ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան վերահաստատեց. Ցյուրիխյան գործընթացը տապալողը հենց ինքն է եղել

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից շուրջ 8 տարի անց կրկին վերահաստատվեց այն փաստը, որ հենց Թուրքիան է եղել Ցյուրիխյան գործընթացը տապալողը: Դեռ տարիներ առաջ Հայաստանը հայտարարեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, և հենց հայկական կողմը նախաձեռնեց «Ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան գործընթացը: Չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Թուրքիան այս գործընթացում չցուցաբերեց բավարար քաղաքական կամք և Հայաստանի հետ սկսեց խոսել նախապայմանների լեզվով՝ տապալելով ողջ գործընթացը:

Իսկ այժմ էլ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ևս մեկ անգամ բացահայտ կերպով և պաշտոնապես հայտարարում է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, կապված Ղարաբաղյան հիմնահարցի հետ, չեն կատարվել: Ավելին, Չավուշօղլուն իր հայտարարության մեջ նշեց, իբրև թե Անկարան Երևանի հետ «Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը»:

Ակնհայտ է, որ Անկարան հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված սկսել է իրականությունը խեղաթյուրող և փաստերն աղավաղող արշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանն ու գործընթացի տապալման մեղքը բարդելու Հայաստանի վրա: Այնուամենայնիվ, առավել քան պարզ է, որ Հայաստանը հետ չի կանգնելու առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իր դիրքորոշումից, և այս առումով գնդակն այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում: Ու որքան էլ այդ երկրի իշխանությունները փորձեն գործընթացի տապալման մեղավոր հայտարարել Հայաստանին, միջազգային հանրության, հատկապես՝ Ցյուրիխյան գործընթացի հետ որևէ առնչություն ունեցած երկրների համար ակնհայտ է, որ Ցյուրիխյան գործընթացի կասեցման մեղավորը թուրքական կողմն է: Ավելին, այս համատեքստում շատ երկրներ և կառույցներ հանդես են եկել քննադատական հայտարարություններով, որոնք ցավոք, իրավիճակը չեն փոխել: 

Կարևոր է նշել նաև, որ Թուրքիայի նման պահվածքը հայկական կողմի համար, բնականաբար, սպասելի էր: Թեև Ցյուրիխյան գործընթացի նկատմամաբ կար լավատեսություն, Հայաստանն այս գործընթացը սկսել էր պրագմատիկ հաշվարկով՝ չբացառելով ցանկացած զարգացում, այդ թվում՝ գործընթացի տապալումը:  

Հաշվի առնելով Ցյուրիխյան արձանագրությունների հետ կապված Անկարայի ապակառուցողական մոտեցումը` միջազգային հանրությունը պետք է մի քանի եզրակացություն անի, նախ՝  Թուրքիան վստահելի գործընկեր չէ, երկրորդ՝ թուրքական իշխանությունները շարունակում են թշնամական քաղաքականություն վարել հարևան երկրների նկատմամբ, և վերջապես՝ հայ-թուրքական արձանագրություններն այդ երկրի իշխանությունները փորձել են ծառայեցնել իրենց շահերին՝ վարելով իմիտացիոն քաղաքականություն:

Հայաստանում այս գիտակցումը գերիշխող է: Թերևս պատահական չէր, որ ՀՀ նախագահը ՄԱԿ գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչև 2018թ. գարուն որևէ դրական տեղաշարժի բացակայության դեպքում՝ Հայաստանը դրանք հայտարարելու է առոչինչ: Նա նաև Թուրքիայի իշխանությունների համար հստակեցրեց, որ սխալվում են, եթե մտածում են, թե կարող են առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը:

Ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իրավիճակի փոփոխության ականատես կլինենք այն ժամանակ, երբ Թուրքիայում կլինի առավել պատասխանատու և հավասարակշռված իշխանություն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: