ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանան. քաղաքական ճգնաժամի հնարավոր պատճառները

Wallpapertag.com

Վերջին օրերի ընթացքում Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները շատերի մոտ անհանգստություն են առաջացնում։ Պատճառը քաղաքական լարվածությունն է՝ կապված երկրի վարչապետ Սաադ Հարիրիի հայտարարած հրաժարականի հետ, ինչը, չի բացառում, որ կարող է հանգեցնել Լիբանանում անկայունության նոր փուլի։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Լիբանանի վարչապետը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, քանի որ, իր կարծիքով, «իր կյանքին վտանգ է սպառնում»։ Նրա խոսքով՝ իր դեմ դավեր են նյութում, իսկ Լիբանանում տիրում է այնպիսի մթնոլորտ, ինչպիսին տիրում էր իր հոր՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի մահից առաջ։ Լիբանանի գործող վարչապետն այդ ամենում մեղադրել է Իրանին և նրա կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահ» շարժմանը։ Քաղաքական գործչի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, ևս ղեկավարել է Լիբանանի կառավարությունը և մահացել 2005 թվականին մեքենայի պայթյունից։ Հոր սպանությունից հետո Հարիրին ղեկավարել է նրա կողմից ստեղծված սունիական «Հանուն ապագայի շարժումը»։  

Սաադ Հարիրին եղել է Լիբանանի վարչապետ 2009-2011 թվականներին։ 2011 թվականին Լիբանանի ընդդիմադիր կուսակցությունները դուրս եկան Լիբանանի նախարարների կաբինետից՝ ի նշան բողոքի, որ կառավարությունն ունակ չէ կոշտ որոշումներ կայացնել։ Այդ ամենը հանգեցրեց նախարարների կաբինետի քայքայման։ Արդյունքում, Հարիրին շարունակեց իրականացնել վարչապետի պարտականությունները ևս չորս ամիս՝ մինչև Լիբանանի նոր կառավարության ձևավորումը (2011 թվականի հունիսի 13)։ 2012 թվականին Սիրիան Հարիրիի ձերբակալության հրաման տվեց՝ մեղադրելով նրան սիրիական ընդդիմադիր խմբերին զենքով զինելու և ֆինանսավորելու մեջ։ Նախորդ տարի նոյեմբերին Հարիրին կրկին նշանակվեց Լիբանանի վարչապետի պաշտոնում՝ խոստանալով Լիբանանին նոր դարաշրջան երկու տարի շարունակվող քաղաքական անկայությունից հետո։

Հարիրին մշտապես աչքի է ընկել Իրանի և «Հեզբոլլահի» դեմ ուղղված տրամադրություններով։ Նրա համոզմամբ՝ Իրանը «վախ ու ավերածություն» է տարածում հարևան երկրներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հաշվի առնելով Իրանի հանդեպ նրա վերաբերմունքը՝ թերևս պատահական չեն նրա հաճախակի այցերը Սաուդյան Արաբիա, որը համարավում է տարածաշրջանում Իրանի գլխավոր հակառակորդը, բացի այդ, Հարիրին ծնվել է հենց այդ երկրում։ Ի դեպ, ինչպես արդեն նշվեց, հենց այս երկրից էլ նա հայտարարել է իր հրաժարականի մասին: Լիբանանի նախագահ Միշել Աունին դեռևս չի ընդունել Հարիրիի հրաժարականը՝ հայտարարելով, որ սպասում է վարչապետի վերադարձին՝ պարզելու հրաժարականի պատճառները։ Միչդեռ Լիբանանի վարչապետը բացակայում է երկրից, նախագահն ու Լիբանանի քաղաքական և կրոնական գործիչներն ակտիվ քննարկումներ են անցկացնում՝ կանխելու երկրում ստեղծված ճգնաժամը և միջդավանական հարաբերությունների հնարավոր սրումը։ Նշենք, որ վարչապետի հանկարծակի հրաժարականն անհանգստություն է առաջացրել նաև հանրության շրջանում: Ինչևէ, առայժմ հայտնի չէ՝ արդյոք Հարիրին մտադիր՞ է վերադառնալ Լիբանան, թե՞ ոչ։

Ուշագրավ է, որ, ըստ որոշ աղբյուրների, Հարիրին Սաուդյան Արաբիայում գտնվում է տնային կալանքի տակ, քանի որ նրան կասկածում են կոռուպցիոն սկանդալի հետ կապ ունենալու մեջ: «Ալ-մուստակբալ» շարժման ներկայացուցիչներն արդեն հերքել են այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ Հարիրին արդեն մեկնել է Էր Ռիադից և այժմ աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում: Ինչևէ, կասկածները, որ Հարիրին Սաուդյան Արաբիա է մեկնել ոչ միայն աշխատանքային այցով, և որ նրա շարժման ներկայացուցիչների հայտարարությունները կարող են կեղծ լինել, հաստատում է այն հանգամանքը, որ Լիբանանի վարչապետն Էմիրատներից կրկին վերադարձել է Սաուդյան Արաբիա:  «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նարսուլան իր հերթին հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում: Նրա խոսքով՝ հենց այդ երկիրն է ստիպել Լիբանանի վարչապետին հրաժարական տալ: Հասան Նարսուլանի կարծիքով, Սաուդյան Արաբիան կարող էր դիմել նման քայլի, քանի որ այնտեղ պնդում են, որ իրենց սպառնացող բոլոր ահաբեկչությունների հետևում կանգնած է «Հըզբոլլահ»-ը, և նրանք ճնշում են գործադրում լիբանանյան կառավարության վրա, որպեսզի վերջինս զսպի զինյալներին:  

Չի բացառվում, որ Լիբանանում պարբերաբար նկատվող քաղաքական անկայունությունը նաև երկրում առկա յուրահատուկ էթնո-դավանաբանական քաղաքական համակարգի հետևանք է: Սահմանադրության համաձայն՝ Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է: Օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիրը՝ նախագահին, ով այն իրականացնում է նախարարների կաբինետի միջոցով: Լիբանանի սահմանադրական համակարգի առանձնահատկություն հանդիսանում է դավանանքային սկզբունքը, որի համաձայն՝ պետական բարձր պաշտոններում նշանակումներ կատարելիս անհրաժեշտ է որոշակի հավասարակշռություն պահպանել կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչների միջև: Մասնավորապես, երկրի նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի մարոնիական համայնքի ներկայացուցիչ, վարչապետինը՝ սունի, խորհրդարանի նախագահինը՝ շիա, փոխվարչապետինը և խորհրդարանի փոխնախագահինը՝ ուղղափառ և այլն: Ընդ որում, նման կառուցվածքը պատմական հիմքեր ունի և բնավ պատահական չէ: Լիբանանում ապրում են առնվազն 17 էթնիկ և կրոնական խումբ՝ մուսուլմաններ, քրիստոնյաներ, կա նաև ոչ մեծ թվով հրեական համայնք:        

Լիբանանի իշխող շերտերում կարևոր տեղ են զբաղեցնում նաև հայ համայնքի ներկայացուցիչները: Լիբանանում հայ համայնքի գոյության ողջ ընթացքում հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի կյանքի տարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, կրոնական և այլն: Նրանք մշտապես մեծ ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում: Նշենք, որ այդ պետության գոյության ողջ ընթացքում նախագահի պաշտոնը 3 անգամ զբաղեցրել են հայեր: Առաջինը Քամիլ Նիմր Շամունն էր (1952-1958 թթ.): Նրա նախագահության տարիներին լիբանանյան խորհրդարանում 10 մանդատ հատկացվել է հայերին:  Երկրորդ հայ նախագահը եղել է Էլիաս Յուսուֆ Սարգիսը (1976-1982թթ.): Լիբանանի վերջին հայ նախագահն էր Էմիլ Ջամիլ Լահուդը (1998-2007թթ.): Նախքան նախագահ դառնալը՝ 1997 թվականին, նրա ջանքերով Լիբանանի Ազգային ժողովն ընդունեց բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչվեց հայ ժողովրդի աղետալի կոտորածի Հիշատակի օր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: