ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագիր. hամագործակցությունը պետք է նպաստի ավելի շատ և ավելի լավ աշխատատեղերի ստեղծմանը (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

Նշենք, որ արդեն իսկ նախաստորագրված համաձայնագրի 386 հոդվածների շարքում անդրադարձ է կատարվում նաև սպառողների պաշտպանությանը, զբաղվածությանը, սոցիալական քաղաքականությանը և հավասար հնարավորություններին, համագործակցությանն առողջապահության ոլորտում, կրթությանը, վերապատրաստմանը և երիտասարդությանն առնչվող հարցերին, համագործակցությանը մշակույթի ոլորտում, տեսալսողական արդյունաբերության ոլորտում և մեդիա դաշտում, ինչպես նաև սպորտի և ֆիզիկական ակտիվության ոլորտում:

Համաձայնագրում մասնավորապես նշվում է, որ կողմերը պետք է համագործակցեն՝ սպառողների պաշտպանության բարձր մակարդակին և սպառողների պաշտպանությանն առնչվող իրենց համակարգերը համապատասխանեցնելու համար։ Այդ նպատակով հնարավոր է սպառողներին առնչվող ԵՄ և ՀՀ օրենսդրությունների մոտարկում՝ միևնույն ժամանակ խուսափելով առևտրում ի հայտ եկած խոչընդոտներից:

Համաձայնագրի հաջորդ՝ 84-րդ հոդվածում ասվում է, որ կողմերը պետք է ամրապնդեն իրենց երկխոսությունը և համագործակցությունը՝ ուղղված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, զբաղվածության քաղաքականությունը, աշխատավայրում առողջությունը և անվտանգությունը, սոցիալական երկխոսությունը, սոցիալական պաշտպանությունը, սոցիալական ներգրավվածությունը, գենդերային հավասարությունը և խտրականության բացառումը խթանելուն՝ դրանով իսկ նպաստելով ավելի շատ և ավելի լավ աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, սոցիալական համերաշխության ընդլայնմանը, կայուն զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը։ Ընդ որում, սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն:

Առողջապահության ոլորտի վերաբերյալ համաձայնագրում նշվում է, որ առողջապահությանն առնչվող համընդհանուր արժեքներին և սկզբունքներին համապատասխան և որպես կայուն զարգացման ու տնտեսական աճի նախապայման՝ կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը հանրային առողջապահության ոլորտում դրա մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այդ համագործակցությունը պետք է անդրադառնա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց նկատմամբ հսկողությանը, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ «բոլոր տեսակի քաղաքականությունների դեպքում՝ առողջապահության սկզբունք» մոտեցման խթանմանը, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությանը, և առողջապահությանն առնչվող այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման խթանմանը, ինչպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան և Միջազգային առողջապահական կանոնակարգերը։

Համաձայնագրում սահմանվում է, որ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու համար կողմերը պետք է փոխգործակցեն կրթության և վերապատրաստման ոլորտում՝ ՀՀ կրթության և վերապատրաստման համակարգերը ԵՄ քաղաքականություններին ու գործելակերպերին մոտարկելու նպատակով։ Կողմերը պետք է համագործակցեն մշտական կրթությունը խթանելու հարցում, ինչպես նաև խրախուսեն կրթության և վերապատրաստման բոլոր մակարդակներում համագործակցությունն ու թափանցիկությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնագիտական և բարձրագույն կրթությունը։ Երիտասարդությանն առնչվող հարցերում կողմերը համաձայնվում են ամրապնդել երիտասարդությանը վերաբերվող քաղաքականության և երիտասարդների ու երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների համար ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցությունն ու փոխանակումները, խթանել հասարակական կյանքում բոլոր երիտասարդների ակտիվ մասնակցությունը և այլն:

Համաձայնագրում առանձին անդրադարձ է կատարվում նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը: Մասնավորապես, կողմերը պարտավորվում են խթանել մշակութային համագործակցությունը՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքների համաձայն։ Կողմերը պետք է ձգտեն քաղաքական կանոնավոր երկխոսության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵՄ և ՀՀ մշակութային արդյունաբերության զարգացման ոլորտներում։ Կողմերի միջև համագործակցությունը պետք է խթանի միջմշակութային երկխոսությունը, այդ թվում՝ ԵՄ և ՀՀ մշակույթի ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության միջոցով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: