ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Հայաստանը լավագույն ցուցանիշներն է գրանցում ԵԱՏՄ-ում. Եվրասիական փորձագիտական ակումբն ամփոփում է տարվա արդյունքները

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստը, որի ընթացքում ամփոփվեցին անցնող տարվա արդյունքները ԵԱՏՄ և Հայաստանի համար:

Նիստը տեղի ունեցավ «3 տարի ԵԱՏՄ-ում. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով՝ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության և «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի աջակցությամբ: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն իր բացման խոսքում նշեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը հիմնադրվել է չորս տարի առաջ և ակտիվորեն հանդես է գալիս եվրասիական ինտեգրացիայի հաջողման, խորացման և զարգացման օգտին: «Մենք կատարում ենք վերլուծություններ, անում ենք կանխատեսումներ, բացահայտում ենք թերություններն ու առաջարկում ենք լուծումներ՝ այդպիսով կառուցողական ազդեցություն ունենալով գործընթացի վրա»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարչուկը, Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:

Իգոր Նազարչուկի խոսքով, վստահությամբ կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն ձևավորված միություն է, բայց այն չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա, և 2018 թվականին արգելքների վերացման և ներքին էներգետիկ շուկայի ձևավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Ամփոփելով 2017 թվականի արդյունքները, դեսպանը նշեց, որ չնայած ճգնաժամին և ԵԱՏՄ անդամ որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցներին, «2017 թվականին կարելի է խոսել մի շարք տնտեսական ցուցիչների աճի մասին: Փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 27 տոկոսով, արտաքին առևտուրը՝ 28 տոկոսով, արդյունաբերական առևտրի աճը կարող է հասնել 2,5 տոկոսի, գյուղատնտեսությունում աճը 3,2 տոկոս է: Ի դեպ, Հայաստանում այս վերջին ուղղությամբ աճը բազմակի ավել է»:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ միջև այս տարի ստորագրված համաձայնագրին, Նազարչուկը լավատեսություն հայտնեց՝  ընդգծելով. «Այս հանգամանքը կարող է լրացուցիչ գործոն հանդիսանալ, որը կմեծացնի երկու հզոր տարածաշրջանային միությունների համագործակցության արդյունավետությունը»:

Թիմուր Ուրազաևն իր հերթին նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին, ԵԱՏՄ բոլոր երկրները վերահաստատում են դրական դինամիկան: «Միության բոլոր անդամների ֆոնին հենց Հայաստանն է արձանագրում լավագույն ցուցանիշները, ընդ որում, ինչպես 2016 թվականի տվյալներով, այնպես էլ 2017 թվականի նախնական արդյունքներով: Ես նկատի ունեմ տնտեսական աճի դինամիկան և արտահանման նկատելի աճը ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երրորդ երկրներ»,- նշեց Ղազախստանի դեսպանը:

Նա անդրադարձավ նաև ԵԱՏՄ հիմնական միտումներին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը, որտեղ Հայաստանը ձգտում է առաջատար դեր ստանձնել: «Լիովին արդարացիորեն պետք է նշել, որ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում լավ զարգացած են էլեկտրոնային և կիբեր համակարգերը, որոնք հիմա կոչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ: Այս իմաստով Հայաստանում կան շատ լավ նախադրյալներ: Առավել ևս, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ տրանսպորտային կապերի առկա սահմանափակ պայմաններում Հայաստանին հատկապես անհրաժեշտ է զարգացնել այս ոլորտները»,- նշեց նա: Ամփոփելով արդյունքները՝ Ուրազաևը ընդգծեց, որ Ղազախստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս երկրները, հակված է ռազմավարական միավորմանը՝ միասնական և մրցունակ մոդելի շրջանակներում:

Ալեքսանդր Վասիլևը փոխանցեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքերը և բարձր գնահատեց Եվրասիական փորձագիտական ակումբի գործունեությունը: Նա նշեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբի շրջանակներում միշտ իրականացվում են քննարկումներ բարձր մակարդակով, գեներացվում են գաղափարներ, որոնք չեն մնում ակումբի շրջանակներում և հասցվում են որոշումներ ընդունող անձանց: Խոսելով ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի տնտեսության աճի մասին՝ Վասիլևը նշեց. «Կցանկանայի նշել Հայաստանի մեծ հաջողությունները, որոնք, այդ թվում՝ Միության մյուս անդամների ֆոնին, շատ նկատելի են: Ամենակարևորը ոչ միայն առևտրի աճն է, այլև այն ոլորտների աճի միտումները, որոնց հետ կապված մենք հույսեր ենք ունեցել, և որոնք օդի պես անհրաժեշտ են Հայաստանի տնտեսությանը: Այս տարվա արդյունքներից մեկն էլ այն է, որը Հայաստանում լավ աճ է գրանցել վերամշակող արդյունաբերությունը»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Հայկ Բաբուխանյանը: Բաբուխանյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը Հայաստանի համար հանդիսանում են ազգային ինքնիշխանությունը պահպանելու ճանապարհ: «Եվրասիականության իմաստը գաղափարախոսությունն է, որը թույլ է տալիս զարգանալ որպես ազգային պետություններ»,- նշեց նա: Միհրան Հակոբյանն իր հերթին անդրադարձավ հակազդեցությանը ԵԱՏՄ-ին և նշեց արդյունավետ մրցակցության և բնակչությանն ապատեղեկացնելու դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Զեկույցներով հանդես եկան Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար անդամները՝ ներկայացնելով եվրասիական ինտեգրացիայի գործընթացի արդի խնդիրները: «Նորավանք» ԳՀՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց եվրասիական ինտեգրացիայում կրիտիկական ենթակառուցվածքների նշանակության մասին (այն ակտիվները, կառույցների և ոլորտների ռեսուրսները, որոնք որոշիչ նշանակություն ունեն ազգային անվտանգության և ընդհանրապես՝ պետության և հասարակության  անվտանգության և արդյունավետ գործության համար): Նա նշեց, որ բոլոր ոլորտներում կրիտիկական ենթակառուցվածքների իրական անվտանգությունը կախված է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման մակարդակից: «ԵԱՏՄ-ում առկա դրության պատճառը հենց գիտական բաղադրիչի ցածր մակարդակն է ընդունվող որոշումներում և աշխատանքի, այսպես կոչված, միջոցառումային ոճը»,- նշեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ  «գիտության և տեխնիկայի ոլորտում անհրաժեշտ են պետության միջամտությունը և պետական կառավարման նոր միջոցները, որոնք լայնորեն օգտագործվում են ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Ելնելով այս իրողություններից, խիստ արդիականանում է ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան  գիտատեխնիկական ռեսուրսների տվյալների բազայի ստեղծումը և դրանց գործունեության համակարգումը պետպատվերների միջոցով»:

Տնտեսագիտական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն իր զեկույցում խոսեց 2017 թվականին Հայաստանի տնտեսության ձեռքբերումների մասին և ԵԱՏՄ արդիական խնդիրների մասին: Թավադյանը նշեց, որ 2017 թվականին Հայաստանում արձանագրվել է արտահանման զգալի աճ՝ մոտավորապես 17 տոկոս, որի արդյունքում արտահանումն առաջին անգամ կգերազանցի 2 միլիարդ դոլարը: «2017 թվականից ՀՀ ՀՆԱ աճը կկազմի մոտ 5 տոկոս, ինչն էականորեն ավել է նախատեսվող 3,2 տոկոսանոց աճից: Դեպի Ռուսաստան արտահանումը զարգանում է առաջանցիկ տեմպերով: Արտահանման աճում առանցքային դեր է խաղում դրա կառուցվածքը: Հիմնական հեռանկարը պատրաստի արտադրանքի արտահանման աճն է»,- նշեց Թավադյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ձգտել հաղթահարել արտահանման երեք միլիարդ դոլարի սահմանը: Որպես ԵԱՏՄ հիմնական խնդիրներ նա առանձնացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների համաձայնեցման և ճշգրտման, Միության նպատակի հստակեցման, տնտեսության զարգացման նոր մոդելի ձևավորման, ԵԱՏՄ պայմանագրող նախատեսված՝ համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում ստեղծման համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կողմից պայմանագրային պարտավորությունների հստակ կատարումն  ու մակրոտնտեսական քաղաքականության համաձայնեցումը:

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, «Նորավանքի» գործադիր տնօրենրի տեղակալ Սամվել Մանուկյանն առանձնացրեց սոցիոլոգիական պրոբլեմատիկան և եվրասիական ինտեգրացիայի խնդիրները: Հղվելով Եվրասիական զարգացման բանկի «Ինտեգրացիոն բարոմետրին»՝ նա նշեց, որ չնայած ընթացիկ՝ 2017 թվականին դրական կարգավորումներն աճել են մինչև 50 տոկոսի, սակայն, համեմատած 2013 թվականին ցուցիչի առավելության մակարդակի հետ, դրանք շարունակում են ցածր մնալ 17 տոկոսով: Նշելով  եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ հասարակական կարգավորումների բարձր կախվածությունը տնտեսական ցուցիչներից՝ Մանուկյանը շեշտեց բարձր տեխնոլոգիական արտադրության ինտեգրացիայի նշանակությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ուղիները ԵԱՏՄ-ում մի շարք խնդիրների հաղթահարման համար: «Անհրաժեշտ է անհապաղ սկսել տեղափոխել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցությունը գյուղատնտեսական ապրանքների, ալկոհոլային և նավթագազային ապրանքների մատակարարումներից դեպի բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեխնոլոգիաների մշակման և գիտական հետազոտությունների ոլորտ»,- նշեց նա:

 «Նորավանք» ԳՀՀ առաջատար վերլուծաբան, էներգետիկայի գծով ՄԱԿ ազգային փորձագետ Արա Մարջանյանն անդրադարձավ եվրասիական ինտեգրացիայի էներգետիկ կողմին: «Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ հենց «Արևմտյան նախագծի» շրջանակներում է իրականացվում Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը, որը վատ է ազդում մեր տնտեսության վրա, արգելակում է մեր զարգացումը»,- նշեց Մարջանյանը՝ ուշադրություն հրավիրելով նաև որոշ վտանգների վրա, որոնք կարող են առաջանալ Հայկական ատոմակայանը փակելու հարցից: «Անհրաժեշտ է վերակենդանացնել և ամրապնդել երկարաժամկետ պլանավորման, մոդելավորման և կանխատեսման ավանդույթները։ Այդ հարցերի շրջանակը պետք է ներգրավվի ԵԱՏՄ ամենօրյա օրակարգում»,- ասել է նա։

Ամենամյա համաժողովի ժամանակ հավաստագրեր են հանձնվել Եվրասիական փորձագիտական ակումբի հինգ նոր անդամների, ինչպես նաև շնորհակալագրեր հայկական տասը ԶԼՄ-ների՝ եվրասիական ինտեգրացիայի ակտիվ լուսաբանման համար: Նշենք, որ «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը ևս պարգևատրվել է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 17.70 կմ/ժ
26 C°
 
18°  30° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: