ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որո՞նք են ՀՀ հետագա հնարավոր քայլերը ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումից հետո

«Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագրի ստորագրումը բավական կարևոր է Հայաստանի եվրաինտեգրման, ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշռման տեսանկյունից»,- այս մասին դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունենացած «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վելուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը:

Ըստ նրա՝ Համաձայնագրի ստորագրումից հետո շատերի մոտ առաջանում է տրամաբանական հարց, թե որոնք պետք է լինեն հաջորդ քայլերը: Հայկական կողմի հնարավոր քայլերը դիտարկեց երկու՝ ՀՀ-ԵՄ Համաձայնագրի կյանքի կոչման և առավել լայն՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:

«ՀՀ-ԵՄ Համաձայնագրի կյանքի կոչման տեսանկյունից կարելի է առանձնացնել.

1. Հանրության հետ պատշաճ աշխատանք.  ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագիրը հանրային շրջանակներում հիմնականում առաջացրեց դրական արձագանքներ: Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր առկա է հանրության հետ աշխատանքի անհրաժեշտություն՝ համաձայնագրի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման և դրա նշանակության ճիշտ գնահատման համար: ԱլԳ որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում ԵՄ հետ Համաձայնագրի վերաբերյալ հանրության մոտ չափազանցված ակնկալիքների և սպասելիքների ձևավորումը վտանգավոր է և ի վերջո կարող է հանգեցնել հիասթափության: Անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացին հստակ և ռացիոնալ պատկերացում ունենա ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

2. Համաձայնագրի առանձին դրույթների հնարավորինս շուտ կյանքի կոչում.  Համաձայնագրի 385-րդ հոդվածը կողմերին հնարավորություն է տալիս «ժամանակավորապես կիրարկել Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասամբ՝ իրենց համապատասխան ներքին ընթացակարգերի և օրենսդրության համաձայն՝ ըստ անհրաժեշտության»: Սա բավական լավ հնարավորություն է, որ Համաձայնագրի կյանքի կոչումը սկսվի մինչև դրա վերջնական վավերացման գործընթացի ավարտը: Համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառումը մի կողմից կարող է նպաստել Համաձայնագրի արագ կյանքի կոչմանը, մյուս կողմից՝ բավական դրական ուղերձ կլինի ԵՄ-ին:

3. Համաձայնագրի վավերացման գործընթացի արագացումը. Հաշվի առնելով ԵՄ ընթացակարգերի բարդությունը, ժամանակատարությունը և օրակարգային առաջնահերությունները՝ անհրաժեշտ է, քայլեր ձեռնարկել Համաձայնագրի վավերացման գործընթացի ուղղությամբ: ԵՄ անդամ երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը խթանելու համար կարող է կիրառել Հայաստանի՝ լոբբիստական ողջ գործիքակազմը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության գործիքները, սփյուռքի հայկական կառույցները և այլն:

4. Գործընթացի թափանցիկություն. Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Հայաստանի շահերից է բխում ոչ թե Համաձայնագրի իրականացումը, այլ դրա արդյունավետ իրականացումը: Արդյունավետության ապահովման գլխավոր երաշխիքներից է դրա իրականացման գործընթացի թափանցիկությունը: Համաձայնագիրը նախատեսում է որոշակի մեխանիզմներ գործընթացի վերահսկողության և թափանցիկության ապահովման համար, սակայն, կարծում եմ, բավական դրական կընկալվի, եթե հայկական կողմը ևս սահմանի և կիրառի Համաձայնագրի կյանքի կոչման գործընթացն էլ ավելի թափանցիկ դարձնող հավելյալ մեխանիզմներ»,- նշեց Մինասյանը:

 

Ինչ վերաբերում է առավել  լայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում ՀՀ հետագա քայլերին, ապա փորձագետն առանձնացրեց հետևյալ գործողությունները.

«1. Նախաձեռնողականության ակտիվացում. Չնայած ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագիրն աննախադեպ է իր ոլորտային ընդգրկմամբ և համագործակցության խորացման հնարավորություններով, այնուամենայնիվ ՀՀ-ԵՄ հարաբերություններում չպետք է կառչել միայն Համաձայնագրից՝ սահմանափակելով փոխգործակցության հնարավորությունները: Թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵՄ առանձին երկրների հետ մեր համագործակցության օրակարգը պետք է դիտարկել շատ ավելի լայն, իսկ փոխգործակցության ամարապնդման համար առավել քան երբևէ առկա է նախաձեռնողականության անհրաժեշտություն:

2. Արևելյան գործընկերության հեռանկարներ. Վերջին տարիների զարգացումների արդյունքում նույն Արևելյան գործընկերության ձևաչափում նկատելի են մեզ համար ոչ այդքան դրական միտումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱլԳ երկրների 3+3 խմբավորմանը, այսինքն՝ բաժանումն Ասոցացման համաձայնագիրը «ստորագրածների» և «չասոցացվածների»: Նման բաժանումն իր բնույթով տեխնիկական է և բնավ չի բխում Հայաստանի շահերից: Նախ՝ Հայաստանը մարդու իրավունքների, ազատությունների, բարեփոխումների  ոլորտներում շատ ցուցիչներով բնավ հետ չի մնում Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից, ավելին՝ առանձին ցուցիչներով երբեմն գերազանցում է: Բացի այդ՝ Ադրբեջանի, Բելառուսի հետ Հայաստանի նույնականացումն արդարացված չէ ո՛չ ժողովրդավարության մակարդակի, ո՛չ ԵՄ հետ երկկողմ հարաբերությունների մակարդակի տեսանկյունից:  Հաշվի առնելով այս ամենն՝ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատանք իրականացնել ԱլԳ-ում 3+3 բանաձևի (կամ խմբավորման մոտեցման) հետագա ամրապնդումը կանխելու, կամ վատագույն դեպքում՝ 3+1+2 բանաձևն առաջ տանելու ուղղությամբ՝ ընդգծելով Հայաստանի յուրահատկությունը և տարբերությունը:

3. ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացում.  Հաշվի առնելով ՀՀ-ԵՄ Համաձայնագրի ստորագրման արդյունքում ստեղծված դրական ֆոնը, ինչպես նաև ԱլԳ 5-րդ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարությունում ՀՀ-ԵՄ վիազային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտության դրույթի առկայությունը՝ ցանկալի է ակտիվացնել ջանքերը բանակցությունների մեկնարկի և հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու համար՝ արդյունավետ կերպով իրականացնելով բոլոր ստանձնած պարտավորությունները»,- նշեց նա:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ ՀՀ-ԵՄ Համաձայնագիրը հնարավորություն է, և դրա արդյունավետ իրականացման գործում իրենց դերակատարումը պետք է ունենան ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը, կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը և շատ այլ դերակատարներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: