ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ին փորձելու ենք ավելի շատ շեշտադրում կատարել Արցախի միջազգային ճանչման ուղղությամբ. ԱՀ ՀՅԴ պատգամավոր

Azatutyun.am

«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի  Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:  

- Ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:

- Ոչ միայն Ազգային ժողովի, այլ 2017 թվականի ամենակարևոր քաղաքական իրադարձությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացի ավարտն էր: Արդեն ունենք փոփոխված նոր սահմանադրություն: Ճիշտ է, ՀՅԴ Արցախի կառուցը դեմ քվեարկեց ներկայացված  նախագծին, բայց այդուհանդերձ փաստը փաստ է: Այդ փոփոխություններից հետո արդեն իսկ սկսված գործընթացով, անցումնային փուլի` 2017-20 թթ. ժամանակահատվածում օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցվի նոր սահմանադրությանը:

Նոր սահմանադրության ընդունումով երկրի կառավարման ձևը փոխվեց, կիսանախագահական համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Դեմ լինելով հանդերձ՝ ժամանակին մենք տվել էինք մեր գնահատականները և պատկերացումները նախագահական համակարգի արմատավորման և նոր կառավարման համակարգի անցնելու վերաբերյալ՝ արտահայտելով մեր մտահոգություններն ու ներկայացնելով առկա բացերը: Այդուհանդերձ, պետք է նկատել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացից ելնելով, մի շարք օրենքներ կարևորվելու են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տեղական ինքնակառավարման մասին օրենքին: Սահմանադրությամբ  կան հստակ սահմանված դրույթներ վարչատարածքային բաժանման և ինքնակառավարման նոր օրենքներ ունենալու մասին: Կունենանք նաև անդրադարձ ընտրական օրենսգրքին, մի շարք օրենքների շարքում կարևոր է հատկապես արդեն իսկ վերահսկիչ պալատի փոխարինումը հաշվեքննիչ պալատով:

- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել: 

- Ես չեմ կարող շրջանցել և չանդրադառնալ 2017 թվականի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր անցուդարձին: Նախ պետք է ասել, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլից հետո ստեղծված իրավիճակին, 2017 թվականը քաղաքական և տնտեսական առումով համեմատաբար կայուն էր: 2017 թվականին մենք շարունակեցինք մեր գործունեությունը ոչ միայն օրենսդրական դաշտում, այլ նաև անմիջական կապ ապահովեցինք մեր ընտրողների հետ՝ հաճախ լինելով տարբեր շրջաններում և հանդիպումներ անցկացնելով նրանց հետ:   

2017 թվականը բավականին աշխույժ էր նաև միջխորհրդարանական կապերի խորացման, նոր բարեկամական խմբերի և շրջանակների ձևավորման առումով: Մասնավորապես, պետք է կարևորել 2017 թվականին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջխորհրդարանական հանձնաժողովների միջև կայացած հանդիպումները, նաև մի շարք հանձնաժողովների, առանձնապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով կազմակերպված քննարկումները, որոնց ժամանակ անդրադարձ եղավ Ղարաբաղյան հիմնահարցին, այս ուղղությամբ մեր անելիքներին: 

Իհարկե, բացթողումներ միշտ էլ լինում են: Պետք է նկատի առնել, որ խորհրդարանում մեր խմբակցությունը, թեկուզ և լինելով իր թվակազմով երկրորդը, այդուհանդերձ չունի պատգամավորական այն մեծ կորպուսը, որով կկարողանար ժամանակ առ ժամանակ նաև իրականացնել լայնամաշտաբ քաղաքական գործունեություն: Խոսքը քաղաքական շրջադարձային քայլեր կատարելու մասին չէ. խորհրդարանական  գործունեության դաշտը  լայն  է, իսկ մեր թիվը նվազ, այդ իսկ պատճառով միշտ էլ լինում են բացթողումներ:

- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները: 

- Բնականաբար, մենք, լինելով համահայկական կառույց, փորձելու ենք ավելի շատ շեշտադրում կատարել Ղարաբաղյան հիմնահարցի և Արցախի Հանրապետության միջազգային ճանչման ուղղությամբ: Պետք է նկատի առնել, որ 2018 թ. երեք կարևոր պատմական իրադարձությունների հոբելյանական տարեթիվ է: Նախ փետրվարին Արցախյան շարժաման 30-ամյակն է լրանում, այնուհետև մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակն է, ինչպես նաև 1918 թվականին անկախ Ղարաբաղյան իշխանությունների արմատավորման, Ղարաբաղում պետականության հիմքերի հաստատման 100-ամյակը:  Կարևոր է այդ իրադարձություններն օգտագործել ոչ միայն ներքին միջոցառումների, այլ նաև արտաքին ճակատի վրա որոշակի շեշտադրումներ կատարելու համար: Կարծում եմ, որ այստեղ մենք պետք է հանդես գանք դրոշակակիրի դերում՝ նկատի ունենալով մեր համահայկական սփռվածությունը: 2018թ., բնականաբար, շարունակելու ենք նաև մեր օրենսդրական գործունեությունը՝ որպես խորհրդարանական խմբակցություն՝ ունենալով մեր ակտիվ դերակատարությունն ազգաբնակչության հետ մեր հանդիպումների ընթացքում:

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին: 

- Առիթն օգտագործելով շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Նոր տարին միշտ ստեղծում է դրական տրամադրություններ և գործելու պատրաստակամություն, ինչը, հուսով եմ, որ մեզ կուղեկցի ողջ տարվա ընթացքում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: