ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017 թվականը հաջող էր հայկական շախմատի համար

ArmeniaNow.com

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանն ամփոփեց ընթացիկ տարվա արդյունքները.

«2017 թվականը հաջող տարի էր հայկական շախմատի համար: Հայաստանում ինը միջազգային մրցաշար անցկացվեց, այդ թվում պատանեկան, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Դրանց շարքում կարելի է նշել «Երևան օփենը», «Ծաղկաձոր օփենը», Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլը: Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին (2 մրցաշար) ընդհանուր առմամբ մասնակցեց 760 շախմատիստ: Իսկ «Սևանա լիճը» ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի մրցաշար էր:

Այս տարի մեր շախմատիստները պատվով դրսևորեցին իրենց միջազգային ասպարեզում: Նախ և առաջ, հարկ է նշել Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի փալյուն ելույթը: Նա շատերի կարծիքով տարվա լավագույն շախմատիստն է: Լևոնի ձեռքբերումների ցանկն ավելացավ «GRENKE Chess Classic»-ում (Գերմանիա), «Norway Chess»-ում (Նովեգիա), ինչպես նաև Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում ունեցած հաղթանակներով: Նորվեգիայում կայացած մրցաշարը, որին մասնակցում էին միջին վարկանիշային 2797 միավոր ունեցող տասը ուժեղագույն գրոսմայստերներ, կարելի է առանց չափազանցության շախմատի պատմության ուժեղագույն մրցաշարը համարել: Իսկ Վրաստանի մայրաքաղաքում հաղթանակը Լևոն Արոնյանին հնարավորություն տվեց մասնակցելու հաջորդ տարի Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը միակ շախմատիստն է, որն Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող է: Արոնյանի ձեռքբերումներից պետք է նշել նաև Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված արագ և կայծակնային շախմատի մրցաշարում գրանցած հաղթանակը, ինչպես նաև այն, որ ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլում կիսեց 1-2-րդ տեղերը (երկրորդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով):

Ուրախացրին նաև պատանիները: Սոնա Ասատրյանը դարձավ Եվրոպայի մինչև18 տարեկանների չեմպիոն, իսկ Մանուել Պետրոսյանը, կիսելով 1-3-րդ տեղերը, նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը ընդգրկված էր աշխարհի պատանեկան խորհրդանշական հավաքականում, որը հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի պատանիների հավաքականի հետ: Հայաստանցի շախմատիստը, հանդես գալով առաջին խաղատախտակի առջև,առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող առաջատար պատանի շախմատիստներ՝ Ջեֆրի Սյունի և Սամվել Սևյանի նկատմամբ և մեծ ներդնում ունեցավ թիմի հաղթանակի գործում: Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը հաջող հանդես եկան այս տարի Ջերմուկում կայացած պատանեկան Գրան Պրիի փուլում, զբաղեցնելով երկրորդ և երրորդ տեղերը: Արամ Հակոբյանը բրոնզե մեդալակիր դարձավ նաև «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում: Հայաստանի պատանեկան առաջնություններում,ընդհանուր առմամբ, հանդես եկավ 451 շախմատիստ:

Մեծահասակ շախմատիստների հաջողություններից կարելի է նշել վերջերս Լոնդոնում ավարտված Chess Classic FIDE OPEN մրցաշարը, որտեղ Գաբրիել Սարգսյանը, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց իր հայրենակից Հրանտ Մելքումյանին: Չէին զիջում նաև մեր վետերանները: Կարեն Մովսիսյանը նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում արծաթ նվաճեց:

Շախմատային տարին դեռ շարունակվում է: Այս օրերին Հնդկաստանում ընթանում է շախմատի պատանեկան (մինչև 16 տարեկան) Օլմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացնող շախմատիստները պայքարում են մրցանակային տեղերի համար: Դեկտեմբերի 14-ից 17-ը գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կատովիցեում (Լեհաստան)  հանդես կգա արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հենց Զավենն է հանդիսանում կայծակնային շախմատի մրցաշարի առաջին համարը: Մրցաշրջան-2017-ը շախմատիստների համար կավարտվի Սաուդյան Արաբիայում, որտեղ դեկտեմբերի 25-ից 30-ը, Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստների մասնակցությամբ կանցկացվի կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունը՝ $ 2 մլն ռեկորդային մրցանակային ֆոնդով:

Մոռացված չէ նաև մասսայական շախմատը: Հերթական անգամ անցկացվեց շախմատի դպրոցականների Օլիմպիադա, որի առաջին և երկրորդ փուլերին մասնակցեց երկրի հանրակրթական դպրոցների մոտ 2000 աշակերտ: Երրորդ փուլը կկայանա 2018 թվականի մարտին, իսկ եզրափակիչը՝ մայիսին: Լավագույն թիմը կմասնակցի Սոչիում անցկացվելիք «Սպիտակ նավակ» դպրոցականների մրցաշարին: Այս տարի Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան Երևանի թիվ 55 դպրոցը նվաճեց արծաթե մեդալ:

ևս մեկ փաստ այն մասին, որ հանրապետությունում շախմատային լավ սերունդ է մեծանում. այս տարի միանգամից չորս շախմատիստ (Վահե Բաղդասարյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան ևԱրման Միքայելյան) դարձավ գրոսմայստեր, ևս վեցը՝ միջազգային վարպետ: Սա Հայաստանի շախմատի պատմության ամենաբարձր ցուցանիշն է:

Կազմակերպվեցին նաև ՖԻԴԵ-ի մարզչական և միջազգային սեմինարներ: ՖԻԴԵ-ի առաջատար մարզիչներից Աշոտ Վարդապետյանն անձամբ մրցավարական սեմինարներ անցկացրեց: Հայաստանի ներկայացուցիչները նշանակված էին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում աշխատելու համար: Աշոտ Նադանյանն արժանացել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչմանը:

2018 թվականը ևս խոստանում է հագեցած լինել: Հայաստանում կրկին միջազգային մրցաշարեր կանցկացվեն:

Առջևում շախմատի Համաշխարհային օլիմպիադան է և կանանց ու տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունները: Սակայն, գլխավոր միջոցառումը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարն է (մարտի 10-28): Հայաստանի շախմատի ֆեդերացիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող հանդես գա Գերմանիայի մայրաքաղաքում և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագի համար մենամարտի երկար սպասված իրավունք նվաճի», հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: