ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը բարենպաստ միջավայր է ստեղծում մեր պատվիրակության համար. Նաիրա Կարապետյան (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղար, Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ ԵԽԽՎ նոր նախագահի ընտրության հետ կապված:

- Տիկի՛ն Կարապետյան, այսօր ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Միկելե Նիկոլետտին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կազդի նրա նախագահությունը  ԵԽԽՎ գործունեության վրա:

- Միկելե Նիկոլետտիին անձամբ եմ ճանաչում, ինձ բախտ է վիճակվել նրա հետ աշխատել գրեթե 5 տարի: Նա իր մարդկային որակով և ներքին վեհ արժեքներով հենց այն մարդն է, ով կկարողանա վերադարձնել Վեհաժողովը դեպի իրական գործունեության շրջանակներ և վերականգնել երբեմնի բարի համբավը: Լինելով բավականին համեստ անձ` նա խիստ սկզբունքային է և անհրաժեշտության դեպքում՝ նաև անկոտրում: Կարծում եմ, որ Վեհաժողովը, որը հիրավի պետք է լինի Ժողովրդավարության բնօրրան, հենց նման ղեկավարի կարիք ունի: Եվ չնայած նրան բաժին է հասել ղեկավարելու Վեհաժողովը դժվարին` անցումային և հետցնցումային փուլում, ուզում եմ վստահությունս հայտնել առ այն, որ նրա նախագահության ժամանակաշրջանում միանշանակ հարգվելու են մարդու իրավունքները և ժողովրդավարության սկզբունքները:

- Ըստ Ձեզ՝ արդյո՞ք նրան կհաջողի այսուհետ զերծ պահել կառույցը կոռուպցիոն սկանդալներից:

- Ներկայումս ԵԽԽՎ-ում գործում է Կոռուպցիոն մեղադրանքների հետաքննության արտաքին անկախ մարմին, որի ստեղծման գործում մեծ ավանդ ունի հենց նա` Նիկոլետտին: Աշխատելով նրա հետ ԵԽԽՎ Կանոնադրական հանձնաժողովում՝ մշտապես ականատես եմ եղել նրա խիստ առարկայական և պրակտիկ առաջարկներին` հետաքննող մարմնին բավարար լիազորություններով շնորհելու և հենց այս մարմնում կոռուպցիան բացառելու ուղղությամբ: Հիշենք, որ Միկելեն այն առաջիններից էր, ով ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված պատգամավորների և նրանց պարագլուխ, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ` ստիպելով նրանց հեռանալ պաշտոնից և Վեհաժողովից: Բնականաբար, կոռուպցիան մեկ օրում չի հայտնվել և մեկ օրում էլ չի վերանալու, և դա է պատճառը, որ ես նշեցի այս ժամանակաշրջանի դժվար լինելը: Կարևորը հիմա կոշտ գծով գնալն է: Կարծում եմ, որ դա նրան կհաջողվի:

- Ինչպե՞ս կազդի Միկելե Նիկոլետտի նախագահությունը ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության գործունեության վրա:

 - Ներկայումս շատ բարենպաստ միջավայր է ձևավորվել մեր պատվիրակության համար. եթե նախկինում մենք ստիպված էինք անընդմեջ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից այս կամ այն փաստաթղթի վրա ազդելու փաստերի մասին և մնալ չլսված` «խավիարային դիվանագիտության» լոբբիստների միահամուռ և կուռ աշխատանքի պատճառով, հիմա նրանցից շատերը բացահայտված են, կամ հեռացել են Վեհաժողովից և կամ էլ այլևս չեն հանդգնի մտնել այդօրինակ կեղտոտ խաղերի մեջ:

Իմ կարծիքով՝ Նիկոլետտին անձնապես միշտ էլ ջերմ աշխատանքային հարաբերություններ է ունեցել հայաստանյան պատվիրակության հետ և ունի ճիշտ պատկերացում Հայաստանի և Արցախի մասին: Եվ ես շատ ուրախ եմ, որ հենց նա է իբրև ԵԽԽՎ նախագահ դիմավորելու մեր երկրի նախագահին` հունվարի 24-ին Վեհաժողովի առջև ելույթ ունենալու և պատգամավորների հարցերին պատասխանելու համար:

Մեզ մնում է հաջողություն մաղթել նրան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: