ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

107-ամյա մուսալեռցու՝ Խոսրով Ֆրանքյանի կյանքի ոդիսականը

Horizon Weekly

 

"Արմեդիա" ՏՎԳ-ն ներկայացնում է Կանադայում գործընկեր «Հորիզոն» շաբաթաթերթի բացառիկ հարցազրույցը 107-ամյա մուսալեռցի Խոսրով Ֆրանքյանի հետ: 

 

Հայոց պատմության ողբերգական էջերին դրոշմված են նաև մեր հերոսամարտերը, որոնց մասին, հարկ է, թերևս, ավելի շատ խոսել, պատմել և նոր սերնդին ոգեշնչել հաղթանակների ոգով: Այդ հաղթական պատմությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի Մուսալեռան՝ Մտքի լեռան (արաբ.) դիմադրությունը, որին անդրադարձել է Ֆրանս Վերֆելն՝ իր «Մուսալեռան 40 օրը» գրքում: Այդ հերոսամարտի, կյանքի ու մահվան դիմադրության մասին բազմաթիվ նյութեր են հրապարակվել, ներկայացումներ բեմադրվել, հուշարձաններ են կառուցվել, երգեր են գրվել…Աշխարհի որ ծայրում էլ ապրի մուսալեռցին, նա հավատարիմ է իր պապերի անկոտրում կամքին ու հավատքին, իր հիշողություններին, իր բարբառին, իր մշակույթին, իր անզուգական երգերին ու պարերին, յուրահատուկ կերակուրներին… Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, արմատներով մուսալեռցի Վահագն Գարագաշյանի նախաձեռնությամբ Ցեղասպանությունը վերապրած 100 տարուց մեծ մուսալեռցիների որոնումները Հայաստանում ապարդյուն չեն անցնում. գտել են նրանց՝ 107 և 105 տարեկան մուսալեռցիներ Խոսրով Ֆրանքյանին ու Հովհաննես Պալապանյանին, և զրուցել նրանց հետ։  Հայոց պատմության այս նշխարները պատմում են իրենց մանկական հիշողությունները, իրենց ծնողների պատմածները Մուսալեռան մասին, իրենց դրախտ–ծննդավայրերի մասին՝ Վագըֆի, Պիթիասի, Քապուսիեի, Մուսալեռան մյուս քաղաքների ու գյուղերի մասին, և նրանցից ամեն մեկն անում է իր ծննդավայրի գովքը: Երբևէ որևէ տեղ կրթություն չստացած այս մարդիկ զարմացնում են իրենց ունեցած հանրագիտարանային գիտելիքներով։

Ցավոք, Խոսրով պապիկը երկու տարի առաջ «Հորիզոն» շաբաթաթերթի անձնակազմիհետ ունեցած հանդիպման ժամանակ շատ ավելի առողջ էր, ավելի հստակ էր խոսում, իսկ այս անգամ նա արդեն կիսաանկողնային վիճակում էր և մանկան՝ այնքան էլ չհասկացող թոթովանքով էր խոսում ու պատասխանում հարցերին, սակայն անթաքույց էր աչքերի փայլը, նրանցում՝ ուրախության հետ ծովացած արցունքների լճակները: Եվ, այնուամենայնիվ, զրույցը ստացվեց, քանի որ հազիվ լսելի նրա շշուկներից ու դեմքին սփռված երանության ժպիտից արդեն հասկացվում էր ծննդավայրը նկարագրող թոթովախոս պատմությունը։ Իհարկե, դրան նպաստում էին նաև Ալմելոյից ժամանած որդու՝ Տեր Խաչատուրի, աղջկա՝ Վարդուհու, թոռան՝ Արմենի, թոռնուհու՝ Գայանեի և նրա ամուսնու՝ Դանիելի լրացնող պատմությունները:

«Հորիզոն» շաբաթաթերթը ներկայացնում է այդ զրույցի անգնահատելի պատառիկները.

 

– Պապիկ, ի՞նչ եք հիշում ձեր ծննդավայր Քապուսիեից:

– Շա՜տ սիրուն էր, օդը՝ մաքուր, ջրերը՝ համեղ, մրգերն՝ անմահական. նոր աշխարհ կոչվող պտուղ կար (ենի տունիա), որի հոտից ու համից չէիր հագենում… Միջերկրական ծովի ափին էր գտնվում իմ ծննդավայրը, երեխաներով մտնում էինք ծովը, լողանում: Շատ այգիներ ու ծառեր կային մեր գյուղում: Մենք շերամապահությամբ էինք զբաղվում: Երազի պես եմ հիշում իմ ծննդավայրը և Մուսալեռան հերոսամարտը. այդ ժամանակ ես 5 տարեկան էի: Շատ բան հայրիկս է պատմել ինձ: Իմ եղբորը՝ Հակոբին, թուրքերը մորթել են: Մուսալեռցիները շատ քաջ են, նրանք բարձրացել են անառիկ լեռան վրա և 40 օր մնացել այնտեղ՝ չհանձնվելով թշնամուն։ Տղամարդիկ հսկում էին, կանայք ուտելիք էին պատրաստում: Մուսալեռցիները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Ժայռերի վրայից քարերը գլորում էին, որպեսզի մոտեցող թուրքերը փախչեն: Այնքան մնացինք մինչև ֆրանսիացիների նավը եկավ ու մեզ փրկեց: 1939-ին մենք գնացել ենք Այնճար, որն այն ժամանակ անապատի նման էր, ապրում էինք վրանների տակ, հետագայում այն ծաղկաստան է դարձել: 1947 թվականին տեղափոխվել ենք Հայաստան: 1949-ին աքսորել են Սիբիր…

 

Թոթովախոս ամեն մի արտահայտությունից, դժվարությամբ կազմվող նախադասությունից հետո Խոսրով պապիկը ձեռքը բարձրացնում և վանկարկում է ափսոսանքի, կարոտի, կորստյան ցավով՝ է՜… Կյանքի ոլորաններով անցած 107-ամյա մուսալեռցու կենսագրության խավար էջերից առանձնանում են սիբիրյան աքսորավայրի հիշողությունները, որոնց մասին ավելի շատ աղջիկը՝ Վարդուհին է պատմում, որդին՝ Տեր Խաչատուրը, օգնում է հայրիկին՝ վերհիշելու կենսագրական որոշ մանրամասներ. հիշեցնում են, որ Դամասկոսում աշխատելու ժամանակ մատուցող է եղել և սուրճ է մատուցել Շառլ դը Գոլին, որ Սիբիրում վարսավիրություն է արել, որ Սիբիրի ճանապարհին գնացքում հաց է տվել զինվորներին… Զրույցի ամենահետաքրքիր մասը, թերևս, Խոսրով հայրիկի՝ Մուսալեռան բարբառով զրույցն էր Վահագն Գարագաշյանի հետ և «Հալա-հալա նինո է» երգի՝ խոսքից ավելի մաքուր հնչող կատարումը՝ բոլորի ձայնակցությամբ: Ահա դարից ավելի կյանք ապրած, իր ժողովրդի ողբերգական ու հերոսական էջերով լեցուն մի հայորդու պատմությունը, ով Արևմտյան Հայաստանի կորստյան ցավի, ողբերգական ու հերոսական էջերի ապրող վկաներից ու մասունքներից է:

 

Կարինե Ավագյան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: