ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը վտանգվա՞ծ է

«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում:

Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանին և ԵՄ Խորհրդին առաջարկեց փոփոխություններ մտցնել «Երրորդ էներգետիկ փաթեթում»՝ նրա գործողությունները երրորդ երկրներից ԵՄ եկող գազատար խողովակաշարերի վրա տարածելու համար: Փոփոխությունների բացատրության մեջ նշվում է, որ նոր նորմերը վերաբերում են «Հյուսիսային հոսք 2»-ի՝ «Գազպրոմ»-ի խողովակաշարի նախագծին:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունն աջակցել է ԵՄ օրենսդրական փոփոխություններին, որոնք խոչընդոտում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը։

Երեքշաբթի եվրախորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի նիստի ժամանակ կայացել է «գազային հրահանգի փոփոխման» առաջին քննարկումը: Քրիստոնեա-դեմոկրատները, պահպանողականները, լիբերալներն ու կանաչները խոստացել են սատարել այդ փոփոխությունները:

Նշենք, որ «Հյուսիսային հոսքի» երկրորդ ճյուղի կառուցման դեմ իսկզբանե հանդես են գալիս Արևելյան Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Ուկրաինան, Սլովակիան և Լեհաստանը, որոնք մտավախություն ունեն Ռուսաստանից էլ ավելի մեծ կախվածության և ԵՄ էներգետիկ անվտանգության սպառալիքների վերաբերյալ։ Նախագծին դեմ է հանդես եկել նաև Դանիան, որի խորհրդարանն այս շաբաթ հավանություն է տվել օրենքի, որը երկրի արտգործնախարարությանը հնարավորություն կտա ազգային անվտանգությունից ելնելով քննարկել երկրի ջրային տարածքով խողովակաշարի անցկացման նպատակահարմարությունը:

Բանն այն է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը Բորնոհոլմ կղզու մոտ պետք է անցնի դանիական ջրերով, ինչին պետք է իրենց համաձայնությունը տան Դանիայի իշխանությունները: 

Եվրոպական վերոնշյալ երկրների նման դիրքորոշման պատճառն այն է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը հակասում է Եվրամիության ռազմավարական խնդիրներին, որոնք ուղղված են էներգետիկ կախվածության կրճատմանն ու էնրգակիրների մատակարումների դիվերսիֆիկացմանը: Իսկ ահա «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման դեպքում, Եվրոպա մատակարարվող գազի 80 տոկոսը կանցնի միևնույն ճանապարհով, իսկ ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունն, ըստ ամենայնի, վերահսկողություն կստանա գազի գերմանական շուկայի միանգամից 60 տոկոսի նկատմամբ:

Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, «Հյուսիսային հոսք 2» նախագծի կյանքի կոչումը կնշանակի շրջանցել Ուկրաինան ռուսական ռազը Եվրոպա արտահանելիս, ինչը հսկայական տնտեսական հարված կարող է լինել երկրի համար: ԵՄ անդամների մեծամասնության դիրքորոշմամբ՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը հարկավոր է ոչ միայն մատակարարման ուղիները դիվերսիֆիկացնելու, այլ նաև արևելաեվրոպական երկրներում տնտեսական կայունություն հաստատելու համար:

Մասնագետները նշում են նաև, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը կարող է խնդիրներ առաջ քաշել Եվրոպայի հարավային երկրներում, քանի որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ դիրքորոշման պատճառով խափանվել էր «Հարավային հոսք» գազատարը, որը պետք է անցներ Սև ծովով և դուրս գար դեպի Բուլղարիա:

Ինչևէ, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ պետությունների, Գերմանիան ամեն կերպ փորձում է կյանքի կոչել «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը օրերս Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած 10-րդ գերմանա-ռուսական ապրանքային համաժողովի ժամանակ քննադատել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ Եվրամիության երրորդ էներգափաթեթի գործողությունը հետին թվով նախագծի վրա տարածելու համար:

«Ես դա խիստ սկզբունքային հարց եմ համարում», - նշել է Գերմանիայի արտգործնախարարը: «Գազպրոմին» և նրա գործընկերներին, ինչպես նաև այս հսկա էներգետիկ նախագծի այլ ներդրողներին իրավական երաշխիքներ են հարկավոր, ասել է Գաբրիելը:

«Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատորը, որի միջոցով ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով կուղարկվի ԵՄ, իր հերթին հայտարարել է, որ եվրոպական գազի շուկայում սահմանափակումների դեպքում նոր կանոններ կսկսեն գործել:

«Ինչպիսին էլ լինեն իրավական շրջանակները, դրանք հիմք են հանդիսանում, որով մենք պետք է աշխատենք հետագայում», -նշել է նախագծի ֆինանսական տնօրեն Պոլ Կորկորանը: Եթե եվրոպական գազի շուկայում կաննոները փոխվեն, ընկերությունը նոր կանոններով պետք է աշխատի:

Ուշագրավ է, որ նախագիծն առաջացրել է շատ աշխույժ դեբատներ Ատլանտիկայի մյուս ափին ևս: ԱՄՆ-ն իր հերթին խիստ անհանգստացած է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծով և կարծում է, որ այդ գազատարը բացասաբար կազդի Արևելյան Եվրոպայի վրա: Վաշինգտոնում համոզմունք են հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը չի իրականացվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն ՄքՔարիքը:

«Կան մի շարք գործոններ, որոնց պատճառով այդ նախագիծը չի կարող իրականացվել: Պատճառներից մեկն այն է, որ մենք կտրականապես դեմ ենք դրան: Մենք չենք տեսնում այդ գազատարի կառուցման հնարավորությունը, և ինչո՞ւ պետք է որևէ այլ տարբերակ դիտարկենք»,- նշել է պետքարտուղարի տեղակալը:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 2» գազամուղը նախատեսվում է Բալթիկ ծովի հատակով անցկացնել` արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք» գազամուղին զուգահեռ: Ծրագրի ֆինանսավորմանը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 9,5 միլիարդ եվրո, մասնակցում են նաև արևմտյան ընկերություններ`գերմանական Wintershall և Uniper-ը, հոլանդա-բրիտանական Royal Dutch Shell-ը, ավստրիական OMV-ը, ֆրանսիական Engie-ն:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: