրենը կդառնար 54 տարեկան: 

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հարցազրույցն իր մտերիմ ընկեր Սուրեն Ավետիսյանի մասին:

 

 

Պարո՛ն Ղազաչյան, բազմաթիվ տարիներ Սուրեն Ավետիսյանի հետ եղել եք մտերիմ ընկերներ: Ինչպիսի՞ մարդ էր Սուրենը:

- Ես բավական երկար եմ ապրել և իմ ապրած ողջ տարիների ընթացքում իմ շփումները, նաև աշխատանքային բերումով, եղել են մեծերից մինչև սովորական մարդիկ: Այսօր եթե հանրագումարի բերեմ, իմ այդ հանդիպումների մեջ չգիտեմ կարո՞ղ եմ մի տասնյակ մարդ առանձնացնել, թե՞ չէ: Այդ տասնյակի մեջ անպայման ուզում եմ հիշել իմ սիրելի, իմ հարգելի, իմ պաշտելի մի մարդու, հիշել Սուրենին, հիշել Սպիտակը, հիշել Սուրենի ամենօրյա տառապանքը, հոգսը, ցավը, իր նվիրվածությունն այդ քաղաքին: Զարմանալի մարդ էր: Գիտե՞ք, ես մի ավելորդ անգամ համոզվում եմ, որ մարդու էությունը, տեսակը, կերպն իր գործունեությունից տարանջատել հնարավոր չէ: Կարգին մարդն անում է, ստեղծում է, ապահովում է կարգին գործեր: Ես անկեղծ եմ ասում, դեռ ոչ մի սրիկայի չեմ տեսել, որ այնպիսի գործեր անի, որ հիշեն, որ հիշվի: Սուրենը բազմակողմանի զարգացած, զարմանալիորեն բնական այնպիսի զգացողություն ուներ: Պատահական չի, որ այդ օրերին ինձ ասում էր, որ իրեն առաջարկում են տեղափոխվել Հանրապետությունում ավելի բարձր պաշտոնի, բայց նա ոչ թե չէր ուզում, այլ չէր կարողանում և չէր կարող թողնել այն սերը, որ իր համար Սպիտակն էր:

 

Ինչպե՞ս սկսեց Սուրենի հետ Ձեր ընկերությունը:

- Հենց առաջին անգամ, երբ մենք եղանք Սպիտակում, ներկայացում խաղացինք, որից հետո ստեղծվեց մի զարմանալի բարեկամություն, ընկերություն: Կարծես ի վերուստ ինչ-որ բան կարգադրված էր, որ մենք պիտի ընկերներ լինեինք: Այդպես լինում է, գիտե՞ք: Հանդիպում են 15-20 հոգանոց մի խմբի հետ, մի հոծ բազմության հատ, և Աստված ասում է, որ այ սրանցից մեկը պետք է լինի քո ընկերը: Իսկական ընկեր էր նա: Գնահատում էր ընկեր կոչված բառը: Դրանից հետո սկսվեց արդեն ավելի ջերմ, ավելի կիպ ընկերություն: 

Հիշում եմ՝ մի օր ներկայացումից հետո սովորական ճաշկերույթ էր, բոլորս նստած էինք: Սուրենը ներս մտավ, բոլոր դերասաններին փոքր հուշանվերներ տվեց և մի հրաշալի պայուսակ էլ նվիրեց ինձ: Դերասանները նայեցին նրան, ասաց. «Հա, Ղազանչյանն իմ ընկերն է, ես նրա համար առանձնահատուկ նվեր եմ պատրաստել»:

Սուրե՛ն ջան, այդ պայուսակը մինչև հիմա ես օգտագործում եմ: Պատկերացրու ամեն առավոտ այդ պայուսակը ձեռքիս կամ ինստիտուտ կամ էլ թատրոն եմ գալիս և ինչ թղթեր, ինչ պիեսներ կան, այդ պայուսակի մեջ են: Պայուսակը մի քիչ մաշվել է արդեն, բայց ես չեմ փոխելու: Այդ պայուսակը մինչև հիմա կա և կմնա ինձ հետ:

 

Ինչպիսի՞ն է Սուրեն Ավետիսյանը Ձեր հուշերում:

- Ես հիմա հիշում եմ քեզ, Սուրե՛ն, հպարտությամբ, բայց գիտե՞ս, նաև հիշում եմ մի զարմանալի ցավով: Ինչո՞ւ պիտի այնպիսի մարդիկ, ինչպիսին դու էիր, հատուկենտ լինեն: Ինչո՞ւ պիտի մարդը չկարողանա սիրել իր հողն ու ջուրը, ինչո՞ւ պիտի մարդը կիսատ-պռատ աշխատի, ինչո՞ւ պիտի մարդը կիսատ-պռատ սիրի, կիսատ-պռատ ատի: Ինչո՞ւ: Դրա պատասխանը, դժբախտաբար, ես տալ չեմ կարող:

Ես երբ հիմա խոսում եմ քո մասին, հավատա, դու իմ հուշերի տիրույթում չես, էնպես չի, որ ես հիմա հուշեր եմ պատմում քո մասին, չէ, չեմ էլ պատմելու: Դու հիմա էլ ինձ հետ ես: Հավատա, երբ ես ծուլանում եմ, երբ մի բան ասում եմ, թե դե լավ, դա էլ թող էդպես լինի, անմիջապես հիշում եմ մի քանի հոգու, որոնց մեջ դու ես: Որ չի կարելի էդպես ապրել, որ «դե լավ, դա էլ թող էդպես լինի, ոչինչ» ասելով չի կարելի ապրել:

Սուրե՛ն ջան, անցել է արդեն քանի տարի, ես շարունակում եմ քեզնով հպարտանալ, շարունակում եմ քեզ սիրել: Շնորհակալ եմ Աստծուն, որ ես քեզ ճանաչել եմ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: