ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են ՀՀ-ԵՄ համաձայնագրով դիտարկվում էներգետիկ համագործակցությունն ու միջուկային անվտանգությունը. ՏԵՂԵԿԱՆՔ

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ներառում է  համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝  էներգետիկ համագործակցությունն ու, մասնավորապես, միջուկային անվտանգության հետ կապված դրույթներ: Էներգետիկ համագործակցության մասին խոսվում է ՄԱՍ V-ում՝ «Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ» բաժնի Գլուխ 2-ում՝ «Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը» բաժնում (3 էջ՝ 48-50):

Համաձայնագրի 2-րդ Գլխի 42-րդ Հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի շուրջ՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի էներգետիկ հատվածի ոլորտներում կարգավորիչ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով անվտանգ, շրջակա միջավայրը չվնասող և մատչելի էներգիայի հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Նշված հոդվածի երկրորդ կետով մասնավորեցված են էներգետիկ համագործակցության ոլորտները:

Մասնավորապես, Հոդված 42-ի 2-րդ կետի ենթակետերով դիտարկվում է համագործակցություն էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականությունների ոլորտում՝ ուղղված էներգետիկ անվտանգության, էներգիայի մատակարարների և էներգիայի արտադրության բազմազանության խթանմանը:  Համաձայանգրի նշված հոդվածը դիտարկում է նաև համագործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ աղբյուրների ընդլայնումը, մրցունակ էներգետիկ շուկաների զարգացումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության զարգացումը, էներգիայի և տարածաշրջանային այլ շուկաներ ինտեգրման շուրջ համագործակցության խթանումը, ինչպես նաև էներգետիկ անվտնագությանն առնչվող այլ դրույթներ:

Ինչ վերաբերում է միջուկային անվտանգությանն առնչվող դրույթին, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանին,  ապա այս ոլորտում համագործակցությունը կարգավորվում է Հոդված 42-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետով (Համաձայնագրում՝ «Է» ենթակետ, էջ 49): Ենթակետում նշվում է, որ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի. «քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները և կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները և Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաև՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը»։ Սույն ենթակետի համաձայն, այս ոլորտում համագործակցությունը դիտարկում է.

  1. ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը և վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,
  2. Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով:

Հոդված 42-ի 2-րդ գլխի հաջորդող 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերը (Համաձայնագրում՝ «Ը», «Թ», «Ժ» ենթակետեր, էջ՝ 49-50) դիտարկում են այնպիսի հարցերի հետ կապված կարգավորումներ, ինչպիսիք են էներգետիկ պաշարների փոխանցման համար ծախսերի վրա հիմնված ընդհանուր համակարգի, գնային քաղաքականության, էներգետիկ շուկայի կարգավորման առանցքային սկզբունքներն արտացոլող կարգավորիչ հայեցակետերի, մրցունակ, թափանցիկ և ծախսարդյունավետ սակագներով էներգետիկ ցանցերի ու ենթակառուցվածքների ոչ խտրական հասանելիության խթանման և համարժեք ու անկախ վերահսկողության, գիտական և տեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները։

Նույն գլխի Հոդված 43-ի համաձայն՝ այդ գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: