ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որո՞նք են Իրանի նախագահի եղբոր ձերբակալության պատճառները

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունն ազատ է արձակվել 8,3 միլիոն դոլար գրավի դիմաց, հայտնում են իրանական ԶԼՄ-ները: Ըստ որոշ տվյալների՝ ի սկզբանե Ֆերեյդունին ազատ արձակելու համար պահանջել են 13,3 միլիոն դոլար, սակայն դատարանը համաձայնվել է ավելի քիչ գումարի: Նշենք, որ նախօրեին վատ ինքնազգացողության պատճառով Ֆերեյդունին հիվանդանոց էին տեղափոխել դատախազությունում հարցաքննությունից անմիջապես առաջ, հայտնում է ТАСС-ը:  

Իրանի նախագահի եղբայրը ձերբակալվել էր երկրի կառավարության և դատական համակարգի միջև լարվածության ֆոնի վրա: Ռոհանին վերջերս քննադատել էր դատական համարագը՝ նշելով, որ որոշ ձերբակալություններ իրականացվում են անհիմն: Բացի այդ, ձերբակալության մասին լուրի տարածումը համընկել է Իրանին վաղուց մեծ վնաս հասցրած պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակելու մասին ԱՄՆ-ի և այլ խոշոր պետությունների հետ կնքված համաձայնագրի ստորագրման երկրորդ տարելիցի հետ: Համաձայնագիրն առայժմ չի հանգեցրել Իրանում տնտեսական ցանկալի աճի, ինչն էլ հնարավորություն է տալիս կոշտ պահպանողականներին հանդես գալ դրա քննադատությամբ: Նշենք, որ Ֆերեյդունից բացի ևս մի քանի մարդ ձերբակալվել է:

Ֆերեյդունի ձերբակալման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն նշվում է, որ նրան մեղադրում են ֆինանսական հանցանքների մեջ: Ռոհանիի աջակիցների կարծիքով, նրա եղբոր ձերբակալությունը միջոց է՝ խոչընդոտելու իր նախագահության երկրորդ շրջանը, գրում է The Guardian-ը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել նախագահի պաշտոնում Ռոհանիի երդման արարողությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ ավելի սրելով իր և կոշտ քաղաքականության կողմնակիցների հարաբերություններում առանց այդ էլ լարված մթնոլորտը:

Փորձագետները չեն բացառում, որ Իրանի նախագահի եղբոր ձերբակալության պատճառը հենց նախագահի պաշտոնում երկրորդ անգամ Ռոհանիի ընտրվելն էր, ում նախորդներն իրենց կառավարման երկրորդ շրջանում նույնպես բախվել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնիի հետ: Բնավ պատահական չէ, որ Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պարզապես թույլ չտվեցին մասնակցել մայիսին կայացած ընտրություններին, իսկ նրա գլխավոր օգնականը վերջերս կրկին ձերբակալվեց:  

Նշենք, որ Ֆերեյդունը կարևոր դերակատարություն է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում՝ ամուր կապեր հաստատելով ամերիկացի պաշտոնյաների հետ: 2015 թվականի մարտի ակտիվ բանակցությունների ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահի մայրը մահացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտել էր Ֆերեյդունի սենյակ՝ անձամբ հայտնելու իր ցավակցությունները: Այդ լուսանկարներն անմիջապես տարածվեցին՝ որպես եզակի դեպք, երբ ամերիկացի պաշտոնյան ցավակցում է իր իրանցի գործընկերոջը: Անձամբ Ռոհանին մշտապես գովաբանել է բանակցություններում իր եղբոր ներդրումը՝ ընդգծելով, որ Ֆերեյդունն իր «աչքերն ու ականջներն» է:

Նախքան 2013 թվականին Ռոհանիի առաջին հաղթանակը, Ֆերեյդունն ութ տարի շարունակ եղել է Մալազիայում Իրանի դեսպան, իսկ ավելի ուշ՝ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության ավագ դիվանագետ:

Երկու եղբայրների ազգանունների տարբերությունը բացատրվում է նրանով, որ նախագահն անվտանգության դրդապատճառներով փոխել է իր ազգանունը՝ խուսափելու համար ՍԱՎԱԿ գաղտնի ոստիկանության ուշադրությունից, երբ քարոզում էր շահի դեմ նախքան 1979 թվականի Իրանի հեղափոխությունը: Պարսկերենից թարգմանաբար «ռոհանի» նշանակում է հոգևորական:

Կոշտ պահպանողականներն ավելի վաղ ևս Ֆերեյդունին մեղադրում էին  Մահմուդ Ահմադինեժադի կառավարման վերջին տարիներին փողերի լվացման հետ կապ ունեցող ընկերություններից հետ համագործակցելու մեջ: Նրանց խոսքերով, Ֆերեյդունը շարունակել է այդ գործարքները նաև Ռոհանիի խորհրդական լինելու շրջանում: Պահպանողականները Ֆերեյդունին մեղադրում են նաև իր դիրքի 9a8a\ahman  մեջ՝ նշելով, որ նա բարձր վարձատրվող պաշտոններում աշխատանքի է տեղավորել իր մտերիմներին: Ինչևէ, Ֆերեյդունը բոլոր մեղարանքները հերքում է, հայտնում է The New York Times-ը:

Իրանի քաղաքական համակարգում ընդունված է առանձնացնել երկու քաղաքական ճամբար՝ պահպանողականներ և բարեփոխիչներ: Առաջինները կոշտ քաղաքական դիրքորոշում ունեն և ձգտում են պահպանել իսլամական հեղափոխության ձեռքբերումները, մինչդեռ բարեփոխիչները հանդես են գալիս առավել ազատական դիրքորոշումով: Այս ֆոնի վրա փորձագետները համակարծիք են, որ ֆերեյդունի դեմ ներկայացված մեղադրանքները հավաքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Նշենք, որ նման բարձր դիրք չարաշահելու համար Ֆերեյդունին կարող են դատապարտել մահապատժի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: