ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս է ԵՄ-ն վերահսկելու ՀՀ-ին տրամադրած ֆինանսական ռեսուրսները. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պարունակում է առանձին դրույթ՝ վերաբերող ԵՄ կողմից ՀՀ ֆինանսական աջակցությանը, ինչպես նաև տրամադրվող ֆինանսական աջակցության հարցում խարդախության դեմ պայքարին ու հսկողության վերաբերյալ դրույթներին: Մասնավորապես, ֆինանսական աջակցությանը վերաբերող համաձայնագրի 343 հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտվի Եվրոպական միության համապատասխան ֆինանսավորման մեխանիզմների և գործիքների միջոցով տրամադրվող ֆինանսական աջակցությունից։ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև օգտվել Ներդրումների եվրոպական բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և միջազգային այլ ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերից։ Ֆինանսական աջակցությունը նպաստում է սույն Համաձայնագրի նպատակների ապահովմանը և տրամադրվում է սույն գլխին համապատասխան»։

Ինչ վերաբերում է ոլորտներին, որոնց կտրամադրվի օժանդակությունը, ապա, համաձայնագրով սահմանվում է, որ ֆինանսական աջակցությունը կուղղվի ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տարեկան գործողությունների ծրագրերում համաձայնեցված առաջնահերթ ոլորտներին, որոնց համաձայնեցման գործընթացում «հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կարիքները, ոլորտների հնարավորությունները և սույն Համաձայնագրով նախատեսված ոլորտներում բարեփոխումների առաջընթացը»։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել ԵՄ-ին մակրոֆինանսական աջակցություն ստանալու նապատակով, ինչը կարող է տրամադրվել «կիրառելի պայմանների առկայության դեպքում»:

Ինչ վերաբերում է Խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներին, համաձայնագրով սահմանվում է, որ ֆինանսական խարդախությունը կանխելու նպատակով ԵՄ կարող է իրականացնել «աուդիտներ, տեղում իրականացվող ստուգումներ, տեսչական զննություններ, հսկողություններ և խարդախության դեմ պայքարի միջոցառումներ, այդ թվում՝ Աուդիտորների եվրոպական դատարանի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ) կողմից իրականացվող միջոցառումները»։

Այս համատեքստում համաձայնագրի Հոդված 357, 3-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ժամանակին տեղեկացվեն ստուգումների և տեսչական զննությունների օբյեկտի, նպատակի և իրավական հիմքի մասին, որպեսզի կարողանան անհրաժեշտ աջակցություն տրամադրել։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների պաշտոնատար անձիք իրավասու են մասնակցելու տեղում իրականացվող ստուգումներին և տեսչական զննություններին»։

Խարդախության դեպքերի հայտնաբերման դեպքում համաձայնագրով նախատեսվում է, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից տնտեսական օպերատորների նկատմամբ կարող են սահմանվել վարչական միջոցառումներ և պատժամիջոցներ՝ Խորհրդի No 2988/95 կանոնակարգին (ԵՀ, Եվրատոմ) 1, Եվրոպական պառլամենտի և Խորհրդի թիվ 966/2012 կանոնակարգին (ԵՀ, Եվրատոմ)2 և Հանձնաժողովի թիվ 1268/2012 պատվիրակված կանոնակարգին (ԵՄ)3 համապատասխան։ Ի հավելում ԵՄ կողմից իրականացվող միջոցառումների, համաձայնագրում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կարող են սահմանվել վարչական միջոցառումները և պատժամիջոցները լրացնող լրացուցիչ միջոցառումներ և պատժամիջոցներ՝ կիրառելի ազգային օրենսդրությանը համապատասխան։

Վերջում կարևոր է նաև նշել, որ համաձայնագրով նախատեսվում է նաև ԵՄ կողմից տրամադրված ֆինանսական միջոցների վերադարձ:  Մասնավորապես համաձայնագրի Հոդված 359-ի առաջին կետը սահմանում է. «ԵՄ ֆինանսական միջոցների իրականացումը Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերապահվելու դեպքում Եվրոպական Հանձնաժողովն իրավասու է հետ վերադարձնել անհարկի կերպով վճարված ԵՄ ֆինանսական միջոցները, մասնավորապես՝ ֆինանսական շտկումների միջոցով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձեռնարկեն ցանկացած համապատասխան միջոցառում՝ անհարկի կերպով վճարված ԵՄ ֆինանսական միջոցները հետ վերադարձնելու համար։ Եվրոպական հանձնաժողովը պետք է հաշվի առնի այդ ԵՄ ֆինանսական միջոցների կորուստը կանխելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները»։



1 Խորհրդի 1995 թվականի դեկտեմբերի 18-ի «Եվրոպական համայնքների ֆինանսական շահերի պաշտպանության մասին» թիվ 2988/95 կանոնակարգ (ԵՀ, Եվրատոմ) (ԵՄ ՊՏ L 312, 23.12.1995, էջ 1)։

2 Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի«Միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառվող ֆինանսական կանոնների մասին» թիվ 966/2012 կանոնակարգ (ԵՀ, Եվրատոմ) (ԵՄ ՊՏ L 298, 26.10.2012, էջ 1)։

3 Հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի«Միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառվող ֆինանսական կանոնների մասին» թիվ 966/2012 կանոնակարգի կիրառման մասին» թիվ No 1268/2012 պատվիրակված կանոնակարգ (ԵՄ) (ԵՄ ՊՏ L 362, 31.12.2012, էջ 1)։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: