ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն էր Իրանի արտաքին քաղաքականությունը 2017 թվականին

linkedin.com

2017 թվականը բավականին հագեցած էր Իրանի արտաքին քաղաքական կյանքի համար: 2017 թվականի մայիսին Իրանում կայացան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները որոշիչ էին երկրի արտաքին քաղաքականության համար:

Նշենք, որ այս անգամ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խոմեյնեին այդքան էլ կողմ չէր Ռոհանիին այդ պաշտոնում տեսնելուն, քանի որ վերջինս փորձեր էր անում ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Արդյունքում, հակառակ կանխատեսումների, բավականին թեժ ընտրապայքար ստացվեց Ռոհանիի և Խամեյնեի աջակցությունը վայելող Էբրահիմ Ռայիսիի միջև: Ընտրապայքարի հիմնական թեման Ռոհանիի կողմից կնքված միջուկային գործարքն էր: Չնայած իրանական հասարակությունում առկա դժգոհությանը, որ միջուկային գործարքի կնքումը մեծ հաշվով չբարելավեց երկրի տնտեսական դրությունը, Ռոհանիին հաջողվեց վերընտրվել նախագահի պաշտոնում՝ շնորհիվ երիտասարդության շրջանում ունեցած մեծ աջակցության:

Ռոհանիի վերընտրվելն որոշակի լարվածություն առաջացրեց Իրանի ներքաղաքական կյանքում: Որոշ վերլուծաբաններ նախագահի երդմնակալության արարողությանն ընդառաջ Ռոհանիի եղբոր՝ Հոսեյն Ֆերեյդունի ձերբակալությունը դիտում են որպես Ռոհանիի վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի նա հրաժարվի ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու իր փորձերից: Խոսքը մասնավորպես Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու Ռոհանիի փորձերի մասին է:

Այս կապակցությամբ նշենք, որ չնայած Իրանի հետ միջուկային գործարքի իրականացումից ՄԱԿ-ում որևէ դժգոհություն չունեն, սակայն 2017 թվականին էական առաջընթաց Արևմուտք-Իրան հարաբերություններում չգրանցվեց: ԱՄՆ-ը պարբերաբար հանդես էր գալիս գործարքը չեղարկելու կոչերով և շարունակում է միակողմանիորեն պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Պատժամիջոցները հիմնականում կապված էին Իրանի հրթիռային ծրագրի հետ, որի ուղղությամբ Թեհրանի գրանցած առաջընթացը (սեպտեմբերին Թեհրանը ներկայացրեց նոր բալիստիկ հրթիռ՝ 2 հազար կմ թռիչքի երկարությամբ և ունակ կրելու միանգամից մի քանի մարտագլխիկ) խիստ բացասական արձագանք էր առաջացնում ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը փորձում է հասնել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ մշակելու լիարժեք արգելքի (ներկայում արգելված է միայն միջուկային մարտագլխիկ կրող հրթիռի մշակումը), իսկ Թեհրանում պատրաստվում են ուժեղացնել իրենց բալիստիկ ծրագիրը: Այս ամենը բնականաբար բացասական ֆոն էր ստեղծում եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման համար: Սակայն պետք է նկատել, որ ամերիկյան վարչակազմի այս քաղաքականությունը դժգոհություններ էր առաջացնում նաև եվրոպական գործընկերների մոտ, ովքեր դեռ բավականին զգուշավորությամբ, սակայն սկսել են զարգացնել տնտեսական հարաբերություններ Իրանի հետ:

Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը, ապա նշենք, որ 2017 թվականին Իրանը բավականին ակտիվ էր տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: Այս ուղղությամբ Իրանի առավել ակտիվանալուն նպաստեց հունիսին երկրի խորհրդարանում, ապա Թեհրանում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Սիրիական հակամարտության կարգավորումն այս տարի ևս Թեհրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր, և այս ուղղությամբ պետք է նկատել, որ Իրանը որոշակի առաջընթաց է գրանցել: Մասնավորապես, Սիրիայում հրադադար հաստատելու հարցում Ռուսաստանի և Թուրքիայի հետ համագործակցելով` Իրանին հաջողվեց ամրապնդել և ինչ-որ իմաստով նաև օրինականացնել իր ներկայությունը Սիրիայում (հանդիսանում է Սիրիայում հրադադարի երաշխավոր երկիր):

2017 թվականին Իրանին հաջողվեց ամրապնդել հարաբերությունները նաև հարևան Իրաքի հետ շնորհիվ քրդական հարցում Բաղդադին ցուցաբերած աջակցության: Համագործակցությունը Սիրիայում, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նկատմամբ մոտեցումներն Իրանին և Թուրքիային թույլ տվեցին այս տարի մոռանալ առկա տարաձայնությունների մասին և համագործակցության եզրեր գտնել: Իրանի և Թուրքիայի միջև համագործակցությունը հատկապես հաջողված էր եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափում:

Տարին հաջողված կարելի է համարել նաև Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափում համագործակցության համար: Տարեվերջին Թեհրանում կայացած Ռոհանի-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին էներգետիկ ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև երկրների միջև մաքսային կանաչ միջանցք ստեղծելու մասին, որը կարող է էական ազդեցություն ունենալ երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ տարին բավականին լարված էր Սաուդյան Արաբիա-Իրան, Իսրայել-Իրան հարաբերությունների համար: Իրան-Սաուդյան Արաբիա առճակատումը շարունակվեց ոչ միայն Սիրիայում և Եմենում, այլ նաև դրսևորվեց Լիբանանում՝ այստեղ առաջացնելով քաղաքական ճգնաժամ և Կատարում՝ հանգեցնելով արաբական մի շարք երկրների կողմից Դոհայի մեկուսացման:

Սաուդա-իրանական և իրանա-իսայելական լարվածությունը 2017 թվականին այն աստիճան սուր էր, որ նույնիսկ թշնամական այս երկու երկրները` Սաուդյան Արաբիան և Իսրայելը քայլեր ձեռնարկեցին Իրանի դեմ դաշինք ստեղծելու ուղղությամբ:

Այսպիսով,  ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ 2017 թվականը բավականին բարդ, սակայն միևնույն ժամանակ արդյունավետ տարի էր Իրանի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: